Միջուկային անպատասխանատվության բավիղներում

ՄՆՈՒՄ Է՝ ԱՂՈԹԵԼ ՄՈԼՈՐԱԿԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև տեղի ունեցող միջուկային «լեզվակռիվը» չի կարող անտարբեր թողնել հատկապես տվյալ տարածաշրջանին առնչվող երկրներին: Ու որքան էլ այս օրերին ծայրահեղ կերպով լարված են ԱՄՆ- ՌԴ հարաբերությունները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել և քննարկել Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Խոսքը հատկապես վերաբերել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Փհենյանի միջուկային փորձարկումներին արձագանքելուն: 
 
Հայտնի է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը  դիմակայության մեջ ներգրավված կողմերին կոչ է արել  զսպվածություն դրսևորել ու բանակցային գործընթացը վերականգնել հնարավորինս արագ։ Արտգործնապարարներն անդրադարձել են նաև համաշխարհային ու տարածաշրջանային հրատապ այլ խնդիրների։ 
 
Օգոստոսի 6-8-ը Լավրովն ու Թիլերսոնը հանդիպելու են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Նրանք Մանիլա են մեկնելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովի առիթով:   
 
Ելնելով այն իրավիճակից, որն առաջացել է օգոստոսի 2-ից հետո (երբ ԱՄՆ նախագահ Թրամփն ստորագրեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ իրականացնելու վերաբերյալ Կոնգրեսի օրինագիծը), Մանիլայի հանդիպումը դժվար թե որևէ չափով թուլացնի լարվածությունը: 
 
ԱՄՆ-ի այս  նախաձեռնությունը, հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որակել է «առանձնահատուկ ցինիզմ» բառերով: Ավելի ուշագրավ է թվում Թրամփի ակնարկը. լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե նա նոր պատժամիջոցների համար Կոնգրեսին է մեղավոր համարում՝ կարծես այդպիսով փորձելով ձեռքերը լվանալ այն միջազգային աղետներից, որոնց հանգեցնելու է իր մեկ ստորագրությունը: 
 
Մեկնաբանություններից զերծ չի մնացել նաև կորեական կողմը: Այդ երկրի արտգործնախարարությունը մի ոգեշունչ հայտարարություն է տարածել. 
 
- Հյուսիսային Կորեայի նկատմամբ չորեքշաբթի սահմանված պատժամիջոցները ևս մեկ արդարացում են այն բանի օգտին, ինչ Փհենյանն անում է իր միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ ԱՄՆ պատժամիջոցները միայն կրկնապատկել են առաջնորդի շուրջը համախմբված մեր ժողովրդի ու բանակի անկոտրում ոգին, ինքնորոշման ու ինքնազարգացման նրանց անչափելի ձգտումը: Դրանք ավելացրել են ԿԺԴՀ պաշտպանունակությունը։
 
Արդեն հաղորդվել է, որ կորեական այս երկրորդ պետությունը Ճապոնական ծովում նոր բալիստիկ հրթիռ է արձակել, որը, փորձագետների կարծիքով, կարող է հասնել մինչև Նյու Յորք և հարվածել քաղաքին: Պաշտոնական Փհենյանն էլ բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել Միացյալ Նահանգները: 
 
Այսքանից հետո երկրացիներին  երևի մեկ բան է մնում՝ աղոթել համընդհանուր փրկության համար: Հատկապես՝ երբ անզեն աչքով էլ նկատելի է միջուկային տերությունների անպատասխանատու և անզիջում պահվածքը: