Ահաբեկիչների վերջին պատվարը

Սիրիայի բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում նոր հաջողություն է ունեցել: Սիրիայի կառավարական ուժերը,  դաշնակիցների աջակցությամբ, Հոմս գավառի Աս-Սուխնա քաղաքում շրջափակել են ԻՊ խոշորագույն հենակետը: «Ռիա նովոստի»-ն հաղորդել է, որ մարտեր են ընթանում քաղաքի մատույցներում:

Նշվում է, որ Աս-Սուխնա քաղաքը դեպի Դեյր էլ Զոր տանող ճանապարհին իսլամիստների վերջին նշանակալի հենակետն է: Այն արդեն երեք տարուց ավելի է` ԻՊ վերահսկողության ներքո է, իսկ բնակիչներին մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են: Քաղաքը, որը սիրիացիները սիրով կոչում են «Անապատի մարգարիտ», երևի շուտով կազատագրվի:

Սա, իհարկե, լավագույն տարբերակը կլիներ: Միայն թե «տառապանքի փորձը» հուշում է, որ դեռ կարող են անցանկալի զարգացումներ լինել: Արևմուտքը, մեղմ ասած, չի սիրում Սիրիայի կառավարական ուժերին և նրա դաշնակիցներին: Եվ կարող է նույնիսկ հզորացնել իսլամիստներին` «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Ի դեպ` Իրանի նախագահ Ռոհանին հենց երեկ մեղադրել է ԱՄՆ-ին, որ զինում է ահաբեկիչներին: 

Մի տարբերակ էլ է հնարավոր. Արևմուտքը կարող է հնացած համարել ահաբեկչական խմբավորումների միջոցով հարցեր լուծելը և իր նպատակների համար այլ «գործիքներ» որոնել: Այդ դեպքում ահաբեկիչները Մերձավոր Արևելքում կկորցնեն ոտքի տակի հողը, սակայն դժվար թե իսպառ հրաժարվեն այս ու այնտեղ տարբեր չափերի «հրավառություններ» սարքելու իրենց մոլուցքից: