Միջկորեական «պատի» հեռանկարը

Մեր աշխարհը, ցավոք,  առայժմ մեկ բանով է զբաղված՝ մի տեղ ամբողջը մասնատում է, մեկ ուրիշ վայրում նույն կաթսայի մեջ լցնում լիովին անհամատեղելի ամբողջությունները: Իսկ դրա դառը պտուղները մարդկությունն ամեն օր է ճաշակում:    
 
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում այս օրերին ընթանում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովը: Ու հենց այստեղ էլ Հարավային Կորեայի արտգործնախարարը փորձել է հյուսիսի իր արյունակից պետության ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններ վարել: Հյուսիսային Կորեան, սակայն, կարճատև հանդիպման ժամանակ կտրականապես հրաժարվել է: 
 
Հարավային Կորեայի արտգործնախարար Կան Գյոն Հվայի նախաձեռնության նպատակն է եղել հարթել երկու երկրների հարաբերությունները, սակայն Հյուսիսայինի նրա պաշտոնակից Լի Յոն Հոն կարծիք է հայտնել, թե իր հարավային հարևանն անկեղծ չէ: Աշխարհի տարբեր լրատվամիջոցները մեջ են բերել ԿԺԴՀ-ի արտգործնախարարի խոսքերը.  
 
- Այնպիսի իրադրությունում, երբ Հյուսիսի վրա ճնշում գործադրելու նպատակով Հարավը ԱՄՆ-ի հետ է համագործակցում, նման առաջարկություններն անկեղծ չեն երևում:
 
Երկու Կորեաների միջև բարձրացած «պատը» վաղուց է անանցանելի դարձել, իսկ այս օրերին, երբ Վաշինգտոնն ու Փհենյանն իրար միջուկային անզիջում «ուղերձներ» են հղում, Սեուլի ամերիկամետ պահվածքը, անկասկած, չի կարող ներվել: Սրանից երևի ամենաշատը տուժում են երկու թշնամական պետություններում ապրող կորեացիները, ովքեր զրկված են մնում իրենց հարազատների հետ հաղորդակցվելու, նրանց հետ հանդիպելու հնարավորությունից ու չեն կարողանում այցելել իրենց հարազատ վայրերը:
 
Շատ ժամանակ չի անցել, ինչ մոլորակի վրա այդպիսի մի պատ քանդվեց: Բեռլինի պատի քանդվելը նշանավորվեց ոչ միայն գերմանացիների վաղեմի իղձերի կատարմամաբ, այլև միջազգային հարաբերությունների նոր որակով՝ սառը պատերազմի ավարտով: Դա, ավաղ, կարճ տևեց, սակայն վերամիավորված Գերմանիան դարձավ աշխարհի հզորագույն երկրներից մեկը և հրաժեշտ տվեց իր սոցիալիստական անցյալին: 
 
Գուցե կգա մի օր, երբ կվերանա նաև միջկորեական սահմանը: Դժվար է կանխատեսել, թե այդ ժամանակ ինչեր կլինեն: 
 
Դրա սոցիալիստական հատվածը կարողացել է արդիական ամենահզոր զինանոց ստեղծել և պատրաստ է ամեն գնով գոյության իր իրավունքը պաշտպանել: Իսկ կապիտալիստական հատվածին, ԱՄՆ-ն ու արևմտյան մյուս երկրները չեն թողնի իրենց  թևը թուլացնել: Եթե աշխարհը թույլ տար, որ կորեական կողմերն իրենց ճակատագիրն իրենք որոշեին, երևի վերամիավորումը վաղուց տեղի ունեցած կլիներ, որովհետև ամբողջի բաղադրիչները միշտ իրար են ձգտում: