Սաակաշվիլին՝ մատնի՞չ

ՀԱՆԳՐՎԱՆ ՈՐՈՆԵԼՈՒ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Ասում են՝ երեկ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե 08.08.2008թ. սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմի նախահարձակը Սաակաշվիլին է եղել, այլ ոչ թե Ռուսաստանը:
 
Ամեն օր տարբեր լրատվամիջոցներ հարկ են համարում տեղեկություններ հաղորդել աստանդական դարձած Միխայիլ Սաակաշվիլու գտնվելու վայրի և մտադրությունների մասին: Ռուսական «Վեստին» երեկ Վրաստանի նախկին նախագահին և ուկրաինական ձախողված նահանգապետին հեգնել էր, թե նա սկսել է իր նախկին գործընկերներին մատնել: 
 
- Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին «ոտք է դրել պատերազմի ահարհետ», և ինչպես երևում է՝ սկսել է մատնել կիևյան վերնախավի գաղտնիքները,-գրում է պարբերականը: 
 
Մասնավորապես շեշտադրվել է  Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա Ուկրաինայի արդգործնախարար Պավել Կլիմկինի հասցեին վակաբեկող գրառումներ է կատարել: 
 
Սաակաշվիլին, որ դեռևս իր մոտ մնացած ուկրաինական անձնագրով երեկ Լեհաստանից Լիտվա է մեկնել, ըստ երևույթին զայրացել է Կլիմկինի վրա, քանի որ նա «ամբողջ օրերով զանգահարում է այն բոլոր երկրները», որտեղ Ուկրաինայի նախկին քաղաքացի Սաակաշվիլին եղել է կամ մտադիր է մեկնել:  
 
- Ի դեպ, Պավել Կլիմկինը էթնիկ ուկրաինացի չէ, այլ ռուս է, ծնվել է Ռուսաստանում, որքանով հասկանում եմ՝ այնտեղի քաղաքացիություն ունի, ուկրաիներեն էլ ինձնից վատ է խոսում,- գրել է տիեզերաքաղաքացի դարձած Միխեիլը: Նաև Ուկրաինայի նախագահի ուշադրությունն է հրավիրել արտգործնախարարի վրա՝ որպես քաղաքացիությունից զրկելու նոր թեկնածուի: 
 
Մինչ այդ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զգուշացրել են, որ եթե փորձի իրենց սահմանն անցնել, անձնագիրը ձեռքից կառնեն: Ինչպես հայտնի է՝ Վրաստանի կառավարությունն էլ Լեհաստանի իշխանություններին հարցում էր արել նրա գտնվելու վայրի վերաբերյալ: Իսկ Վրաստանում, որոշ տվյալներով, Սաակաշվիլիին մինչև 11 տարվա ազատազրկում է սպառնում: 
 
Բայց ասում են՝ երեկ նա ինքն է մատնության զոհ դարձել. նրա վաղեմի գործընկեր և «վարդերի հեղափոխության» զինակից Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե 08.08.2008թ. սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմի նախահարձակը Սաակաշվիլին է եղել, այլ ոչ թե Ռուսաստանը: