Ո՞րն էր գաղտնի բանակցությունների գաղտնիքը

Lրատվամիջոցներին միայն հիմա է հայտնի դարձել, որ Իսրայելի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները հուլիսի սկզբին գաղտնի բանակցություններ են վարել Սիրիայի հարավում հրադադար հաստատելու, հակամարտության սառեցման գոտիներ ստեղծելու վերաբերյալ: 
 
Իսկ գուցե նրանք բանակցում էին՝ Սիրիայի մասնատման դեպքում իրենց ազդեցությունների գոտիները որոշակիացնելո՞ւ հարցերի շուրջ:
 
Երեք երկրների գաղտնիքը բացահայտել է «Haaretz»-ը` վկայակոչելով իսրայելացի որոշ պաշտոնյաների և արևմտյան դիվանագետների: Հանդիպումներն անցկացվել են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ինչպես նաև եվրոպական մի մայրաքաղաքում՝ նախքան Սիրիայի շուրջը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության գալը: Այդ բանակցություններում իսրայելական կողմը դեմ է արտահայտվել հակամարտության սառեցման գոտիներ ստեղծելու մասին համաձայնագրին և հայտարարել է, թե Մոսկվան ու Վաշինգտոնը պատշաճ չափով ուշադրություն չեն դարձնում նրան, որ Սիրիայից իրանական ուժերը դուրսբերումը անհրաժեշտություն է:
 
Այնուամենայինիվ, հուլիսի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանաի ներկայացուցիչները Դերաայի, Քունեյթրայի և Սուվեյդայի շրջաններին վերաբերող նման մի հուշագիր են համաձայնեցրել: 
 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, նաև սեփական ընդդիմության դեմ տարիներ շարունակ պատերազմ վարող Սիրիան ցամաքային սահման ունի 5 պետության հետ, ամենաերկարը՝ Թուրքիայի: Հոդանանը և Իսրայելը նույնպես սահմանակից են: Բնական է, որ Սիրիայում ընթացող զինված հակամարտությունը նրանց պետք է անհագստացնի և զգուշացնի:
 
Բայց այստեղ հարց է ծագում՝ վերը նշված երկրների միակ նպատակը այդ գոտիներն ստեղծելը և զինադադար հաստատե՞լն է: Իսկ գուցե նրանք բանակցում էին՝ Սիրիայի մասնատման դեպքում իրենց ազդեցությունների գոտիները որոշակիացնելո՞ւ հարցերի շուրջ: Որովհետև, եթե նման երկրների նպատակն, իսկապես, խաղաղություն հաստատելը լիներ, հիմա վաղուց մոլորակի վրա ոչ մի կրակոց չէր հնչի: