Թուրքիան՝ հնագիտական սև շուկա

Վաղուց է ահազանգ հնչել, որ հնագիտական հազվագյուտ իրերի համար ամենահարմար շուկան Թուրքիան է: «Ուոլ սթրիթ ջրնըլ» պարբերականը նշում է, որ ԻՊ զինյալները Սիրիայի տարածքում ավերած պատմական տաճարներից ու այլ կառույցներից դուրս բերած հնագույն իրերը վաճառում են հենց Թուրքիայում: Նման պնդումներով հանդես են եկել նախկինում ԻՊ հետ սերտ առնչություն ունեցած աղբյուրները, որոնք հավաստիացնում են, որ Թուրքիայում իրենց հետ համագործակցող օղակների միջոցով պատմական նշանակության նմուշները վաճառելով՝ խմբավորումը տարեկան ավելի քան 100 հազ. ԱՄՆ դոլար է ձեռք բերում: Իսկ սա նշանակում է, որ վեց տարում նրանք 600 հազար դոլարով հարստացրել են իրենց բյուջեն: 
 
Տարածաշրջանը, որտեղ գործունեություն է ծավալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, մարդկության հնագույն պատմության եզակի վկայություններ է ամբարում: Դա մի հսկայական շտեմարան է, որի մի մասը պահվում է թանգարաններում, տաճարներում, շատ բաներ էլ դեռևս հողն է մարդու վայրագությունից պաշտպանում: Իսկ որ իսլամիստներն այդ վկայությունների հետ բարբարոսաբար են վարվում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա նաև նրանց համար եկամտի մի անսպառ աղբյուր է, և ասում են՝ նույնիսկ փոխհատուցում է նվազած նավթային եկամուտները: Բացառված չէ, որ թանգարաններ ու տաճարներ ավերելու համար նույնպես նրանց վճարողներ կան...   
 
Սիրիացի մի տղամարդ խոստովանել է, որ տարիներ առաջ, երբ ԻՊ զինյալները գրոհել են իր տան վրա և ցանկացել են սպանել, ինքը նրանց հետ գործարք է կնքել ու օգնել հնագիտական նմուշների վաճառքի հարցում: Աստված գիտի, թե Թուրքիայի «գրպաններն» ինչքան են այդ առքուվաճառքից ուռճանում (աշխարհի շատ գիտնականներ ու թանգարաններ դրանց համար գումար չեն խնայում): Իսկ դրանց մի մասը հետագայում «կվկայեն» թուրքերի «հարուստ պատմության» ու տարածաշրջանում իբր թե մշակույթ ստեղծած ազգ լինելու մասին: 
Սիրիական բանակից ստացվող լուրերը հայտնում են, որ իսլամիստների տիրապետության սահմանները մի քիչ էլ են փոքրացել: 
 
- Բանակային զորամասերը դաշնակից ուժերի աջակցությամբ մեծ հաջողությունների են հասել Սուբեյդայի նահանգի Էզ Զաֆ շրջանում և հսկողություն հաստատել 1300 քառ. կմ տարածքի ու մի շարք բարձունքների նկատմամբ,-հաղորդել է «ՌԻԱ նովոստին և նշել, որ ԻՊ զինյալները մեծ կորուստներ են կրել և կորցրել են հսկողությունը առնվազն հինգ շրջանների, ինչպես նաև Հորդանանի հետ ավելի քան 30 կիլոմետր ձգվող սահմանի բոլոր պահակակետերի նկատմամբ:
 
Թե մինչ այժմ նրանք որքան ավերածություններ են գործել այդ վայրերում՝ երևի ոչ ոք չի կարողանա հաշվել: Հասցված վնասը երբեմն անդառնալի է: Ինչ էլ որ փրկվել է, ցանկալի է, որ ծառայի ճշմարտությունը բացահայտելուն ու պատմության առեղծվածները գիտականորեն ճիշտ մեկնաբանելուն: Իսկ այն հսկայական կորուստը, որ Թուրքիայի շուկայի միջոցով դեռևս շարունակում է պատճառվել՝ փոխհատուցելը համարյա անհնար կլինի: Միջազգային կառույցները հազարումի հանձնաժողով ու մարմին են ստեղծում, ի վերջո ՄԱԿ-ը ՅՈՒՆԵՍԿՕ ունի: Նրանք երբևէ դրա դեմ որևէ գործուն միջոց գործադրե՞լ են: Թե՞ նրանց համար միևնույն է, որ մարդկության պատմությունը կարող է վերաշարադրվել հօգուտ ոմանց քաղաքական շահերի և ի վնաս ամբողջ մարդկության: