«Թուիթերը» չի ուզում ահաբեկչական քարոզների հարթակ լինել

Ակնհայտորեն՝ ամենատարբեր սոցցանցերում այնքան շատ են ուղղակի վտանգավոր, վնասաբեր տեղեկություններն ու քարոզները, որ մի խելացի միտք պետք է անպայման այդ ամենն իր վերահսկողության տակ առնի:  
 
«Թուիթեր» սոցիալական ցանցը հապարակել է 2016թ. իր տարեկան հաշվետվությունը, որտեղ նշել է, որ արգելափակել է 376 հազար 890 օգտատիրոջ միկրոբլոգները, քանի որ դրանք ահաբեկչության քարոզչություն են իրականացրել: Դրանց 74 տոկոսը հայտնաբերվել են հենց «Թուիթերի» սեփական գործիքների շնորհիվ: Նշվել է, որ Թուրքիան սոցցանցում տարբեր կոնտենտների հեռացման 3076 դիմում է  ուղարկել, Ֆրանսիան՝ 1334, Ռուսաստանը ՝ 522: 
 
Սոցցանցերի քարոզչական ուժի վերաբերյալ այս ակնհայտ փաստը ցույց է տալիս, թե անվերահսկելի խոսքը որքան չարիք կարող է բերել: Չէ՞ որ մարդկությունն արդեն համոզվել է, թե ինչպես է հնարավոր դրանց միջոցով գունավոր հեղափոխություններ, արաբական գարուններ կազմակերպել և տարբեր երկրներ ներսից քանդելով՝ արտաքին ուժերի համար թիրախ դարձնել: 
 
«Թուիթերը», այո, մեծ թվով միկրոբլոգներ է արգելափակել, սա մխիթարական է:
 
Չէ՞ որ խոսքի ազատության՝ արդեն կեղծիքի վերաճած դրույթն է ըստ էության շրջանցել: Եթե անգամ Հայոց ցեղասպանությունը ժխտելը եվրոպական դատարանները համարում են պարզապես խոսքի ազատության իրավունքի խախտում (անտեսելով միլիոնավոր անմեղ զոհերի ապրելու իրավունքը), ապա «Թուիթերի» այդ քայլն իրոք ուշագրավ է: Թե չէ շատերը, խոսքի ազատությունն ընկալելով որպես սեփական կարծիքը պարտադրելու գործիք, լայն ասպարեզ են ստացել՝ քարոզելու ամենաանմարդկային գաղափարներն ու տեսակետները:  
 
Մի բան ակնհայտ է՝ ամենատարբեր սոցցանցերում այնքան շատ են ուղղակի վտանգավոր, վնասաբեր տեղեկություններն ու քարոզները, որ մի խելացի միտք պետք է անպայման այդ ամենն իր վերահսկողության տակ առնի: