Մերժել են Թուրքիային զենք վաճառել

Վերջին տարիների Գերմանիան, կարծես, սկսել է Թուրքիայի հետ իր ջերմ հարաբերություններին որոշ զսպվածություն հաղորդել: Հայոց ցեղասպանության փաստն ընդունելը, դրանում իր մեղսակցությունը ճանաչելն ու ներողություն խնդրելը դրա արտահայտություններից մեկն էր անշուշտ: Այժմ էլ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Գերմանիան վերջին չորս ու կես ամսում 11 անգամ մերժել է թուրքական կառավարության դիմումները գերմանական սպառազինում, առաջին հերթին`հրազեն և փամփուշտ գնելու մասին: 
 
Իսկ 2010-16թթ. մերժված նման դիմումների թիվն ընդամենը ութն է եղել: 
 
Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը դա համարել է առաջին քայլը՝ գտնելով, որ հաջորդ քայլը պետք է լինի Թուրքիային զենք վաճառելուց ընդհանրապես հրաժարվելը: Ըստ էության Գերմանիան իրոք մտահոգված է Թուրքիայում կատարվող գործընթացներից և մարդու իրավունքների՝ գնալով վատթարացող իրավիճակից: Իսկ գուցե այդ երկրում կարողացել են ի վերջո նկատել՝ Հայոց ցեղասպանությանը նպաստելուց հետո իրենց հողում միլիոնավոր թուրքեր բնակվեցին և այսօր սկսել են հենց իրենց նեղել, իսկ մեր օրերում Թուրքիային զենք մատակարարելու հետևանքներից մեկն այն է եղել, որ Եվրոպան լցվել է փախստականներով…