Խևին խրատն ի՞նչ կանի

ԶԵՆՔԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔԸ՝ ՈՐՊԵՍ ԵԼՔ

Եթե հավատանք հրաշքների կամ ադրբեջանցիների բանականության գոյությանը, ապա մեկ էլ տեսար՝ տնտեսապես ծանր իրավիճակը հասարակ քաղաքացիների միտքը պայծառացրեց, և նրանք պահանջեցին օտարել իրենց ոչ մի օգուտ չխոստացող զինանոցը: 
 
Չնայած՝ քաղաքացիներին լսո՞ղն ով է. հեյդարօղլին մի աչքը Էրդողանի բերանին է հառել, որ նրա ոչ մի ցուցումը բաց չթողնի, մյուս աչքով էլ իրեն զենք վաճառող պետությունների ղեկավարներին է հետևում՝ տեսնելու, թե որ պահին են թուլանում: Չէ՞ որ զինվածը թույլի հետ այլ լեզվով է խոսում: 
 
Ադրբեջանի արտահանումների 95-%-ը նավթը, գազը, նավթամթերքներն են կազմում, որից պետության բյուջեն իր գոյության 25-26 տարվա ընթացքում հսկայական գումարներ է ստացել: Բայց արի ու տես՝ բնության այս պարգևը սկսել է նրան դավաճանել: 2017թ. այդ երկիրը կորցրել է հում նավթի արտահանման ծավալների 40%-ը: Դա են հաստատել մաքսային պետական կոմիտեի տվյալները: Թվային արտահայտությամբ դա հետևյալ տեսքն ունի. 2017թ. առաջին յոթ ամսում Ադրբեջանից արտահանվել է 11 մլն 413 հազ. 914 տոննա հում նավթ, ինչը 2016թ. առաջին 7 ամսվա համեմատությամբ 39,7 տոկոսով նվազ է: Համեմատելի թիվն է  18 մլն 924 հազ. 086 տոննա: Եթե հաշվի առնենք, որ այդ համեմատության մեջ նավթի գների անկումն էլ 20% է կազմել, ապա կորուստներ չափն ավելի տեսանելի կլինի:
 
Պատճառը նավթի համաշխարհային գների պարբերական անկումն է ու դրա պահանջարկի նվազումը: Դա էլ Ադրբեջանը բերել-հասցրել է տնտեսական անկայունության վիճակի: Մինչդեռ նրա բյուջեի 75%-ը ձևավորվում է էներգակիրների արտահանման եկամուտներից: Այնպես որ՝ մոտակա տարիներին Բաքուն տնտեսական կայունացման հեռանկար չունի:
 
Մենք գիտենք, թե մեզ համար որքան վտանգավոր է անկայուն Ադրբեջանը: Ցանկացած ձախողում արդարացնելու համար այնտեղ կարող են ռազմական նորանոր սադրանքներ իրականացնել՝ չափսոսալով սեփական զինվորի կյանքը: Մանավանդ՝ երբ իրենց թևավորող զինավաճառներ կան: Բայց եթե մի քիչ խելք հավաքեն, տնտեսական անկայունությունը հաղթահարելու շատ իրատեսական ելք կտեսնեն: Երկրի մնացած բյուջեն թանկարժեք զինատեսակների գնումներով մսխելու փոխարեն կարող են վաճառքի հանել իրենց ամբողջ հսկայածավալ զինանոցը: 
 
Գուցե ձեռք բերած գներով չկարողանան իրացնել, բայց քանակի հաշվին շատ խնդիրներ կլուծեն: Դրա շնորհիվ, բացի տնտեսությունը զարգացնելուց, տարածաշրջանը կազատեն դրանց մահաբեր ներկայությունից: Քաղաքացիներն էլ Արցախն իրենց գերիշխանության տակ վերադարձնելու նվաճողական պատրանքներից կմաքրագործվեն…