Անխուսափելի՞ է դառնում ԱՄՆ-ԿԺԴՀ բախումը

ՍՈՑՀԱՐՑՈՒՄԸ, ԹԵՐԵՎՍ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է ՍՏՈՒԳՈՒՄ

Միջազգային լարված իրավիճակում, երբ Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները փոխադարձ միջուկային հարվածով  միմյանց ոչնչացնելու սպառնալիքներ են հնչեցնում, վիճակագրության սիրահարները որոշել են պարզել ամերիկացիների տրամադրվածությունը: 
 
Ու ի՞նչ. պարզվել է, որ նրանց համարյա կեսը (47%) իրենց նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է, որ նրա կառավարությունը ավիահարվածներ կհասցնի ԿԺԴՀ ռազմական և միջուկային հենակետերին, որպեսզի այդպիսով այդ երկրի իշխանությունների վրա ճնշում գործադրի:
 
Հարցումը համատեղ իրականացրել են «Պոլիտիկո» պարբերականն ու «Մորնինգ քոնսալթ» ընկերությունը։ Հյուսիսային Կորեա ցամաքային ուժեր ուղարկելուն ամերիկացիների 1/3-ից էլ պակասն է կողմ: Դե, ինչքան չլինի՝ այնտեղ նրանց կարող են սպանել կամ գերել, իսկ ավիահարվածները նման զոհաբերություն չեն պահանջում… 
 
Բարեբախտություն է ուղղակի, որ ամերիկացիների մեծամասնությունը այնուամենայնիվ խնդրի լուծման ամենանախընտրելի տարբերակ է համարում դիվանագիտական ճնշումը (78%)։ Հարցումը նաև ցույց է տվել, որ ամերիկացիները հիմնականում դրական են գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ 
 
Եվս մի ուշագրավ թվային տվյալ. Փհենյանի կողմից սպառնալիքի դեպքում «կրակով ու բարկությամբ» պատասխանելու նրա խոստումը տեղին է համարել հարցվածների 46 տոկոսը։ Քննադատել է ընդամենը 39%-ը։ ԱՄՆ բնակիչների 49 տոկոսը հավատում է, որ երկրի ղեկավարը կհաղթահարի Կորեական թերակղզու ճգնաժամը։ Կասկածողներն ավելի քիչ են՝ 42%: 
 
Ճիշտ է, նման սոցհարցումները արդի աշխարհի անբաժանելի մասն են կազմում, բայց երբեմն թվում է՝ որոշ կազմակերպությունների համար դրանք ուղղակի զվարճալի ժամանց են: Բայց սա, թերևս, հասարակության տրամադրությունները շոշափելու ամենադյուրին տարբերակն է: Եվ արդյո՞ք այս հարցումն էլ նպատակ չունի Թրամփի վարչախմբի համար բացահայտել ԱՄՆ քացաքացիների հնարավոր արձագանքը, եթե, այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը վերաճի ռազմական բախման:
Իսկ մինչ այդ՝ ԱՄՆ իշխանությունները փորձում են Փհենյանի դեմ հանել աշխարհի մյուս երկրներին: 
 
Այսպես, փոխնախագահ Մայք Փենսը Լատինական Ամերիկայի երկրներում շրջագայելով՝ նրանց կառավարություններին կոչ է անում խզել դիվանագիտական հարաբերությունները ԿԺԴՀ հետ: Չիլիում իր կոչը հնչեցնելով՝ նա ասել է, որ նույն կոչով արդեն դիմել է Պերուի, Մեքսիկայի և Բրազիլիայի իշխանություններին («Ասոշիեյթեդ փրեսն» է հաղորդել):