Հաջորդիվ՝ կիսաստվածություն

Գերմանաթուրքական հարաբերությունների ընթացքը քաղաքականությամբ հետաքրքրվողներին թույլ չի տալիս ձանձրանալ: 20-րդ դարի երկու մեծագույն ոճիրների՝ Հայոց ցեղասպանության և ֆաշիզմի ժամանակավոր հաղթարշավի գործում անդավաճան գործընկերներն այժմ ամեն օր թարմ սնունդ են տալիս իրենց բանավոր հակամարտությանը: 
 
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Գերմանիան կանցլեր է ընտրում: Այդ երկրում քաղաքացիություն ունեցող և ընտրողի բոլոր իրավունքներից օգտվող բազմաթիվ թուրքեր կան, ովքեր ցանկության դեպքում հավանաբար կկարողանան էական ազդեցություն ունենալ ընտրութունների ելքի վրա: Իսկ Անգելա Մերկելի վերընտրվելը Էրդողանին ձեռնտու չէ: 
 
Մերկելի ղեկավարության օրոք Գերմանիան ընդունեց, որ Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է գործել, իր անունից էլ ներողություն հայցեց: Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սկսեցին արագորեն վայրէջք ապրել: Դե ահա Էրդողանն էլ օգտվում է նրանից, որ ազգակիցները Գերմանիայի քաղաքական ճակատագրի վրա ազդելու հնարավորություն ունեն և փորձում է ուղղորդել նրանց: Դեմ չի նրանց միջոցով ազդել նաև բուն գերմանացիների վրա: 
 
Էրդողանի նման պահվածքը, սակայն, Գերմանիայում սվիններով են ընդունել: 
 
- Մենք ոչ մեկին, այդ թվում նաև նախագահ Էրդողանին, թույլ չենք տա միջամտել մեր քաղաքացիների ազատ ընտրությանը, որոնց թվում նաև թուրքական ծագում ունեցողներ կան: Հասարակական կարծիքի ձևավորման գործում ցանկացած միջամտություն մենք արգելում ենք,-օգոստոսի 18-ի երեկոյան ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի խոսքը մեջբերել է DW.com կայքը:  
Թուրքիայի նախագահի միջամտությունը դատապարտել է նաև կանցլերի մյուս թեկնածու Մարտին Շուլցը: Էրդողանին, սակայն, ամենաշատը հունից հանել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի քննադատությունը: Թուրքական «Ջումհուրիեթն» է հրապարակել Էրդողանի արձագանքը. 
 
- Հիմա ինչ-որ արտաքին գործերի նախարարներ կան՝ չափները չեն ճանաչում։ Դու ո՞վ ես, որ Թուրքիայի նախագահի հետ խոսես։ Դու խոսի՛ր Թուրքիայի արտգործնախարարի հետ ։ Չա՛փդ ճանաչիր։ Մեզ փորձում են քաղաքականության դաս տալ։ Դու քանի՞ տարվա քաղաքական անցյալ ունես, քանի՞ տարեկան ես,-գերմանացուն «տեղն է նստեցրել» սուլթանացուն:
 
Սրանից հետո աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները երևի պետք է հերթ կանգնեն, որպեսզի Էրդողանին քննադատելու իրավունք ստանան: Իսկ խեղճ արտգործնախարարները, բերանները ջուր առած պիտի լռեն, որպեսզի մեծն քաղաքագետից քաղաքական վարվելակարգի դասեր առնեն: Այսինքն՝ սովորեն Էրդողանի նման «աստծո ընտրյալ» սրբազան անձին հավուր պատշաճի խոնարհումով վերաբերվել: Հին աշխարհի տիրակլալներն իրենց կիսաստված էին հռչակում և ըստ այդմ պատիվներ պահանջում: Երևում է՝ Էրդողանն էլ է նման հովերով տարվել:
Ցավալին այն է, սակայն, որ թուրք հասարկության շրջանում՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, Էրդողանի խոսքերն ու կերպարը որոշակի ազդեցություն գործում են, այսինքն նա իր մտքերի ու գործերի համար հենարան ունի: