Ազատության պահապա՞ն, թե իրավիճակ սրող

Թե «ազատության պահապան» անվան տակ (freedom guardian բառակապակցության թարգմանությունն է) ինչ նպատակներ է սքողել մոլորակի միջուկային հզորագույն զինանոցն ունեցող երկրներից մեկը՝ ապագան ցույց կտա, սակայն արդեն երեկ մեկնարկած և մինչև օգոստոսի 31-ը նախատեսվող զորավարժություններն է՛լ ավելի են մեծացրել եղած լարվածությունը: Թերևս դա դեռևս շատ չի անհանգստանում մոլորակի մյուս հատվածներում ապրողներին, սակայն Կորեական թերակղզուն հարող տարածաշրջանի բազմաթիվ երկրներում մարդիկ շունչները պահած սպասում են՝ հուսալով, թե գուցե առողջ բանականությունն այս անգամ հաղթի…  
 
Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև ստեղծված պայթյունավտանգ հարաբերությունների համապատկերին Ամերիկան Հարավային Կորեայում համատեղ զորավարժություններ է անցկացնում: «Ulchi Freedom Guardian» անունն ստացած վարժանքներին մասնակցում են Հարավային Կորեայից շուրջ 50 հազ. և ԱՄՆ-ից 17,5 հազ. զինվորականներ: Ընդ որում, ամերիկացիներից 3000-ը Հարավային Կորեա է բերվել դրսից: 
 
Իրադրությանն արձագանքել է սահմանակից Չինաստանը: Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտարարություն է տարածել, որով ԱՄՆ-ին, Հարավային Կորեային և նրանց միջև առկա հակասություններին առնչվող մյուս կողﬔրին կոչ է արել կառուցողական այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակի լիցքաթափմանը, կհանգեցնեն բանակցությունների շուտափույթ վերսկսմանը և Կորեական թերակղզու ﬕջուկային խնդրի իրական կարգավորմանը:
 
- ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները չեն նպաստում ո՛չ Կորեական թերակղզում տիրող ներկայիս լարվածության վերացմանը, ո՛չ էլ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ կողﬔրի գործադրած ջանքերին,-զգուշացրել է չինացի պաշտոնյան: 
 
Զորավարժությունը նախաձեռնող կողմի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ «Ulchi Freedom Guardian»-ը բացառապես պաշտպանողական զորավարժություն է, որտեղ ռազմական գործողությունների համակարգչային մոդելավորում է օգտագործվում՝ նպատակ ունենալով «բարձրացնել մարտունակությունը, ապահովել տարածաշրջանային անվտանգությունը և Կորեական թերակղզու կայունությունը» (ըստ «ՌԻԱ նովոստիի» հաղորդագրության):
 
Բնականաբար՝ ԿԺԴՀ-ն նույնպես կոշտ է արձագանքել տեղի ունեցածին: Դատապարտելով զորավարժությունների անցկացումը՝ այնտեղից նախազգուշացրել են, որ դրանք կարող են աղետալի հետևանքների հանգեցնել: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժելուն նախապատրաստվելն է: