Արհեստական ինտելեկտի մասնագետները տագնապած են

Արհեստական ինտելեկտի ահավոր վտանգների մասին շարունակում են զգուշացնել դրանց զորությունը լիովին ընկալող մասնագետներն ու փորձագետները: Ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ավելի քան 100 փորձագետներ նամակ են հղել ՄԱԿ-ին և կոչ են արել անհապաղ լուծում տալ  մահաբեր զենքի ինքնավար համակարգերի՝ «ռոբոտ-մարդասպանների» խնդրին և միջազգային մակարդակով անհապաղ արգելել դրանք:  
 
Նամակի տակ ստորագրել է նաև Իլոն Մասկը՝ «Տեսլա մոթորս» և «ՍփեյսԻքս» էլեկտրոնային մեքենաների հանրահայտ ընկերությունների ղեկավարը, ով վերջերս էր արհեստական ինտելեկտի վտանգներից զգուշացրել: Գաղափարը հղացել և նախաձեռնել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Թոբի Ուոլշը: Ստորագրողները 26 երկրների հարյուրի հասնող ընկերությունների հիմնադիրներ և գլխավոր տնօրեններ են: 
 
- Լինելով արհեստական ինտելեկտի և ռոբոտատեխնիկայի ոլորտներում տեխնոլոգիաներ ստեղծող այնպիսի ընկերություններ, որոնք կարող են հարմարեցվել զենքի ինքնավար համակարգերի ստեղծման համար, մենք պատասխանատու ենք զգում այս ահազանգը հնչեցնել: Մահաբեր գործողության զենքի ինքնավար համակարգերը սպառնում են դառնալ երրորդ հեղափոխությունը ռազմական գործողություններ վարելու ընթացքում: Հենց որ դրանք ստեղծվեն, հնրավորություն կտան զինված հակամարտություններ վարել շատ ավելի լայն չափերով, քան երբևէ, և շատ ավելի կարճ ժամկետներում, քան մարդիկ կարող են պատկերացնել,-ասված է «Ֆյուչըր օֆ լայֆ ինսթիթյութ» ոչառևտրային կազմակերպության կայքում հրապարակված նամակում:
 
ՄԱԿ-ին կոչ անելով «ճանապարհ գտնել բոլորին այդ սպառնալիքներից պաշտպանելու համար»՝  նամակագիրները շեշտում են, որ դա կարող է ահաբեկության զենք դառնալ, ինչը ծայրահեղականները կօգտագործեն անմեղ մարդկանց նկատմամբ: 
 
- Պանդորայի այդ արկղը բացելուց հետո արդեն դժվար կլինի այն փակել,-ահազանգում են նրանք: 
 
Մասնագետները, գուցե նույնիսկ ուշացումով, բայց ահազանգը հնչեցրել են: Իսկ թե ՄԱԿ-ն ականջալուր կլինի՞ կամ ինքը որքան կուշանա՝ դժվար է կռահել: Մինչդեռ խաղասեղանին մարդկության լինելության հարցն է դրված. ընդ որում սա ավելի սարսափելի է, քան նույնիսկ միջուկային պատերազմը: Նման արհավիրքներից մարդկությանը կարող է փրկել միայն պատասխանատվության զգացումը: Ու հենց սրա պակասից է, որ աշխարհը տառապում է: