Տարածքային վեճ՝ միջուկային տերությունների միջև

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՋԱԽ

Հեռավոր Արևելքում, թվում է, ամենավտանգավոր հակամարտությունը Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրին է առնչվում: Մինչդեռ պարզվում է, որ Չինաստանի և Հնդկաստանի միջև նույնպես հասունանում է մի հակամարտություն, որը կարող է իրար դեմ հանել այս երկու  միջուկային տերություններին: Երեկ երեկոյան սրան անդրադարձել է ռուսական «Վեստի» պարբերկանը: Նշվում է, որ Դոկլամի սարահարթը գորդյան հանգույց է դարձել Հնդկաստանի և Չինաստանի միջև: Ընդ որում, խնդրին արմատական լուծում տալու ցանկացած փորձ կարող է անուղղելի հետևանքների հանգեցնել:
 
Փաստորեն այս սարահարթի համար հակամարտությունը ամբողջ սահմանային գոտում արդեն բազմաթիվ բախումների պատճառ է դարձել: Համացանցում հայտնված մի տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են հնդկական և չինական սահմանապահ զորքերի զինվորները զանգվածային ծեծկռտուքի են մասնակցում Հիմալայում գտնվող Պանգոն-Ցո լճի մերձակայքում: Միջադեպը հայտնի դառնալուց անմիջապես հետո Չինաստանի ԱԳՆ-ն Հնդկաստանի իշխանություններից պահանջել է դատապարտել սահմանապահների գործողությունները: Չինաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Խուա Չունյինը ուղղակի հայտարարել է, թե հնդիկ սահմանապահները չինական կողմին դիտավորյալ ներքաշել են բախման մեջ: Նրա խոսքերով՝ որոշ ծառայողների դեմ կոպիտ ուժ է գործադրվել, որի պատճառով մի քանի չինացի սահմանապահներ վիրավորվել են:  
 
Սահմանային միջադեպերի առիթը եղել է չինացիների կողմիվ ճանապարհի կառուցումը մի տարածքում, որը հիմալայան փոքրիկ թագավորություն Բութանը իրենն է համարում: Չնայած Չինաստանն ու Բութանը տասնամյակներ շարունակ, առանց լուրջ միջադեպերի, բանակցություններ են վարում սահմանների ճշգրտման ուղղությամբ, այս անգամ Բութանը օգնության համար դիմել է իր վաղեմի դաշնակից Հնդկաստանին: Հնդկաստանն էլ զորքեր են ուղարկվել, որպեսզի չինացի բանվորների աշխատանքները դադարեցնեն: Բութանը նաև պնդում է, որ Հնդկաստանը չպետք է որևէ զիջում անի Չինաստանին, որն իր դիրքերը շատ է ամրապնդել և իրեն տարածաշրջանային առաջնորդի պես է պահում:
 
Իսկ ի՞նչն է Հնդկաստանին դրդել՝ միջամտելու այդ ճանապարհի շինարարությանը. մանավանդ՝ տվյալ սարահարթը Հնդկաստանի տարածքի հետ առնչություն չունի: Պարզապես դա ռազմավարական մեծ նշանակություն ունեցող շրջան է, իսկ հնդիկ վերլուծաբանները հեռուն գնացող կանխատեսումներ են անում: Նրանք մտավախություն են հայտնում, թե կառուցվող ճանապարհը կարող է Սիլիգուրի կենսականորեն կարևոր միջանցքի վրա չինացիների հարձակման համար հարմար ելակետ դառնալ, իսկ այդ միջանցքը Հնդկաստանի հյուսիս-արևելքը կապում է երկրի մնացած մասերի հետ: Հնդկաստանի արտգործնախարարությունը դեռևս հուլիսին էր հայտարարել, թե տվյալ տարածքում Չինաստանի գործողությունները խաթարում են անվտանգությունը:
 
Մարդկության պատմությունը պատերազմներով է գրվել, և գրեթե ամեն անգամ դա աշխարհի քաղաքական քարտեզի վերձևման է հանգեցրել: Դրա համար էլ երևի զարմանալի չէ, որ անծայրածիր տարածքների տիրապետող պետությունները մի բուռ հողի համար անգամ իրենց հպատակների կյանքն ու անդորրն են զոհաբերում: Բայց մեր դարաշրջանում, երբ միջուկային հսկաներն են փորձում մի կտոր հողն իրար ձեռքից խլել, կշեռքի նժարին մոլորակի բախտն է դրվում: