Բնությունն անփութություն չի՛ հանդուրժում

«ԿԳԱ ՆԱԵՎ ՈՒՐԻՇ ԺԱՄԱՆԱԿ…»

Բորժոմիի պետական արգելոցում բռնկված հրդեհի լուրն առնելով՝ զվարճասերները սրախոսեցին՝ «Վրացիները չուզեցին մեզանից ետ մնալ»: Ոմանք էլ հավելեցին՝ «Կրակը Հայաստանից Ադրբեջան Վրաստանով է գնում»:
 
Կատակը՝ կատակ, բայց հրդեհի նման աղետի բուն պատճառ հանդիսացող անզգուշության և որևէ տարածքի տիրանալու նկրտումներով այն ամայացնելու առումով՝ մեր երկու ժողովուրդներն, իսկապես, նման են իրար: Դիտավորության վարկածը՝ որպես ամեհի հրդեհի պատճառ, իհարկե, լրատվամիջոցները դեռ չեն քննարկում: 
 
Փոխարենը բնապահպաններն աղետի համար մեղադրում են նաև կառավարությունը՝ հակահրդեհային տեխնիկայի պակասի և կատարվածին ուշ ու ոչ արդյունավետ արձագանքելու համար: Իսկ «Կանաչ այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության կոնսերվացիայի ծրագրի համակարգող Իրակլի Մաչարաշվիլին հայտարարել է, որ թեև արտասահմանյան դոնորների ֆինանսավորմամբ նախապատրաստվել էին անտառային հրդեհների դեմ պայքարի, և այդ աղետին դիմակայելու համար անհրաժեշտ պատրաստվածության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, սակայն արդյունքները չեն երևում:
 
Ի դեպ, Ծագվերիի անտառում առաջին հրդեհը չէ: 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերին այնտեղ բռնկված հրդեհի պատճառ էին դարձել ռազմական գործողությունները:
 
Դեռևս նահանջել չշտապող հրդեհի պատճառը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Դաբա գյուղի մոտ կես հեկտար մակերեսի վրա բոցավառված կրակի առաջին օջախներն արագորեն տարածել է ուժեղ քամին, ինչին նպաստել է բարձր ջերմաստիճանը:
 
Ազգային անտառային գործակալության ղեկավար Թոռնիկե Գվազավայի հավաստմամբ՝ արդեն հրո ճարակ է դարձել ավելի քան 12 հեկտար անտառ:
 
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  չի շտապել հստակ
պատասխանել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում տարերքի դեմ պայքարում կառավարության գործողությունները: Գրեթե խուսափողական է հնչել նրա խոսքը.
 
- Գնահատականը միշտ վերջում է տրվում: Կգա նաև այդ ժամանակը, կգա ժամանակ, երբ եզրակացություններ կարվեն: Կգա նաև ուրիշ ժամանակ… այսօր մենք բոլորս միասին ենք, մենք միավորվել ենք, որպեսզի հաղթահարենք այս դժբախտությունը:
 
Խուսափողական, բայց նաև բազմանշանակ է Գ. Մարգվելաշվիլիի խոսքը՝ «Կգա նաև ուրիշ ժամանակ…»