Քրդերն Էրդողանի համար մղձավանջ են դառնում

ԻՍԿ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ` ԲՈԼՈՐԸ ԹՈՒՐՔ ԵՆ

Եվրոպայի վրա հոխորտացող Էրդողանը խոսել է իր վախերի մասին: Ավելի ճիշտ` ասել է, թե ինչից է վատ զգում: Թուրքական «Գազետեդուվար» կայքն է մեջբերել իր նախագահի խոսքը, որտեղ նա խոստովանում է, թե «քուրդ» բառն արտասանելիս վատ է զգում: Նկատի ունենալով Աբդուլահ Օջալանի հիմնադրած «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (1978թ.)` Էրդողանը շոյել է իրեն «շատ հավատարիմ» քուրդ քաղաքացիներին` ասելով, թե չի ուզում բոլորին «այդ ահաբեկիչների հետ խառնել»:

Ըստ էության` քրդական կուսակցության մի քանի տասնամյակի համառ ջանքերը մոտ են նպատակին` Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Քրդերը, որ ընդամենը 100 տարի առաջ թուրքերի հլու կամակատարներն էին և որպես մադասպանության գործիք` ծառայում էին պատմական Հայաստանի տարածքը նրա բնիկ հայերից թուրքերի համար ազատելու պիղծ նպատակին, այսօր տարածաշրջանի չորս պետություն իրար են խառնել: Սեպտեմբերի 25-ը հեռու չէ, իսկ այդ օրը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հովանավորությամբ նշանակված է քրդական անկախության հանրաքվեն:

Էրդողանը, իհարկե, «քուրդ» ասելիս վատ զգալու պատճառներ ունի: Ուրիշից հող հափշտակելու, նրանց ունեցվածքին ու մշակույթին տիրանալու գործի համար նրանք չէ՞ որ հմուտ ուսուցիչներ են ունեցել` հենց նույն թուրքերը: Էրդողանը քրիստոնյա լիներ, կասեր` խաչն իմն է, զորությունը ես գիտեմ: Ուրիշների հայրենիքին գողեգող տիրացած Թուրքիան ահի մեջ է ընկել. հնարավոր է` գողոնի մի մասը ստիպված լինի մեկ ուրիշ գողի զիջել (քրդերը տարածաշրջանում բնակվել են, բայց պետություն երբեք չեն ունեցել):

Բայց այդ «գողոններն» իրական տերեր ունեն, որոնցից մեկն էլ մենք ենք: Լրատվամիջոցների ժապավեններն աչքի անցկացնելիս արդեն զգացվում է, որ քրդական պետության ստեղծման դեմ ինչ-ինչ քայլեր ձեռնարկվում են: Ըստ էության` հայերիս նունպես դա ձեռնտու չէ, ու դրա պատճառը ոչ թե քոչի հետ մեր լեռնաշխարհը հասած քրդերի, նրանց պապերի երախտամոռ, ոճրագործ գործելակերպն է, այլ մեր` դեռևս կորուսյալ հայրենիքի դեմ գործվող նոր ոտնձգությունը: Մեր պետությունը, սակայն, առայժմ լռում է…

Էրդողանը, ըստ էության, «վատ եմ զգում ասելով»` իր վախն է արտահայտել: Իսկ վախը, ասում են, պարտության նշան է: Ահա և սկսել է քայլեր ձեռնարկել: Երեկ նախագահական պալատում հավաքել է հարյուրավոր համայնքապետերի և քաղաքական կոչեր հղել: «Անահաբեր» կայքի փոխանցմամբ` նա կրկնել է «մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք» կարգախոսը և բոլորին հրահրել ու սիրտ տվել.

- Մենք 80 միլիոնանոց միասնական պետություն ենք: Այս երկիրը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք:

Հետաքրքիր է` միասնական ասելով` ի՞նչ նկատի ունի. մարդկանց անձնագրերում արված կեղծ նշումնե՞րը, ըստ որոնց`  իբր բոլորը թուրք են: