Հրդեհն Ադրբեջան էլ հասավ

Այսօր առավոտյան ադրբեջանական Սիյազին քաղաքից ոչ հեռու՝ Բաքվից մոտ 120 կմ հյուսիս–արևմուտք, զինամթերքի պահեստներից մեկում տեղի ունցեցած հուժկու պայթյունի հետևանքով զորամասի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել զորամասի տարածքում: Փակվել է Բաքուն Ադրբեջանի հյուսիսային շրջանների հետ կապող ավտոմայրուղին: 
 
ԱՊԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ՝  հրդեհի  վայրին մոտ գտնվող բնակելի տներից բնակչությանը տարհանում են: Իսկ սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ պայթյունների ձայնը լսվել է անգամ Բաքվի մերձակայքում, և Մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տեսանելի է եղել սև ծխի հսկա սյուն:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկատվությունը, սակայն հայտնել է, թե իրենք տեղեկություն չունեն զոհերի և վիրավորների մասին:
 
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 10 ջոկատ: Այս մասին հայտնել է Շտապ կայանի և Առողջապահության նախարարության անհետաձգելի բուժօգնության գլխավոր բժիշկ Միրալեմ Ջալալովը:
 
Նրա խոսքով՝ շտապօգնության մեքենաները չեն կարողանում մտնել տարածք, քանի որ զինամթերքի պաթյուններով ուղեկցված հրդեհը դեռ չի մարվել: Նա նաև նշել է, որ հրդեհի հետևանքով կան վիրավորներ: