Ինչի՞ց է զգուշանում Իսրայելը

Ադրբեջանն Իսրայելից նորագույն զենք է գնում և ոչ մեկից չի թաքցնում, որ դրանցով ցանկանում է հայերին ծնկի բերել: Բայց ահա անցած տարվա ապրիլյան քառօրյայից հետո իրավիճակ է փոխվել:

Նախ լուրեր են հրապարակվում, թե այդ օրերին իսրայելցի զինվորականներ են Ադրբեջանում գտնվել, ովքեր հրաժարվել են հայկական դիրքերի վրա իրենց սարքերը գրոհի տանել: Այնուհետև պաշտոնական Իսրայելը հանկարծ հիշում է, որ աշխարհում Հայաստան անունով պետություն կա, որի հետ ինքը կարող է անմիջական շփումներ ունենալ, և երկու երկրների միջև «սառույցը կոտրվում է»:

Բայց ինչպես ասում են` սա ընդամենը նախաբանն է: Իրական դեպքերն ըստ երևույթին նոր են սկսում:

Այսպես, իսրայելական «Աերոնոթիքս» ընկերությունը բորսային ամփոփագիր է հրապարակել, ըստ որի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության վարչությունը ժամանակավորապես արգելափակել է ընկերության կարևոր հաճախորդին 20 մլն դոլարի «Orbitier K1» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու գործարքը։ (Իսրայելական աղբյուրներց օգտվելով` սրան անդրադարձել է ադրբեջանական haqqin.az-ը): Թեև այդ «կարևոր հաճախորդի» անունը չի նշվում, բայց կասկած չկա, որ խոսքը Ադրբեջանի մասին է: Դա է ապացուցում նաև այդ պետության արձագանքը: Սրան ի պատասխան` Ադրբեջանը Իսրայելին վերջնագիր է հղել: Եվ իհարկե, Իսրայելի այդ քայլի մեջ հայկական հետք է տեսել:

Շաբաթներ առաջ իսրայելական «Մաարիվ ա-Շավուն» պարբերականը գրել էր, թե Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունը, ըստ որի «Աերոնոթիքս դեֆենս սիսթեմս» ընկերության օպերատորները, Ադրբեջանին մատարկարարվող անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու նպատակով` հարվածել են հայկական դիրքերին:

Հարց է ծագում` ինչո՞ւ է Իսրայելը հանկարծ սկսել Ադրբեջանի թանին թթու ասել: Հայկական լրատվամիջոցներում սրա վերաբերյալ տարբեր հրապարակումներ են լինում: Որոշ մեկնաբնությունների համաձայն` հայերն Իսրայելի օպերատորների գործողությունների վերաբերյալ անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնք նրան կարող են նեղ դրության մեջ դնել: Նաև մեկնաբանում են (օրինակ` քաղաքագետ Լևոն Շիրինյանը), թե հավանական է, որ դրա պատճառով Իսրայելը միջազգային շատ լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել և փորձում է մեղքը մասնավոր ընկերությունների վրա բարդելով` իրավիճակից չոր դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, պնդում է, որ ապրիլյան պատերազմում Իսրայելը որպես պատերազմող երրորդ կողմ է հանդես եկել, և Հայաստանը բոլոր հիմքերն ունի` նրա հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում դնելու:

Իհարկե, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր դերում լիներ, աշխարհում զենքի արտադրությունն ու վաճառքը այսպես չէր բարգավաճի, իսկ Ադրբեջանի նման կատաղի ռազմամոլներին զենք վաճառողներին ու նրանց համար զինագործարաններ սարքավորողներին վաղուց պատժած կլիներ: Բոլոր դեպքերում` սա է այն կառույցը, որը միջազգային մակարդակով իրավասու է զսպել ռազմամոլությունը: Ադրբեջանն ու Իսրայելը մոլորակի ամենառազմականացված երկրների ցանկում են, ու մենք չենք կարող մեր դեմ նրանց համատեղ գործողություններին մատների արանքով նայել կամ խաբվել նրանց առերես անհամաձայնությունից: