ԻՊ նահանջի ուղին

Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության ահաբեկիչների դեմ վերջին շրջանի հաղթանակները հիմքեր են տվել հուսալու, որ նրանց վերջնականապես ոչնչացնելուն կարճ ժամանակ է մնում: Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, հայտնելով Նայնավա նահանգում և Թալ-Աֆար քաղաքում ԻՊ զինյալների դեմ կառավարական բանակի տարած հաղթանակի մասին` նշել է.

- Թալ Աֆարն ազատագրված է: Մենք ԻՊ գրոհայիններին ասում ենք` որտեղ էլ լինեք, մենք կգանք ձեր հետևից, և դուք այլ ելք չեք ունենա` հանձնվելուց կամ մեռնելուց բացի:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ 50 000 զինվոր ունեցող կառավարական բանակին Թալ Աֆարում 2000 գրոհային է դիմադրում: Նրանցից շատերը նահանջել են դեպի Ալ-Այադիյա քաղաքը: Լրատվամիջոցներում տարածված մի տեսանյութ, ենթադրաբար, հենց այս քաղաքում կատարվող իրադարձությունն է ներկայացնում: Ենթադրվում է, որ ԻՊ զինյալները մի քանի օր տևած թեժ մարտերից հետո հանձնվում են Իրաքի զինված ուժերին: Տեսանյությում երևում է, թե ինչպես են հարյուրավոր ահաբեկիչներ ծնկի գալիս զինվորականների առջև:
Նրանց բաժին ջիհադն այստեղ ավարտվել է, և իրենց ապիկար կյանքը փրկելու համար երևի թե կսողան էլ: 

Ջիհադականների պարտության մասին «Փարիսիեն»-ի էջերում խոսել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը.

- ԻՊ-ն պարտվում է: Որքան էլ Իրաքի որոշ վայրերում մարտերը շարունակվում են, մենք արդեն հետպատերազմական իրավիճակում ենք` վերականգնում, կայունացում, հրադադար: Իսկ Սիրիայում պատերազմը քաղաքացիական է և ջիհադականների դեմ: Ռազմական տրամաբանությունը կհանգեցնի ԻՊ-ն արմատախիլ անելուն:

Սակայն ահաբեկիչների «թունավոր ատամը» դեռևս հանած չէ, և նրանք կարծես թե պատրաստվում են քիմիական զենքով թունավորել խաղաղ բնակիչների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը: Նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է.

- Տագնապալի տեղեկություններ են ստացվում: Ռուսական կողմի ունեցած տվյալներով՝ «Շաբաբ աս-Սուննա» զինված խմբավորման ձեռքին քիմիական զենք կա:

Ըստ Զախարովայի` Դերաա նահանգում գտնվող խմբավորման զենքի պահեստում թունավոր նյութերով լիցքավորված մի քանի հրթիռ կա, և ահաբեկիչները մտադիր են դրանք գործարկել բնակավայրերից մեկում: Այնպես որ, ահաբեկիչների վերջնական պարտության մասին խոսելը դեռևս վաղ է: Ակնհայտ է մի բան` մինչև վերջին ահաբեկիչը «դրախտի անձնագիրը» ձեռքին դժոխք չգնա, նրանց ստեղծած երկրային դժոխքը չի վերանալու: