Պետության նմուշ` ըստ Բարզանիի

ՔՐԴՍՏԱՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Բարզանին ասել է, թե նոր ստեղծվելիք պետությունը ազգային չի լինելու, այլ հավասարապես պատկանելու է քրդերին, արաբներին, թուրքմեններին, հայերին և ասորիներին:

Ըստ այդմ`անկախ Քրդստանում հինգ պետական լեզու կլինի, որոնցից մեկը հայերենն է:

Սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեի առիթով երեկ հայտարարություն է արել Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Մտավորականների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.

-Մենք պատրաստվում ենք Քրդստանի անկախացման հանրաքվեին` որքան էլ դա որոշներին դուր չգա: Պետք է բոլորս պատրաստ լինենք անկախ Քրդստանում ապրելու, արարելու և դժվարությունները հաղթահարելու:

Բարզանին ասել է, թե նոր ստեղծվելիք պետությունը ազգային չի լինելու, այլ հավասարապես պատկանելու է քրդերին, արաբներին, թուրքմեններին, հայերին և ասորիներին: Նրա պատկերացմամբ` յուրաքանչյուր նահանգ ունենալու է իր խորհրդարանը, իսկ մայրաքաղաք Էրբիլը զբաղվելու է արտաքին քաղաքականությամբ և ռազմական գործերով:

-Այս պետությունը պետք է ամբողջ աշխարհի համար օրինակ լինի, բոլորը պետք է տեսնեն, թե ինչ ասել է ոչազգային պետություն:

Ամենակարևորը` Բարզանին նշել է, թե անկախ Քրդստանում հինգ պետական լեզու կլինի, որոնցից մեկը հայերենն է:

Այս ամենը, ինչ Բարզանին ասել է, շատ ուշագրավ է և խորհելու տեղիք տվող:

Իրոք, ազգերի խառնարան Մերձավոր Արևելքում, ուր հազարամյակներ շարունակ նաև հայեր են ապրել, պետության այսպիսի կարգը կարող է օրինակելի լինել:

Միայն թե` եթե այնտեղ ազգային պետություն չի ձևավորվելու, էլ ինչո՞ւ են քրդերը փորձում պետություն ստեղծել: Սոսկ «քուրդ» անունը վրան դնելու համա՞ր: Կամ գուցե նրա համար, որ հազարամյակների, հարյուրամյակների պետական փորձ ունեցող երկրներին ցույց տան, թե ինչպես են այդ հարցում նորելուկները հների սխալներն ի ցույց դնում: