Հայազգի Ավակովը` Ուկրաինայի կայունության երաշխավո՞ր

Ուկրաինայի ներքին կյանքի վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ է արել Սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի ՆԳ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան: «Գորդոն» պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչ կարևոր դեր ունի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ուկրաինական քաղաքականության մեջ:

Ըստ Կիվայի` Ավակովի խնդիրն է պահպանել երկիրն ու կայունացնել իրավիճակը, և աստված դրա համար նրան հնարավորություն է տվել լինել իշխանության մեջ:
Կիվան ասել է, թե Ուկրաինան ղեկավարում են մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչ վաճառել.

-Վաճառում են ամեն ինչ: Ես գիտեմ, որովհետև պետական համակարգի ներսում եմ եղել: Այնտեղ չկան սկզբունքներ: Ընդհանրապես չկան: Կա մաքուր պոպուլիզմ, որով մեր աչքերին թոզ են փչում:

Արսեն Ավակովի նախկին խորհրդականը նորից կարևորել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի դերը երկրի կայունացման գործում և բառացիորեն նշել.

-Կրկնում եմ` Ուկրաինայում շատ գործընթացներ զսպվում են նրա շնորհիվ: Եթե նա նախարարի պաշտոնից հեռանա, երկրի փողոցներն արյունով կլցվեն:

Այստեղ հնարավոր չէ չհիշել, որ ժամանակին մեծ անհամաձայնություն էր ծագել Ուկրաինայի կառավարության հայ անդամ Ավակովի և վրացի անդամ Սաակաշվիլու միջև: Այն հանգամանքը, որ Սաակաշվիլին այսօր Ուկրաինայից վտարված է, մեր հայրենակցի օգտին է խոսում:

Մեզ համար, իհարկե, ուրախալի է, որ այսքան նվիրված, դժվարին իրավիճակներից գլուխ հանող, խելացի հայրենակից ունենք: Սակայն հարց է ծագում` մինչև ե՞րբ են բազմաթիվ արժանավոր հայեր ուրիշի տունը շենացնելու: Չէ՞ որ Արսեն Ավակովի հատկություններով օժտված մարդիկ կարող էին իրենց ընդունակություններն ու գիտելիքները ի սպաս դնել Հայաստանի բարգավաճմանն ու հայության առաջընթացին: Իսկ այսօր նա ըստ էության փրկում է մի պետություն, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր բոլոր կարևոր հարցերում մեր ոխերիմ թշնամի Ադրբեջանի շահերին է ծառայել:

Մեզ հիմա Ձենով Օհանի նման մի ամենաթափանց բարձրախոս է հարկավոր, որպեսզի մոլորակի բոլոր ծագերում «ջաղացի 7 քարի տակ» թաքնված հայերին իմաց տա, թե որն է ճիշտ, որը` սխալ: