Ի՞նչը կարող է երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ

Մարդկությունը կարծես թե չի կասկածում, որ մոլորակի վրա համաշխարհային պատերազմը երրորդ անգամ էլ է մոլեգնելու: Բանավեճն ավելի շուտ դրա պատճառների վերաբերյալ է: Շատերն օրինակ պնդում են, թե ապագայի պատերազմները խմելու ջրի աղբյուրներին տիրանալու համար են լինելու, այլ ոչ թե այսօրվա նման` վառելիքաէներգետիկ պաշարներ ձեռք գցելու: Չէ՞ որ քաղցրահամ ջրի պաշարները վաղուց քչություն են անում:

Ասում են` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին անչափ զարմացնում է, որ Երևանի փողոցներում կարող են ցայտաղբյուրներից ծարավը հագեցնել կամ տներում ուղղակի ծորակը բացել ու ջուր խմել: Մյուս երկրների համար դա անհասանելի բարիք է:

Համաշխարհային պատերազմի նոր պատճառի մասին ահազանգել է Իլոն Մասկը` «SpaceX» և «Tesla» տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիրն ու ղեկավարը: Նրա կարծիքով` երրորդ աշխարհամարտի ամենահավանական պատճառը արհեստական ինտելեկտի գերազանցության համար պետությունների միջև մրցակցությունն է լինելու: «Թվիթերի» իր էջում նա արձագանքել է սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարությանն այն մասին, թե ապագայում աշխարհի տիրակալ կդանա այն երկիրը, որը արհեստական ինտելեկտ ստեղծելու գործում առաջինը կլինի (տեղեկացրել է CNBC-ը):

Մասկը, ինչպես առաջներում էլ է զգուշացրել, նշել է, թե պատերազմը գուցե և ոչ թե պետությունների ղեկավարներն սկսեն, այլ արհեստական մտածողությամբ օժտված համակարգերը: Այս անգամ նա ասել է, թե դա տեղի կունենա այն դեպքում, եթե այդ սարքերը (երևի մի քիչ էլ` դրանց ծրագրավորողները) եզրակացնեն, որ կանխարգելիչ հարվածը հաղթանակի հասնելու ամենահավանական միջոցն է: 

Իր գործունեության ընձեռած փորձից ելնելով` Մասկը գրառման մեջ զգուշացրել է` մարդիկ պետք է ավելի շատ անհանգստանան արհեստական ինտելեկտից, քան Հյուսիսային Կորեայի հետ լարվածության սրման հետևանքներից: «Ավանգարդն» արդեն անդրադարձել է Մասկի կոչերին` շուտափույթ վերահսկողություն սահմանել «խելացի» սարքերի նկատմամբ, քանի որ տվյալ ոլորտը չափազանց արագ է զարգանում, և եթե այդ վերահսկողությունն ուշանա` հետևանքներն անուղղելի կլինեն:

Միայն թե մտածող սարքեր ստեղծելու գործընթացը բուռն թափով առաջ է գնում, և վերահսկողության մասին կարծես թե առայժմ մտածող չկա: Աշխարհի լրատվամիջոցները տարածել են վերջին լուրը` «Յագուար» ընկերությունը արհեստական ինտելեկտով օժտված ղեկ է ստեղծել: «Մոտոր» պարբերականը նշել է, թե սա ցույց է տալիս` ինչպիսին կլինեն տրանսպորտային միջոցները 2040թ. հետո: Հղկված մետաղից այդ ղեկը կարելի է օգտագործել որպես օգնական, նա կարող է ձայնագրել փոխադրամիջոցի սեփականատիրոջ օրվա ժամանակացույցը և հարկ եղած ժամանակ նրան հիշեցնել, օրինակ, առաջիկա հանդիպման մասին։

Բնական է` ապագայի աշխարհն առանց քաղցրահամ ջրի գոյատևել չի կարող, եթե իհարկե` մարդկանց փոխարինելու չգան մտածող սարքերը: Այդ դեպքում արդեն ջրի լինել-չլինելը նշանակություն չի ունենա: Եվ ուրեմն գուցե ավելի լավ է ապագայի պատերազմների պատճառը քաղցրահամ ջուրը լինի, քան արհեստական ինտելեկտը: Որովհետև առաջին դեպքում գոնե երաշխիք կա, որ մարդկությունը գոյատևում է: Միայն թե` թող ամեն ինչ հայոց երկրից հեռու լինի, մեր քաղցրահամ ջուրն էլ չպղտորվի, որպեսզի Աստծո դրախտի ու Նոյյան տապանի նման` մարդկությունը դարձյալ վեր հառնի այստեղից: