«Վերջին բնակիչը»՝ նաև Վենետիկի կինոփառատոնում

«ՀԱՅՆ ՈՒՆԱԿ Է ԽՈՍԵԼ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ևլիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի:
 
Նկարահանումները տեղի են ունեցել 2015-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։
 
«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։
Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային  
ծրագրում։ Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական 
ցուցադրությունը  կայացել է հունիսի 25-ին։
 
«Վերջին բնակիչը» ֆիլմն 2017թ. առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի 
առաջատար հյուրանոցներից մեկում՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
 
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:
 
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան 
եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում  Աբգարը մնում է մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում Իբրահիմը գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:
 
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը օրերս ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Orietta Trevisanato Zampieri-ի։
 
Ցուցադրության առիթով ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։ Ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ 
 
Հնչած կարծիքները շատ դրական էին և հագեցած գովեստի ու շնորհակալության խոսքերով։ Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է դրանցից մեկը, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․
 
- Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապա ստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը: Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ ։
 
- Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում  և ընդունում  պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու: Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից  դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են,-ասաց ռեժիսորը։
 
Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնպես կարևորել է «Վերջին բնակիչը»՝ որպես միջազգային արտադրություն։ Գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը շեշտադրել է նաև Սփյուռքի դերը նման հայկական ֆիլմերի խրախուսման գործում։
 
- Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ,- անկեղծացել է Ջիվան Ավետիսյանը։