Բեմում Վիգեն Չալդրանյանն էր, դահլիճում՝ հադիսականի լռության սիմֆոնիան

«Նարեկացի» արվեստի միության լեցուն դահլիճում թևածում էր հանդիսատեսի լռության սիմֆոնիան, քանզի բեմում սիրված կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և Հայաստանի ազգային կինոակադեմիայի նորանշանակ նախագահ Վիգեն Չալդրանյանն էր: Եվ միության տնօրեն Լևոն Իվանյանի՝ Վիգեն Չալդրանյանին ուղղած հարցերին հաջորդող հետաքրքիր պատասխանները երեկոն վերածեցին հանդիսականի հետ ջերմ, անմիջական շփման: 
 
«ԱՄԵՆԱԱԶԱՏ ՄԱՐԴՆ ԱՄԵՆԱԶԲԱՂՎԱԾ ՄԱՐԴՆ Է»
 
Վիգեն Չալդրանյանն արդեն երկու տասնամյակից ավելի ապրում և ստեղծագործում է հայրենիքում, ու ամեն առավոտ «զրուցում է»իր բնակարանի պատուհանից երևացող Արարատ լեռան հետ … 
 
Նրա օրը  արվեստագետին բնորոշ սովորույթներով է սկսվում՝ սուրճ, և այն էլ` ոչ մեկ գավաթ, ծխախոտի անհամար մնացուկներով ծանրաբեռնված մոխրաման… 
 
- Ամենաազատ մարդն ամենազբաղված մարդն է,- ասում է արվեստագետը:      
 
Արվեստագետի ընտանիքն ապրում է օվկիանոսից այն կողմ, և հաճախ է երեխաներին ասում, որ ինքը հայրենիքում է՝ ստեղծագործելու համար…  
 
- Ստեղծագործում եմ, որպեսզի արդարացնեմ  իմ գոյությունն այստեղ,- կես կատակ կես լուրջ ասում է արվեստագետը: 
 
Մշտապես զբաղված լինելով թատրոնում, կինոաշխարհում, դասախոսություններով, հարցին, թե ի վերջո ո՞րտեղ է տեսնում իրեն՝ կինոյում, թատրոնում, մանկավարժության ոլորտում, թե՞ ղեկավարի աշխատանքում, կինոռեժիսորը պատասխանեց. 
 
- Ամեն տեղ…Իմ կյանքը վաղուց ի վեր ինձ համար առաքելություն է… 
 
Խոսելով կինոակադեմիայի նախագահի իր նոր պարտականության մասին, նշեց, որ նախկին նախագահ Հարություն Խաչատրյանը հիմնել է «Անահիտ» մրցանակաբաշխությունը, և ինքն էլ կփորձի նոր գաղափարներ ներդնել: 
 
- Ի միջիայլոց, երեկ մի ֆիլմ՝ Իրանի հետ համատեղ նկարահանած, արդեն ներկայացրել ենք Օսկարի,-շեշտեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի նորընտիր նախագահը: 
 
ՄՈՒՏՔ ՀԱՅ ԿԻՆՈ՝ Ի ՆՊԱՍՏ ԿԻՆՈՅԻ 
 
Երեկոն սկսվեց Վիգեն Չալդրանյանի «Մոտոր…Ստոպ» ֆիլմի ցուցադրությամբ՝ պատառիկներ նրա ֆիլմերի ուշագրավ դրվագներից և ռեժիսորի մտորումները…
 
Այս տարի Վիգեն Չալդրանյանն առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հավաքել է դերասանական կուրս՝ նպատակ ունենալով լավագույն ուսանողներին հետագայում ընդգրկել Համազգային թատրոնի դերասանական կազմում: Ի դեպ նա ավետեց, որ Համազգային թատրոնը վերջապես կունենա իր շենքը: 
 
Վիգեն Չալդրանյանը նշեց նաև  հայ ազգի երեք հանճարների մասին եռապատում նկարահանելու իր որոշման մասին: «Վարդապետի լռությունը» ֆիլմը՝ նվիրված Կոմիտասին, արդեն կա, հաջորդ ֆիլմը կլինի Գրիգոր  Նարեկացու մասին, շարժառիթը նաև Հռոմի պապի կողմից Նարեկացուն սրբադասելու արարողությունն է եղել, ֆիլմի սցենարն արդեն սաղմնավորված է: Նա նպատակ ունի ֆիլմ ստեղծել նաև Մեսրոպ Մաշտոցի մասին: 
 
Վիգեն Չալդրանյանի առավել հայտնի ֆիլմերից են «Ապրիլ», «Ձայն բարբառոյ», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին»։ 1994-ին «Ձայն բարբառոյ» կինոնկարի համար նա արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։
 
2001-ին Վիգեն Չալդրանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի  կոչում:
 
Նրա բոլոր մրցանակները, բեմադրությունները, գլխավոր դերերը կինոյում և թատրոնում ամբողջական ներկայացնելն անշուշտ մեկ նյութում անհնարին է, սակայն հպանցիկ անդրադարձ, թե ինչպիսին էր սկիզբը. 
 
Նա կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, սակայն, կինոաշխարհում  հայտնի է Վիգեն անունով։ Դեռ միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին է Վաղարշակն ընդունվում «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիան։ Առաջին դերը Ռոմեոն էր, ինչպես ինքն է նշում՝ այն ժամանակ գեղեցիկ, բարձրահասակ տղա էր ու այդպիսի դերեր էին առաջարկում իրեն… 
 
Իսկ 1981-ից Վիգեն Չալդրանյանը մուտք գործեց հայ կինո՝ հայ կինոյի պատմությունը հարստացնելով ինքնատիպ ֆիլմերով, նպաստելով նաև մերօրյա հայ կինոյի միջազգային ճանաչմանը…
 
 
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ