Տիկնիկների բարոյախրատական դասերը

2006-ից Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում գործող «Հեքիաթն է կանչում» տիկնիկային թատրոնը շարունակում է գեղեցիկ ու լուսավոր ակնթարթներ պարգևել տարածաշրջանի մանուկներին:
Այն ակտիվ համագործակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ օտարերկրյա տիկնիկային թատրոնների և թատերախմբերի հետ:  
 
Հերթական համագործակցության և բարեկամության շրջանակներում՝ այս անգամ Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնը հյուրընկալեց տիկնիկային արվեստի գործիչների միաջազգային միության «ՅՈՒՆԻՄԱ- Հայաստանի» հայկական կենտրոնի «Կարապետ» տիկնիկային թատրոնին:
«Նեի ճանապարհորդությունը» թատերական ներկայացումը գործում է ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ընդգրկելով Երևան, Ստեփանավան, Էջմիածին, Բերդ քաղաքները: Հենց այդ ներկայացումն էլ օրերս ստեփանավանցիների դատին հանձնեց «Կարապետ» տիկնիկային թատրոնը:
 
Մշակույթի և ժամանացի կենտրոնի հյուրընկալ հարկը լի էր պատանիների աշխույժ եռուզեռով, բուռն քննարկումներով և ոգևորությամբ: Դեռահասների նմանօրինակ ակտիվությունը վկայությունն էր այն իրողության, որ տիկնիկները կարողացել էին ուշադրության արժանացնել այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այդ նրանց երբևէ խորհելու առիթներ չէին տվել:
 
Կենտրոնի տնօրեն Գարիկ Սուքիասյանը շնորհակալագրեր հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ «ՅՈՒՆԻՄԱ- Հայաստանի» «Նեի ճանապարհորդությունը» ներկայացումը ստեփանավանցի պատանիներին և երիտասարդներին ցուցադրելու համար, ինչպես նաև  «ՅՈՒՆԻՄԱ- Հայաստանի» նախագահ Արմեն Սաֆարյանին՝ սերտ համագործակցության, կենտրոնին աջակցելու և դրա մեծ բարեկամը լինելու համար:
 
Արմեն Սաֆարյանի խոսքով՝ տիկնիկային թատրոնի  գաղափարախոսությունը տարիքային սահմանափակում չունի.
 
- Ներկայացման մեջ օգտագործված էին տարբեր ժողովուրդների հեքիաթներից հատվածներ, որոնք վառ կերպով հանդիսականին ներկայացրեցին պետության առանցքային բջջի՝ ընտանիքի դերը և կարևորությունը: «Նեի ճանապարհորդությունը» թատերական ներկայացման  մեջ արծարծվում են այնպիսի կարևոր և ժամանակի հրամայական դարձած խնդիրներ, ինչպիսիք են ընտանիքի նշանակությունը, հայրենի հողի մշակը դառնալու մղումը, մարդասիրությունը, կյանքի ոչ նյութական ընկալումը և ամենից ցավոտ հարցը՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները:
Ներկայացումն ավարտվում է նորածնի առաջին ճիչով, և հուրախություն մեզ՝ բոլորը միակարծիք էին, որ կարևոր չէ՝ աղջիկ է, թե տղա. կարևորը՝ երեխա ծնվեց:
 
Շնորհակալության իր խոսքում կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը նշեց, որ նման ուսուցողական ներկայացումները մեծ դեր են խաղում ապագա սերնդի ընտանեկան և հայրենսիրական դաստիարակության գործում:
Ի պատասխան ստեփանավանացիների երախտագիտության՝ Արմեն Սաֆարյանը խոստացավ, որ նման ներկայացումները կլինեն հաճախակի:
                                                                                         
Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ