«Լինել լավ մարդ, փայլել աշխատանքում». Սուրեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Նաև հետաքրքիր զրուցակից է երիտասարդ դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանը, ով սիրով մեզ հետ կիսվեց կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներով,  մասնագիտության նկատմամբ՝ իր պահանջկոտությամբ: Ի դեպ, Սուրենը չի ընդունում այն մարդկանց, ովքեր ճանաչված լինելով՝ չեն հետևում իրենց կազմվածքին և ավելորդ քաշ են հավաքում: Դժվար է չկիսել նրա այն կարծիքը, որ հանրային դեմքը պետք է ունենա մարզված և կոկիկ արտաքին:
 
- Սուրեն, ո՞րն է ձեզ համար առաջնայինը՝ հեռուստատեսությո՞ւնը, թե՞ թատրոնը: Որտե՞ղ եք ձեզ ավելի կայացած համարում և ավելի լավ զգում:
 
- Թե՛ հեռուստատեսությունը և թե՛ թատրոնը պահանջում են, որ ամբողջությամբ նվիրվես: Հատկապես՝ թատրոնը. եթե «կես ոտքով» վերաբերվես՝ աշխատանքդ կտուժի: Հիմա ընտրել եմ ավելի շատ հեռուստատեսությունը, սակայն առաջնայինն ինձ համար թատրոնն է: Ավարտել եմ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ևհավասարաչափ սիրել եմ նաև հեռուստատեսությունը: Այդուհանդերձ՝ թատրոնը մնում է թատրոն. այստեղ շփումը հանդիսատեսի հետ ավելի անմիջական է և անկեղծ: Ինձ կայացած համարում եմ այնտեղ, որտեղ հիմա աշխատում եմ, լավ եմ ինձ զգում, երբ դասավանդում եմ, քանի որ այս տարի իմ առաջին փորձն է և հուսանք, որ այստեղ էլ կամաց կամաց կկայանամ:  
 
- Ո՞ր ձեռքբերումներն եք առավել կարևորում դերասանական ասպարեզում:
 
- Ցանկացած ձեռքբերում ինձ համար կարևոր է: Չկարևորել՝ նշանակում է ապա ինչ որ բան թերի ես արել: Յուրաքանչյուր աշխատանքի վերաբերվում եմ պրոֆեսիոնալիզմի սկզբունքով և կարևորում եմ բոլոր այն հաջողությունները, որոնք կապված են ցանկացած աշխատանքի հետ՝ լինի դա թատրոնում, թե հեռուստատեսությունում:
 
- Ձեր պարագայում թատրոնը և հեռուստատեսությունը լրացնում են իրար: Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ հաղորդավարը:
 
- Բնականաբար կրթությունը, որ ստացել եմ, ինձ օգնում է լինել լավ հաղորդավար, քանի որ դերասանի կրթությունը դա մի ամբողջություն է, որը ներառում է նաև խոսքի արվեստը: Դերասանական փորձն ինձ օգնեց էկրանի առաջ ավելի ազատ լինել: Իսկ լավ հաղորդավար լինելու համար պետք է շատ կարդալ, այսինքն՝ լինել պատրաստված, ունենալ մասնագիտական հմտություններ, փորձ, քանի որ հաղորդավար դառնում են ոչ թէ լսարանում, այլ հեռուստաեթերում: Ուսանողներիս միշտ խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, քանի որ կատարյալ հաղորդավարի միտքը պետք է խոսքից արագ աշխատի:
 
- Ձեր գերզբաղված առօրյայում հասցնում եք նաև հաճախել մարզասրահ: Երևի նաև մարզված լինելը նպաստեց, որ այսօր լինեք պահանջված հաղորդավար և դերասան:
 
- Միանշանակ, եթե էկրանի մարդ ես, ապա պարտավոր ես հետևել նաև քո կազմվածքին: Ցավոք սրտի՝ Հայաստանում շատ դերասաներ այդպես չեն մտածում և «փոր», ավելորդ քաշ ունեցողներ էկրանի առաջ շատ կտեսնենք: Մինչդեռ եթե շաբաթական գոնե երկու-երեք անգամ ժամանակ տրամադրեն մարզվելուն, ապա ավելի համակրելի արտաքինով կներկայանան հանդիստեսին: Ինչքան էլ հաղորավարը տիրապետի տեխնիկային, լինի գրագետ, միևնույն է՝ պետք է ուշադրություն դարձնի արտաքին տեսքին, կազմվածքին:
 
- Ո՞րն է ձեր կյանքի գլխավոր սկզբունքը:
 
- Լինել լավ մարդ, լինել կարևոր ու հասանելի հարազատների ու ընկերների համար և փայլել աշխատանքում:
 
- Կրթված ու գրագետ մարդկանց նույնպես դավաճանում են: Ձեր կյանքում շա՞տ են եղել դավաճաններ:
 
- Եթե գրագետ մարդուն դավաճանել են, նշանակում է որ դավաճանողը անգրագետ է և չգիտի ում հետ գործ ունի, այդ մարդկանց պետք է միայն հեռացնել շրջապատից:
Իմ կյանքում ևս, այո, քիչ չեն եղել դավաճաներ, սակայն ծեծել-ջարդելու փոխարեն, կամաց կամաց սառեցրել եմ շփումը և հանել եմ շրջապատիցս՝ փորձելով հեռու մնալ նման մարդկանցից: Հայտնի իրողություն է՝ մեկ անգամ դավաճանողը դա կանի երկրորդ, երրորդ և շատ անգամներ: Դավաճանում են այն մարդիկ, ովքեր ունենում են նախանձելու հատկություն: Առաջին անգամ դավաճանվեցին ընկերոջս կողմից, ու դա շատ ցավոտ էր, սակայն հիմա այդպիսի դեպքերին ավելի թեթև եմ նայում: Աշխատանքս ստիպեց, որ ես շփվելով մարդկանց հետ շատ արագ կարողանամ ճանաչել նրանց և իմանալ, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը: Եթե աշխատանքի բերումով ստիպված եմ շփվել նման մարդկանց հետ, ապա շփման այնպիսի պատնեշ եմ դնում, որ բանը չհասնի դավաճանությանը:
 
-Բարեգործական միջոցառումներ հաճախ եք վարել և առաջիկայում ունեք նման ծրագրի հրավեր:
 
- Բարեգործական միջոցառումներ բնականաբար լինում են, ես էլ դա մեծ հաճույքով եմ դրանք վարում: Սակայն բարեգործության մասին պետք չի բարձրաձայնել: Եթե ինչ որ բան ես անում, ապա անում ես քո խղճի համար: Երբ ինձ դիմում են բարեգործական միջոցառման համար և ասում են, որ օգնության համար է, ես մեծ հաճույքով նրանց օգնում եմ և աջակցում: Առավել թուլություն ունեմ երեխաների հանդեպ: Բարեգործական միջոցառումների  մասնակցել եմ, սակայն չեմ ցանկանում այդ մասին շատ խոսել, քանի որ արել եմ իմ խղճի համար, այլ ոչ թէ բարձրաձայնելու: Առաջիկայում ևս ունեմ, սակայն չեմ ցանկանում խոսել իմ արած կամ անելիք գործերի մասին: Թող գա օրը, բարին էլ հետը, և դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն ինչ:
 
- Եթե լսեիք, որ թատրոնը և հեռուստատեսությունը կործանվում են, որտեղ կցանկանայիք վերջին անգամ հանդես գալ:
 
- Կընտրեի թատրոնը, թատրոնը ուրիշ է: Չնայած՝ առանց հեռուստատեսության ինձ ևս չեմ պատկերացնում, սակայն միևնույն է՝ կնախընտրեի թատրոնը, քանի որ երբ բարձրանում ես բեմ և լույսերը սկսում են աշխատել քեզ վրա, դու կտրվում ես իրականությունից: Նույն իրավիճակը լինում է նաև հեռուստատեսությունում, երբ տեսախցիկի առաջ եմ լինում: Ամեն դեպքում երկու ոլորտն էլ շատ եմ սիրում: