Հայաստանի մշակույթի օրերը՝ Մալթայի Հանրապետությունում

 
ՀՀ մշակույթի նախարարության, «Մալթայի արվեստի խորհրդի» և «Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի» համագործակցությամբ, «Վալետտան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ ս. թ. ապրիլի 18-30-ը Վալետտայում (Մալթայի Հանրապետություն) առաջին անգամ կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:
 
«Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին «Meditterranean Conference Center» կենտրոնի «Sacra Infermeria Hall» սրահում. այստեղ տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ «Երաժշտության միջազգային լեզու» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին «Republic Hall» համերգասրահում կհաջորդի՝ Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան):
 
Ծրագրի շրջանակում համերգներով հանդես կգան նաև «Խաչատրյան տրիոն» և «Արաքս» պարային համույթը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, ինչպես նաև Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը:
 
Կանցկացվեն «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» խորագրերով ցուցահանդեսները, կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը: Նախատեսվում է «Արվեստ և մշակույթ» հիմնադրամի կրթաթոշակակիրներ՝ Մերի Մուսինյանի (քանոն), Գևորգ Ստեփանյանի (դուդուկ), Էլեն Հարությունյանի (դաշնամուր), Վահրամ Հովհաննիսյանի (երգիչ) ելույթները:
 
Տեղեկացնենք, որ «Հայաստանի մշակույթի օրերը» Մալթայի Հանրապետությունում անցկացվում է համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելայինի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի: