Միտումը՝ ձևակերպել առկա խնդիրները և հստակեցնել լուծման ուղիները

Այցելելով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ծանոթացել է թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:
 
Թանգարանում կատարած շրջայցից հետո նախարարը թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին առաջարկել է անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկված հարցերի առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք դժվարություններ և խնդիրներ են առաջացնում մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար:  
 
Ամփոփելով զրույցի արդյունքները՝ նախարարը նշել է. 
 
- Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել և ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևակերպենք առկա խնդիրները և հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը: Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարևոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարևորության առաջնահերթությունը: