«Կարևոր է մրցակցային և թափանցիկ դաշտի ապահովումը»

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ

 «Մեդիա կենտրոնում» կայացած՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկմանը մասնակցում էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը և նկարիչ Սամվել Սաղաթելյանը:
 
Որպես կանոն, գիտության, արվեստի  մարդիկ պետության հետ իրենց փոխհարաբերությունը պատկերացնում են նյութական աջակցությամբ: Սակայն պետությունն էլ հակադարձում է, թե ինքն է գիտության, մշակույթի մարդկանցից ակնկալում այնպիսի աշխատանք, որը փող կբերի: Վերջերս էլ վարչապետի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բյուջեից մշակույթին հատկացվող գումարներն այն դեպքում կարելի է արդարացված համարել, եթե
այդ արտադրանքից օգտվում է հարկատուն, քաղաքացին:
 
Ի պատասխան Մեդիա կենտրոնի հարցին, թե  ի՞նչ է առաջարկում պետությունը և ի՞նչ է ակնկալում մշակույթ ստեղծող մարդկանցից, Մշակույթի նախարարը մասնավորեցրել է. 
 
- Կարևոր է մրցակցային և թափանցիկ դաշտի ապահովումը…Կարևոր է ներքևից վերև խնդիրների քննարկման, որոշումների, լուծումների փնտրտուքը… Արվեստագետներից ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում: 
 
Այն դիտարկմանը, թե  պետությունն իր մշակութային քաղաքականությունը կազմելիս  հիմնվում է այն տեսակետի վրա, որ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեն զանգվածներին, արվեստը քարոզչական ու դաստիարակչական միջոց է, Վիոլետ Գրիգորյանը նշել է, որ՝ 
 
- Պետությունը պետք է ունենա տեսլական մշակույթի և արվեստի զարգացման համար: Մշակույթի նախարարությունը չպետք է փող չտալը ներկայացնի որպես գաղափարախոսություն, քաղաքականությունը պետք է հստակ լինի, իսկ արվեստի մրցակցություն չկա:
 
Իսկ ճարտարապետ Միսակ Խոստիկյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է բովանդակային խոսակցություն սկսեն փորձագետների, ոլորտի մասնագետների, արվեստագետների հետ. 
 
- Մի նրբություն կա՝ պետք է բուն ստեղծագործական հարցերը չդրվեն կոնտեքստների մեջ, որոնք լայն են ու անորոշ, դրա համար էլ նրբությունները կորում են:
 
Նկարիչ Սամվել Սաղաթելյանի կարծիքով էլ արվեստը մշակույթի ստեղծած կաղապարները կոտրելու միտում ունի. 
 
- Մշակույթի նախարարության և արվեստագետների հարաբերվելու միակ ձևը արվեստի առաջնայնությունն է: Արվեստը առաջնային է, մշակույթը ստեղծվում է դրանից հետո, դրա հիմքի վրա: 
 
«Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը համոզված է, որ եթե չունենանք մշակութային այնպիսի քաղաքականություն, որը պայմանավորված չլինի այս կամ այն նախարարի անձով, այլ ցույց տա, թե մշակույթի զարգացման ինչ ճանապարհ է տեսնում պետությունը, նոր միայն հնարավոր կլինի խոսել, թե հեղափոխությունը տեղի է ունեցել նաև մշակույթում: