Իրինդյան արժեքները՝ «Լռության ձայներ»-ով

Արագածոտնի մարզի Իրինդ  գյուղում  «Լռության ձայներ» ինտերակտիվ ազգագրական մշակութային ցուցահանդեսի անվանումից իսկ կարելի է ենթադրել միջոցառման բովանդակությունը՝ հաշվի առնելով տարածքը։ Իրինդն այն գյուղն է, որտեղ բնակվում եմ  1915-1918 թթ Արևմտյան Հայաստանի Մուշի և Սասունի գյուղերից գաղթածների սերունդները:
 
Միջոցառման հեղինակը և կազմակերպիչն էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ուսանող Վահե Քոթանյանը։
 
- Ինձ համար կարևոր արժեք է պահել և մշտապես վեր հանել հայ մշակույթը, ցուցադրել և փոխանցել նոր սերունդներին, ովքեր դրա կրողն են դառնալու և շարունակելու են  ավանդույթները։ Այս միջոցառումը եզակի է նրանով, որ առաջին անգամ  ցուցադրվում են այն իրերը, որոնք առավելապես բնութագրում են Իրինդ գյուղին և իրինդցուն։ 
 
Վահեն մոտ մեկ ամսվա ընթացքում կարողացել էր գտնել և հանրությանը ներկայացնել այն իրերը, որոնք  թանգարանային նմուշներ են ոչ միայն իրենց արժեքով, այլ նաև պատմական ծագմամբ ու բովանդակությամբ։
 
Այն բացահայտումները, որոնք արվեցին միջոցառման ընթացքում, վաղուց քողարկված էին լռությամբ և միջոցառումն իր «Ձայնով»  խոսեց այն ստեղծողների և կրողների հետ:
Հպարտություն կարելի ապրել նրանից, որ մշակույթին և պատմությանը վերաշնչավորող եզակի մարդիկ կան, ովքեր գիտեն ինչպես լռեցնել անգիտությունը: Վահե Քոթանյանը համալրում է այդ եզակիների շարքը: 
 
- Մենք այս օրերի ընթացքում շատ բաներ սովորեցինք Վահեից, որ մինչ այդ ծանոթ չէինք։ Առաջինը իմացանք մեր գյուղի պատմությունը և պատկերացում ունեցանք, թե նախկինում ինչպես են ապրել մեր նախնիները։ Մենք սկսեցինք սիրել հայկական տարազը,- նշում են մասնակից երեխաները ։
 
Միջոցառման ընթացքին հետևում էին ոչ միայն տեղաբնակներ, երիտասարդներ, հարակից համայնքի ներկայացուցիչներ, այլ նաև հյուրեր արտասահմանից, ովքեր իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի ջերմության մեջ։
Իրինդյան տոնը համեմված էր նաև հայկական երգ ու պարով և ավանդական հյուրասիրությամբ՝ քաղցրահամ բարիքներով և ավանդական հայկական լավաշով։
 
- Նմանօրինակ միջոցառումները ավանդույթ կդառնան տարածաշրջանում և ոչ միայն, քանի որ ունեմ նպատակ ազգայինի և տարածքայինի ներկայացումը համատեղել՝ օգնելով տեղացուն շփվել ոչ միայն իր ազգային նկարագրի հետ, այլ նաև ճանաչել իր իսկ տեղանքի պատմությանը,- հավելեց Վահե Քոթանյանը։
 
Իսկ տեղացիները նշում էին, որ չափազանց ոգևորված են, քանի որ հազվադեպ են կազմակերպվում նման միջոցառումներ, և երիտասարդ Վահեն նոր շունչ ու երանգ հաղորդեց համայնքային կյանքին։ 
 
- Ցուցադրվող իրերի և նկարների մեջ մենք գտանք նաև մեզ, մեր անցյալից հուշեր և վերհիշեցինք այդ ամենը,- նշում են Իրինդի տարեցները։
 
Անի ԵՆԳԻԲԱՐՅԱՆ