«Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ հասցրել »

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՆԱԽԱՆՇՈՒՄ

Խորհրդանշական էր, որ ՀՀ մշակույթի նախարարը բազմազբաղ աշխատանքային հերթական շաբաթն այսօր սկսեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրած մամլո ասուլիսով: Ասուլիս, որը յուրօրինակ ամփոփումն էր Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի 100-օրյա պաշտոնավարման ընթացքում իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները:

Սրահի բազմամարդությունը փաստում էր հետաքրքրվածությունը ոլորտի, նորանշանակ նախարարի և նախարարության գործունեության հանդեպ: Առավելևս` լրագրողներից զատ ներկա էին նաև մշակութային խնդիրներով մտահոգ քաղաքացիներ:

Նախարարը «ձեռնունայն» չէր եկել: Ասել է թե` արդեն լուծում ստացած խնդիրներ կային, որոնց հրատապությունը վիճարկելի չէ: Դիցուք, 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, 30-ամյա հապաղումից հետո նոր շենք է տրամադրվել Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանին, մշակվելէ և առաջիկա հոկտեմբեր ամսից ԿԳ նախարարության հետ համատեղ կներդրվի դպրոցականների` մշակութային հաստատություններ այցելելու աբոնեմենտային համակարգը` որպես գալիք սերնդի ճաշակն ու արվեստասիրական ընկալումները զարգացնելու հեռահար նպատակ…

15 կետով ու բազմաթիվ ենթակետերով կատարվածն ամբողջությամբ չես թվարկի: Թերևս, դրանցից առանձնացնենք ևս չորսը: Կանխվել է 32 հուշարձանների վտանգումը: Ի մասնավորի` դադարեցվել են «Հին Երևան» ծրագրի տարածքում իրականացվող ապօրինի շինաշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել են հուշարձանհ-շենքի փոփոխման աշխատանքները` չեղարկելով 2017-ի թույլտվությունը: Դադարեցվել են Լոռու մարզում պահպանման գոտուց ավազահանումը, ինչպես նաև` Խնձորեսկում իրականացվող անօրինական շինաշխատանքները…

Անելիքներն ավելի որոշակիացան` հրատապ հարցերին տրված պատասխաններով և նախարարի անկեղծ «խոստովանությամբ», որ ժամանակի սղության պատճառով դեռևս չի հասցրել որոշ ծրագրեր իրագործել.

- Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ  հասցրել` չնայած ամբողջ թիմով աշխատում ենք ծանրաբեռնված գրաֆիկով: Ամեն ինչին վերաբերվում եմ ինքնաքննադատորեն: 

Ներկայացնելով նաև առաջիկա հինգ տարիների համար Մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, այն է` մշակույթի ու կրթության համադրում, համաչափ, ապակենտրոնացված մշակութային քաղաքականության իրականացում, օրենսդրական դաշտի կարգավորում, դրամաշնորհային քաղաքականության կիրառում և որպես առանձին գերակա ուղղություն` պատմամշակութային հուշարձանների պահպանություն, Լիլիթ Մակունցն ընդգծեց.

- Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև տարեվերջ ընդունվեն կինոյի և թանգարանների մասին օրենքները: Այժմ պատրաստվում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվելիք մշակութային միջոցառումներին և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի անցկացմանը:

Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև ոլորտին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` Մնջաղախի թատրոնի, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի, Օպերային թատրոնի ճակատագրերին, ոլորտի կոռուպցիոն բացահայտումներին և այլն:


Ի դեպ, վերջինի առնչությամբ նախարարը նկատեց.

- Եթե մենք զբաղվենք բացառապես կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի իրականացնել մեր առջև դրված հիմնական խնդիրները: Կոռուպցիայով զբաղվում են համապատասխան մարմինները, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք այն, ինչին բախվում ենք մեր աշխատանքի ընթացքում:

- «Ինչպե՞ս պայքարել մշակութային «աղբի»` անորակ ֆիլմերի ու ներկայացումների դեմ»,-լրագրողի հարցին ի պատասխան նախարարը նշեց.

- Մշակութային «արտադրանքը» գնահատում է հանդիսատեսը:

Մշակույթի նախարարության խնդիրը լավ հանդիսատես ձևավորելն է, ինչին ուղղված է, օրինակ, դպրոցական աբոնեմենտային համակարգը: Սկզբունքորեն դեմ եմ գրաքննությանը, ճնշումներով փոփոխությունների հասնել չենք կարող, բացը պետք է լրացնել մշակութային կրթությամբ, սա՛ է իմ մոտեցումը:

- Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախարարն ու փոխնախարարները ոլորտում ի՞նչ հայտնաբերեցին 100 օրվա ընթացքում, որից պետք է ազատվել, կարելի է ասել` ոչնչացնել ամբողջությամբ,- լրագրողի հարցին Լիլիթ Մակունցն արձագանքեց.

- Թավշյա հեղափոխությունը ոչնչացնելու «մասին» չէր: Այն ստեղծելու, արարելու, շարունակելու, մթնոլորտը սիրով ու հարգանքով լցնելու «մասին» էր: Հեղափոխությունը մշակույթի ոլորտում խնդրում եմ դիտարկել նույն տրամաբանության մեջ: