«Կին՝ նշանակում է կյանք»

«ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երեկ Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնում հյուրընկալվեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝  ստեփանավանցիների դատին հանձնելով իր «Հայոց թագուհիներ» փաստավավերագրական ֆիլմը։
 
Փաստավավերագրական ֆիլմի համար յուրօրինակ լսարան էր  ընտրված՝ ավագ դասարանների աշակերտներ. մարդիկ, ովքեր  հատելով դեռահասության շեմը՝ քայլ առ քայլ բախվելու են   ֆիլմում արծարծված  խնդիրներին։
 
Ֆիլմը նվիրված է մեր  թագուհիներին, կին ազգային գործիչներին, ազատագրական պայքարի հերոսուհիներին և հայ կնոջ ավանդական կերպարին։
 
- Կինն ու կյանքը նույն արմատի բառեր են․ կին՝ նշանակում է կյանք, կինն աստվածուհի է, իսկ աստված՝ կին,- հնչում է  «Հայոց թագուհիներ» ֆիլմում։
 
Կինոնկարում հայ կնոջ կերպարն ուսումնասիրվում է տարբեր ասպարեզներում՝ անցյալից հայացք հառելով դեպի ներկա։
 
Կինոռեժիսորը հայ կնոջ կերպարի ուսումնասիրությունը սկսել է Անահիտ դիցուհուց՝ հասնելով մինչև մեր օրեր։
 
«Հայոց թագուհիներ» ֆիլմը նվիրված է պատմության մեջ կնոջ ունեցած դերակատարմանը, այն յուրօրինակ պատմություն է հայ կնոջ մասին, ով, ինչպես ֆիլմում է ասվում՝ ծնվում է թագուհի, ապրում և մահանում է որպես ստրկուհի։
 
Ֆիլմում բարձրաձայնվող առանցքային շեշտադրումներից է նաև սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումները։ Պարզվում է՝ Հայաստանում այդ ցուցանիշը շատ բարձր է։
 
«Հայոց թագուհիներ» ֆիլմում սուր քննադատության են առնվում  հարյուրամյակներից եկող և մինչ օրս շարունակվող կանանց կեղեքումը, ստորադասումն ու անտեսումը։
 
Ըստ  կինոռեժիսորի՝ պատմությունն առհավատչյան է այն իրողության, որ  մայրիշխանության ժամանակաշրջանը   բարգավաճման, սիրո, խաղաղության և երջանկության ժամանակաշրջան էր։
 
Ֆիլմը ավարտվում է պայքարի նոտայով. պայքար, որ կանայք մղում են իրենց իսկ իրավունքների պաշտպանության համար։
 
- Տղամարդու գոյության իմաստը կինն է,- իր խոսքում նշեց Խզմալյանը՝ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր կին ի ծնե թագուհի է։
 
Ցուցադրության  ավարտին Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց կինոռեժիսորին՝ ֆիլմը ստեփանավանցի հանդիսականին հասցնելու և մեզանում նոր ձևավորվող ինքնագիտակցության հիմնաքար դառնալու համար։
 
 
                                                                                  Մարգարիտ ՍԱՔՈւԼՅԱՆ