Կյանքը պատկեր է, կենդանացրու այն

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնն ավարտվեց՝ ազդարարելով 11-րդ-ի նախապատրաստական աշխատանքների սկիզբը: Մոտ մեկ շաբաթ ՌեԱնիմանիան Հայաստանը դաձրել էր ոլորտի համաշխարհային դեմքերի և սկսնակ անիմատորների հավաքատեղի:
 
Այս տարին ՌեԱնիմանիայի տասնամյակն էր, իսկ հայկական անիմացիայի՝ ութսունամյակը: Փառատոնի բացումն այս տարի նշանավորվեց  «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները դասական ձևաչափով: Համերգի աջակիցներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում:
 
Ի դեպ, հայկական անիմացիայի 80 ամյակի առթիվ, ՌեԱնիմանիա փառատոնի հավերժության հուշամեդալով պարգևատրվեցին Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և Ռուբեն Հախվերդյանը՝ հայկական անիմացիոն ֆիլմերի համար ստեղծած երգերի և երաժշտությունների համար: 
 
Փառատոնի բացման համերգային մասից հետո ցուցադրվեց «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը: Այն ներկայացնում էր հետպատերազմյան Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններն ու վերակառուցման աշխատանքները, որոնք շուտով վերածվում են բանվոր դասակարգի աշխատանքի շահագործման՝ պատճառ դառնալով աշխատակիցների ապստամբության։
Փառատոնը հյուրնկալել էր համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի ինչպիսիք էին Էրիկ Պապեն, Սթեֆըն Կազանչյանը, Հենրի Հովհանեսյանը և Ժերալդին Բաշե, Արթուր Դեպինս, Կորին Դետոմբ, Գորյուն Աֆրիկյան, Դավիդ Դուտել, Վասկո Սա, Ռեժինա ՏեսոաԱբել Ալվարես։ Նրանք ոչ միայն գնահատեցին ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր անցկացրեցին երիտասարդ անիմատորների համար։
 
Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 100 երկրից՝ մոտ 2,000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված 5 մրցութային ծրագրում: 
 
Փառատոնի մրցանակակիրները. 
 
Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ «Քրիսը Շվեյցարիայից» 
Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ «Հերթական մի օր»
Հատուկ մրցանակ․ կարճամետրաժ ֆիլմ՝ «Պաբլոյին հաղթելիս»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Ուիքենդներ»
Հատուկ մրցանակ․ ավարտական ֆիլմ՝ «Սիրի՛ր ինձ, վախեցի՛ր ինձանից» 
Լավագույն ավարտական ֆիլմ՝ «Մի ուրվականի պատմություն»
Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ՝ «Առարկաները չունեն իրավունքներ»
Լավագույն երաժշտական անիմացիոն տեսահոլովակ՝ N.A.P
Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ «Տուր ինձ խաղաղություն»
Այս տարի հատուկ մրցանակ էր սահմանել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ սփյուռքահայ մասնակցի համար: Հաղթողը Ռուսաստանից էր՝ Նատալի Միրզոյան՝ «5 րոպե մինչև ծովը» ֆիլմով: 
 
Արդեն չորրորդ տարին է ինչ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ անիմատորներին մասնակցել Անգուլեմի անիմացիոն դպրոցի մեկամսյա դասընթացներին: Ի հիշատակ նկարիչ և անիմատոր Սևան Նաղաշյանի այս տարի կրթաթոշակը վերանվանվել է ՌեԱ Սևան Նաղաշ կրթաթոշակ: Կրթաթոշակի արժանացան երկու մասնակից՝ Նանե Սարգսյանը և Արևիկ Արոյանը: ՌեԱ Սևան Նաղաշ կրթաթոշակի շրջանակներում հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մեկնելու «ՌեԱնիմանիա»-ի կողմից ֆինանսավորվող մեկամսյա վերապատրաստման դասընթացի Անգուլեմի անիմացիոն դպրոց: Ֆրանսիայի դեսպանությունը ապահովում է ուղևորության ծախսերն, իսկ Նաղաշյան ընտանիքը տրամադրում է գումար (մոտ 500$) մասնակցի կեցության ծախսերը հոգալու համար: Ըստ մրցույթի պայմանների՝ վերապատրաստման դասընթացից հետո մասնակիցները պետք է  «ՌեԱնիմանիա»-ի համար պատրաստեն 30 վայրկյան տևողությամբ անիմացիա, ինչպես նաև  4 վարպետության դաս անցկացնել  Տավուշի մարզի Վազաշեն գյուղում գտնվող Սևան Նաղաշյանի արվեստի դպրոցում: 
 
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ փառատոնի շրջանակում ցուցադրվեց ֆրանսիական անիմացիոն ֆիլմերի լավագույն ընտրանի: 
 
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջացությամբ ցուցադրվեց գերմանական արտադրության առաջին՝ 92 տարի առաջ ստեղծված առաջին լիամետրաժ անիմացիոն համր ֆիլմը, որի ցուցադրության համար դեսպանությունը Գերմանիայից հրավիրել էր հայտնի դաշնակահարի ֆիլմի ընթացքում նվագելու համար: 
 
Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Աննեսիի «Animation du Monde 2018»  նախագիծը, աջակիցներն էին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը:
 
Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը և հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ: Մրցութային կարգով նախատեսված էր,որ լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղևորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ի զարմանս նույնիսկ փառատոնի կազմակերպիչների, Ֆրանսիայից հատուկ ժամանած ժյուրին որոշեց միանգամից երեք մասնակցի հնարավորություն ընձեռել հայտնվելու Աննեսիում: Մեկ մասնակից ստացավ ամբողջական ֆինանսավորում, մյուսները՝ մասնակի՝ հետագայում նրանց համար ամբողջական ֆինանսավորում հայթայթելու հույսով: