Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ համերգ՝ Գյումրու Սև բերդում

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): 
 
Երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս):
 
Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: 
 
Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկացավ, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։
 
1791 թ. վերջին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա, որը սակայն չի հասցնում ավարտել։ Այն նրա մահվանից հետո ավարտեցին Յոզեֆ Էյբլերը և Ֆրանց Քսավյե Զևսմայերը:
 
Այս գործը համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից է և Մոցարտի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը: