«Հայաստա՛ն. ես ուրիշ հասցե, ուրիշ ազգանուն չունե՛մ»

Մեզնից յուրաքանչյուրն աշխարհ է գալիս ինչ-որ առաքելությամբ, ի վերուստ տրված որևէ շնորհով՝ արվեստի կամ արհեստի, կենցաղի մեջ ու այլևայլ ոլորտներում: Կան նաև օժտյալներ, որոնց հանդեպ Աստված այնքա՜ն շռայլ է գտնվել՝ պարգևելով նրանց մի քանի շնորհ, նաև՝ հոգու ու մարմնի կատարյալ ներդաշնակություն… Սա չէ՞ արդյոք  երջանկության բանալին, սրանում  չէ՞ արդյոք օրհնված լինելու  առեղծվածը, որի պատասխանը մարդկային մտքի ոչ մի թռիչք ի զորու չէ  գաղտնազերծել…
 
Իր մանկության արահետներում հազարումի հարցերի պատասխաններ որոնող արևոտ աղջնակի համար կյանքը մեղեդիներով ու բառերով լեցուն հեքիաթային աշխարհ էր, որը հետո՝ շատ տարիներ անց, պետք է դառնար նրա ապրելու բանաձևը, նրա տիեզերքը… 
 
Մարինա Հովհաննիսյան՝ հայուհի, ով  ծնվել ու մեծացել է արվեստով լեցուն ընտանեկան մթնոլորտում: Իր սիրասուն մայրիկի՝ սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի գեղեցիկ, հայեցի խոսքով, հրաշալի ձայնով հաղորդումներին հաճախ՝ ակամայից ունկնդիր աղջնակի հոգում, անտեսանելիորեն ձևավորվում ու աճում էր ապագա արվեստագետը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շատ դասախոսներ ափսոսացին, որ Մարինան իր ուղին չշարունակեց որպես դաշնակահար. հարազատ բուհն ավարտելուց դեռ շատ առաջ դարձել էր հայ գրականության խենթ սիրահարը…
 
Հեռուստատեսությամբ, տարբեր երկրների բեմերից հնչեց նրա ասմունքը, որը զրույց էր հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսներն, ասես, հիպնոսված,  չէին շտապում հեռանալ դահլիճից, ծափահարությունների հեղեղը Մարինային ստիպում էր շատ հաճախ չնախատեսված համարներով շարունակել համերգը… Եվ այս ամենը՝ տարիներ շարունակ, մինչ այսօր: Թավշյա հաճելի ձայն, հմայիչ, առինքնող արտաքին, պոեզիան զգալու, մատուցելու առանձնակի ձև, որում ամենից կարևորն անկեղծությունն է. սա՛ է Մարինա Հովհաննիսյանի հաջողության  բանաձևը: Նա դեմքի ու ձեռքերի ոչ մի բռնազբոսիկ արտահայտություն, շարժում չունի, նա  զգում է  պոեզիան  և զգալ է տալիս, նա ապրում է պոեզիայով ու ապրեցնում է նաև իր արվեստի երկրպագուներին, նա ջանքեր չի գործադրում՝ հաճոյանալու հանդիսատեսին, բայց ունկնդիրը նրան պաշտելու չափ է սիրում, նա  մարմնի ամեն մի բջիջով պոեզիայի խորության մեջ է, նա  կարողանում է զգալ բանաստեղծների ապրումներից ծնված ամեն բառը, շեշտը, երկարացման նշանը… 
 
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա էլ է այդ պահերին ստեղծագործում՝ նորովի շունչ հաղորդելով մեծ բանաստեղծների ցանկացած գործերի: Մարինայի ասմունքը լսելուց հետո շատերն են խոստովանում, որ հազար անգամ կարդացած այդ գործում նոր բան են հայտնաբերել, համերգից հետո տուն գնալով՝ շտապել են կրկին կարդալ Սևակի, Սահյանի, Էմինի, Կապուտիկյանի, Սայաթ-Նովայի, Տերյանի, Չարենցի և այլ դասականների գործերը, իսկ մերօրյա գրողներից շատերի ստեղծագործությունները Մարինա Հովհաննիսյանի մեկնությամբ առավել ճանաչելի ու սիրելի են դարձել… 
Երաժշտական բացարձակ լսողությամբ, դաշնակահարի փայլուն կրթությամբ, գեղեցիկ արտաքինով արվեստագետը մի այլ  ջերմեռանդությամբ ու խնկարկումով է ներկայացնում վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի գործերը, որոնցից «Ծափե՞ր, չեմ ուզում» հրաշալի գործի՝ Աիդա Ներսիսյանի անկրկնելի  թվացող կատարումից բնավ ետ չմնաց Մարինայի ասմունքը, ավելին՝ այն ներկայացվեց առավելագույնս… Մարինայի կատարումից հետո Ֆելիքսի՝ հատկապես այդ գործը տարածվեց, շատերն սկսեցին այն արտասանել, սիրել, սակայն Մարինա Հովհաննիսյանի կատարումն անգերազանցելի մնաց… Հետաքրքիր մի ներդաշնակությամբ Մարինան նույնկերպ և նույն նվիրումով է ներկայացնում Պարույր Սևակին, նաև Սևակին նվիրված Ֆելիքսի այդ գործը: Աներկբայորեն պետք է ասեմ, որ Ֆելիքսը Սևակյան ուժգնությամբ բանաստեղծ էր և գրեթե նույն ճակատագրին արժանացավ՝ ինչ Սևակը. գուցե այստեղից է գալիս նրանց հանդեպ Մարինայի մեծ ու թախծոտ սերը:  
 
Ընտանիք, հարազատներ, պարտականություններ, հոգատար ու 3 զավակների նվիրյալ մոր հոգսեր, տխուր հիշողություններ,  փորձություններ, ճանաչում ու փառք… Այս ամենը ճաշակել է  ասմունքող-երաժիշտը, և նրա կյանքի բոհեմի լուռ վկան, նրա զրուցընկերը, նրա մտերիմն է դարձել Սեն գետը,ում համար էլ հաճախ արտասանել է արդեն անգիր սովորած և նոր  գործեր… Նա գիտե խոնարհվել հանճարների, տաղանդների, հայ ժողովրդի մկրատված գարունների, չապրած տարիների ու կացնահարված չծաղկած ծառերի կանչի առջև, և այդ խոնարհումը հոգու խոսք է, սրտի աղոթարան, արյան հզոր կանչ:
 
* * *
Ամեն բան ավարտվում է կյանքում, սակայն չի ավարտվում ՍԵՐԸ, սերը՝ Աստծո, մարդկանց, պոեզիայի, Հայրենիքի հանդեպ, և հենց այդ  մեծ սերն էլ Մարինա Հովհաննիսյանին հեռավոր Փարիզից հարազատ ծննդավայր էր բերել՝ իր արվեստի երկրպագուների հետ մի նոր ու  գեղեցիկ, սպասված հանդիպման առիթով, որը կայացավ մայրաքաղաքի Կամերային թատրոնում, ապրիլի 27-ին: 
 
Տաղանդավոր վաղամեռիկ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի հիշատակին նվիրված միջոցառումն ու «Ծափե՞ր, չեմ ուզում» խտասկավառակի շնորհանդեսն այդ գողտրիկ սրահում էր հավաքել  ճանաչված մտավորականների՝ արվեստագետների, գրողների, երաժիշտների, գրականագետների, լրագրողների, պոեզիայի երկրպագուների մի մեծ բանակ, ում հավաստմամբ մեկ ժամից ավելի տևած միջոցառումն անցավ ակնթարթի նման… Շնորհալի դաշնակահար Կարեն Անանյանի նվագակցությամբ Մարինա Հովհաննիսյանը ներկայացրեց Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Շառլ Ազնավուրի, ժամանակակից գրողներից՝ Սոնա Վանի   գործերից:  
 
…Ապրիլյան մի օր էլ ավարտվեց, և ավարտվեց այն՝ առ Հայաստան  ծովածավալ սիրո ու երդման պես հնչող տողերով՝
Հայաստա՛ն, ես ուրիշ հասցե,
Ես ուրիշ ազգանուն չունե՛մ…
 
Կարինե ԱՎԱԳՅԱՆ