Սյուզաննա Աղամալյանը և Մերի Առակյանը՝ Միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողներ

Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:
 
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի ինչպես Հայաստանից,  այնպես էլ Ֆրանսիայից, Ռուսատասանի Դաշնությունից, Լիբանանից:
 
Երկու տարիքային խմբերում ընդգրկված պատանիների ստեղծագործությունները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
 
Ավագ խմբում ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակ չշնորհվեց:
 
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էրիկա Մարկոսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երկու մասնակիցների՝ Էմիլի Հովհաննիսյանի (Ֆրանսիա) և Ռուբեն Ավագյանի (դաս.՝ Արփինե Կալինինա) միջև: Կրտսեր խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էդգար Մխիթարյանը (Մարիա Ղուշչյան), երկրորդ հորիզոնականը՝ Էդուարդ Ալեքսանյանը (դաս.՝ Գեղունի Չթչյան), իսկ հաղթողի կոչումը կիսեցին Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Մերի Առակյանը (դաս.՝ Նարինե Մխիթարյան): Ի դեպ, վերջինս արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:
 
Հավելենք միայն, որ մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով: Բացի դրանից՝ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Առաջին մրցանակակիրները Միրզոյան ֆոնդի կողմից ստացան նաև նաև դրամական պարգևներ: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից: