Միտված՝ կամրջելու մեր ոսկեղենիկ մայրենիի հարահոլով մուսաները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, «ՆՌԱՆԷ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

- Արդեն երկար տարիներ ապրում եք օվկիանոսից այնկողմ՝ Ամերիկայում, հայաշատ Կալիֆորնիայում և զբաղեցնում Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահի պաշտոնը։ Ի՞նչ տվեց Աիդա Պողոսյան բանաստեղծուհուն պանդխտության ուղին և ի՞նչ խլեց։
 
- Պանդխտության ուղին ինձ հնարավորություն ընձեռեց ճանաչվելու և կայանալու որպես բանաստեղծուհի... Ի՞նչ խլեց...  հայրենիքիս մեջ զավակներիս հետ լավագույն տարիներս ապրելու, վայելելու, այն արժևորելու բացառիկ հնարավորությունը...
 
- Ձեր քնարերգությունում գերակշռում է սերը, բնությունը, կարոտը, բայց մի քանի գիրք նվիրել եք հայրենասիրական թեմաների՝ մեր պանծալի հերոսներին։ Սա մուսա՞ն է, թե Աիդա Պողոսյանի զգացմունքային աշխարհը։
 
- Երկուսի ներդանակությունը միասին... հայենասիրության բաբախող զարկերակը՝ մուսայի հնչողությամբ: 
 
- Ո՞րն է անհատ ստեղծագործողի և միության անդամի՝ փոխնախագահի տարբերությունը։ Ի՞նչ տվեց միությունը, առանց որի անհնար կլիներ։
 
- Որպես ԿՀԳՄ փոխնախագահ իհարկե նոր հնարավորություն էր ամենայն պատասխանատվությամբ քայլ անելու, նորովի շունչ ու թարմություն ձևավորելու թե՛ միջոցառումների, թե՛ աշխատանքային հարաբերությունների ջերմ ու հարգալից մթնոլորտը կուռ ու անկաշառ նվիրումով հագեցնելու համար... հաճույքով վայելելու գրչակից ընկերներիդ վստահությունն ու սերը: Բարձր պահել միության ստեղծագործ ոգու անբասիր հեղինակությունը:
 
- Ըստ էության Միությունը կամուրջ է, գրական կամուրջ։ Կալիֆորնիայի ՀԳ միությունը խարսխվա՞ծ է , թե այնուամենայնիվ ունի կամուրջներ, որոնք տանում են հեռավոր հայրենիք։
 
- Այո, Միությունը գրական կամուրջ է, և այն խարսխված է սփյուռք-հայրենիք գրականության տաճարի ամրագրման առաքելությանը... Միության կամուրջները տանում են թե՛ հեռավոր հայրենիք, թե՛ Արցախ, թե՛ Ջավախք և այլուր, որտեղ որ ստեղծագործող հայ կա և միտված են կամրջելու մեր ոսկեղենիկ մայրենիի հարահոլով մուսաները: 
 
- Ո՞րն է Ձեր հորդորը 21-րդ դարի հայ մարդուն: 
 
- Հորդորս մեկն է՝ երբեք չկորցնել տիեզերական ոգով մկրտված աստվածարար մարդու դիմագիծը...
 
- Որքանո՞վ է հեշտ տրվում օտար հողում կազմակերպել հայկական մտավորականության համախմբումը, և այս ճանապարհին ի՞նչ խնդիրների եք բախվում։
 
- Օտար հողում հայրենիքի կարոտը հոգևոր մերձեցման յուրահատուկ և որոշակի դերակատարում ունի...
 
Հայապահպանման ոգեղենությունը մարտահրավեր է և՛ գրականության, և՛ արվեստի, և՛ մշակույթի անխաթար ռիթմը սրբորեն պահպանելու համար... Դժարություններ կան և դրանք հաղթահարելու համար, կամք և նպատակասլացություն է հարկավոր, չզգալու համար ոտքերիդ տակ երերացող օտար հողի շունչը...
 
- Մասնագիտության բերումով և ի պաշտոնե շատ եք շփվում ստեղծագործողների հետ, ի՞նչ վիճակում է հայ գրական իրականությունը։
 
- Հայ գրականության իրականությունը որոշակիորեն շաղկապված է ժամանակի իրատեսության հետ... Եվ շատ կարևոր է նրա դերն ու նշանակությունը այդ առումով... որքանո՞վ է այն համահունչ այսօրվա ժամանակի հետ... ի՞նչ գործոններ կան այն զարկ տալու, ընթերցողի ճաշակին հրամցնելու... գրականությունը համայնացնելու, այն ոգեղենացնելու իմաստասիրությամբ:
 
- Ձեր ստեղծագործությունները տպագրվել են նաև համահեղինակային ժողովածուներում, որքանո՞վ է կարևոր դրա դերն ու առաքելությունը գրողի համար։
 
- Այո, իմ բանաստեղծությունները տպագրվել են Անրի Բագրատունու հեղինակած «Հայ Արդի Գրողներ» եռահատորի երկրորդ և երրորդ հատորներում, ինչպես նաև Գևորգ Սարգսյանի հեղինակած «Գրական անդաստան» ժողովածուի առաջին հատորում...
Իսկ թե որքանով է դա կարևոր գրողի համար՝ կասեի՝ անհրաժեշտություն է...
 
Զրուցեց Էռնեստո Վահրամը