«Մարդկությունը դեռևս չգիտի իր անցած ճանապարհը»

ԶՐՈՒՅՑ ԼԵԶՎԱԲԱՆ, ՀԱՅԱԳԵՏ ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆԻ ՀԵՏ

- Վերջերս նշվեց Ձեր ծննդյան 70-ամյակը: 70 երկար տարիներ, որոնց երեք քառորդը նվիրել եք հային և առհասարակ մարդուն ճանաչելուն։ Ի՞նչն է Ձեր, Որպես լեզվաբան և հայագետ՝ ի՞նչն է շարժիչ ուժը։
 
- Կարծում եմ՝ ամեն մարդ էլ իր կյանքի ինչ-որ հատվածում այդ հարցը տալիս է ինքն իրեն, թե վերջապես ինքն ով է, ինչու է ծնվել և ինչու հատկապես այս կամ այն ազգի ծոցից, այս ծնողներից և՝ թե որն է իր առաքելությունը այս կյանքում։ Իմ նմանների պարագայում, այսինքն ցեղասպանությունից փրկված մարդկանցից ծնվածների դեպքում, հարցերը բազմապատկվում են։ Որովհետև կյանքի ենք կոչվել օտարության մեջ։ Ի՞նչ իմաստ ունի տեսակը, լեզուն, ավանդույթները պահպանելը, երբ ավելի հեշտ է ապրել տվյալ երկրի ազգերին ձուլվելով։ Ինձ նմաններն օտար ափերում նման էին լուսնից ընկած ինչ-որ էակների, որոնք չկարողացան իրենց տեղը գտնել երկնքի տակ։ Չեմ ասում նյութական առումով, որովհետև հայ մարդը աշխատասեր ու հնարամիտ է։ Սակայն հոգեբանորեն մենք որբ էինք, օտարական՝ չնայած որ մեր պապերն ու հայրերը մեծ հարգանք էին վայելում տեղաբնակների շրջանում։ Կարծում եմ՝ պատճառը արյան կանչն էր։ Ահա դա էլ ինձ մղեց՝ խորութեամբ ուսումնասիրել և ճանաչել մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը։
 
- Դուք նաև մաշտոցագետ եք. մտավորական, ով կարողացել է թարգմանել մաշտոցյան «Հաճախապատումը»՝ «Ճառս յաճախագոյնս»։ Ո՞րն է Մաշտոցի ասելիքը այսօրվա հային, ինչը պետք է իմանա յուրաքանչյուր հայ։
 
- Երբ հարց բարձրացրի, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի իմաստասիրական «Հաճախապատում» խրատական ճառերի, քարոզների ժողովածուն և «Լուսավոր Ճառք» երկը պետք է թարգմանել, ի զարմանս ինձ, իմացա, որ աշխարհի երեսին չկա այն գրաբարագետը, ով կկարողանա թարգմանել։ Ստիպվեցի ինքս կատարել այդ գործը, որն ինձ համար դարձավ հաց ու ջուր՝ հոգևոր իմաստով։ Կարող եմ հայտարարել, որ այդ երկը եզակի է համաշխարհային գրականության մեջ՝ որպես իմաստասիրություն, որպես հոգևոր երկ, Աստվածաբանություն, որպես բարոյագիտության հիմնավորում. նաև՝ զուտ ճանաչողական գիտության աղբյուր։ Նմանը չկա։ Դրա համար էլ մոտ հարյուր տարի առաջ Խրիմյան Հայրիկի հովանավորութեամբ տպագրված գրաբար օրինակի խմբագիր Արշակ Տեր-Միքելյանն ասում է, որ դա պիտի լինի յուրաքանչյուր հայի սեղանի գիրքը։ Մենք Աստվածգիտությունն իմանալու համար պետք չունենք Հնդկաստան կամ Թիբետ գնալու։ Իսկ նրանք և այլ հավատքների հետևորդները, փիլիսոփաներն ու մտածողները հաստատապես շատ բան ունեն սովորելու Մաշտոցից։
 
- Պատմության մասին հանրությանը իրազեկող մեծ զենքերից են նաև կինոն և թատրոնը. ըստ Ձեզ, կարո՞ղ է լինել նման նախաձեռնություն՝ ֆիլմ կամ ներկայացում, որն ամբողջությամբ կարող է արտացոլել Ձեր ասելիքը՝ ամենատարբեր պատմական կերպարների շուրթերով։
 
- Մարդկությունը դեռևս չգիտի իր անցած ճանապարհը։ Խոսում են 6000, ապա մինչև 12.000 տարվա մարդկային քաղաքակրթության մասին, բայց որպես շղթայական, շարունակական պատմություն՝ հազիվ են հատում 4000  տարին։ Մինչդեռ իմ հեղինակային գործում երկրածին մարդու պատմությունը հասնում է 115.000 տարվա։ Իսկ Երկիր մոլորակի կազմավորումը հասնում է մոտ 400.000 տարվա։ Այսօր ոմանք 4.000 տարուց ցատկում են միլիոնավոր թվերի։ Հեքիաթասացներ ինչքան ուզեք՝ կան։ Մինչդեռ անհերքելի փաստերն անտեսվում են։ Ասենք Նոյան ջրհեղեղի ժամանակագրությունը մինչև այսօր փորձում են տարուբերել։ Մինչդեռ դա տեղի է ունեցել մոտ մեզանից 38.000 տարի առաջ։ Իհարկե, ֆիլմերը ուսուցողական մեծ դերակատարություն ունեն, սակայն դժվար թե այդպիսի բան ձեռնարկող լինի, ասենք՝ աշխարհարարման գործընթացի մասին իմ տեսակետները նկարահանեն։ Դա, իհարկե, ցանկալի է, բայց կարծում եմ՝ շատ ծախսատար կլինի, նաև ոչ ցանկալի՝ աշխարհի ակադեմիաների կողմից։ Սա քաղաքակրթական պատերազմ է։
 
- Վերջերս «Վերելք» հաղորդաշարի ժամանակ ծավալուն անդրադարձ կատարեցիք Աստվածաշնչին։ Որքանո՞վ են այս բացահայտումները ընդունելի Աստվածաբանության տեսակետից։
 
- «Վերելք»-ում իմ խոսքն ուղղված  է համայն մարդկությանը և հատկապես՝ հոգևոր դասին։ Մարդկությանը տրված սուրբ գրքերը իրարից անջատ չեն, բաժանարար չեն, այլ, ինչպես Քրիստոսն է ասում՝ «Ես չեկա ջնջելու հինը, այլ՝ լրացնելու»։ Այսինքն, մենք պարտավոր ենք այդ բոլորի մեջ գտնել նույնություններն ու զարգացող շարունակական կապը, և ոչ թե իրար դեմ պատերազմ հայտարարենք ու մղենք։ Աստվածաբանությունը տիեզերական ճշգրիտ գիտություն է և ոչ թե որևէ մեկի փոփոխվող քմահաճույքը։ Այդ գիտությունը հիմքն է յուրաքանչյուրիս ինքնաճանաչման, որից հետո միայն կարելի է ընդարձակել անձի ճանաչողության սահմանները։ Մենք մերն ասում ենք ու անցնում, չենք պարտադրում։ Ով ականջ ունի՝ թող լսի ու թող մտածի։
 
- Ձեր հեղինակած գիրքը բավականին արագ  սպառվեց. կա՞ արդյոք առաջիկայում այն վերահրատարակելու հեռանկար։
 
- Արագ սպառում ասվածը  տպավորություն է թողնում, թե բեսթսելլեր է գրքերը։ Այդպես չէ իրականությունը։ Երկուհարյուրական օրինակ էր և շատ քիչ մտավորականների է հասել ցավոք։ Իսկ վերահրատարակելու ակնարկներ լինում են, սակայն դեռևս խոսքի սահմաններում են մնում։
 
- Ի՞նչ ակնկալիքներ ունենան Ձեր հայտնի աշխատություններին ծանոթ ընթերցողները, որոնք սպասում են նորությունների։
 
- Այդ երկու գրքերը այնքան ծալքեր ունեն, որ մի ընթերցումով, նույնիսկ մի քանի ընթերցումով հնարավոր չէ մտապահել ամբողջը։ «Լեզուաբանութի՞ւն թէ Իմաստասիրութիւն» գործս շատ խիտ է գրված։ Այն ընկալելուն խանգարում են նաև մեզ ամեն կողմից մատուցված ու նույնիսկ պարտադրված անկատար ու խոցելի տեսությունների կաղապարները՝ պատմաբանության, լեզվաբանության, մշակութաբանության, փիլիսոփայության ոլորտներում։ Պիտի ուղեղում տեղ բանալ, մաքրվել կեղծիքներից, որոնք ողողել են եթերը։ Երբ որ ընթերցողը փակագծերը բանալու կարիքն զգա, ապա ինքն էլ կգտնի ինձ, ու կքննարկենք։
 
- Ի՞նչ տվեց պատմաբանի, լեզվաբանի և հայագետի մասնագիտությունները Մովսես Նաջարյան հային, ով ապրում է 21֊րդ դարում։
 
- Ես պատանի տարիքում մեր դպրոցի պարբերաթերթի հարցին, թե ի՞նչ եմ ուզում այս կյանքում, գրել եմ «Ճանաչել Մարդը»։ Ես բավական մոտեցել եմ այդ ճանաչողությանը հենց հայագիտության, լեզուաբանության և պատմության իմ պրպտումներով։ Մեր սերունդը չի ունեցել Ուսուցիչ, ինչպիսիք կան Հնդկաստանում, Թիբետում և այլուր։ Ես գտել եմ իմ Ուսուցչին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որն իր մի համեստ գրքով իմ առաջ բացել է ամբողջ մի տիեզերք, առանց  ծամծմոցների, առանց զարտուղիների, առանց թանձր վարագույրների ետև թաքնվելու, պարզ ու լուսավոր։ Ես կայացել եմ որպես մարդ, գիտեմ ինչու եմ ծնվել։ Սա մեծագույն երջանկություն է։Ես այնքան երջանիկ եմ, որ կյանքս իզուր չեմ անցկացրել, այս տարիքիս էլ ժամանակ չունեմ նարդի, շախմատ խաղալու հարևանների հետ, այլ ժամանակս տրամադրում եմ մեր մատղաշ սերնդին։
 
 
Զրուցեց Էռնեստո ՎԱՀՐԱՄԸ