Գրական ճգնաժամը, բարեբախտաբար, իմ տեղը չգիտի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԻՐԱՀԱՅ ԳՐՈՂ ՆԺԴԵՀ ՋԱՎԱԽՔՑՈՒ (ԱՎԹԱՆԴԻԼ ՎԱՐԴԻԿՅԱՆ) ՀԵՏ

- Նժդեհ, Հայրենիքից հեռու եք ապրում, բայց հայրենիքի մի շարք մշակութային միավորումների անդամ եք՝ «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղխորհուրդ, Կալիֆորնիայի ՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչություն և այլն։ Գրեթե բոլոր միջոցառումներին՝ անկախ տարածությունից ժամանում եք Հայաստան, սա ի՞նչ է, կարոտի փարատո՞ւմ, ինչ֊որ բան փոխելու ձգտո՞ւմ, նոր ասելիքի ամրապնդման ցանկությո՞ւն։
 
- Այնպես չէ, որ ես Հայրենիքիցս հեռու եմ ապրում: Տարվա որոշ մասը իմ ծննդավայր Ջավախքում եմ ապրում ու ստեղծագործում, որոշ ժամանակ՝ Ռուսաստանում... Շատ  կապված եմ Հայրենիքիս հետ և ուզում եմ է՛լ ավելի մոտենալ արմատների: Հայրենիք այցելելը ինձ համար պահանջ է: Ձեր նշած հարցերը մեկը մյուսից ես չէի բաժանի, որ յուրաքանրյուրին առանձին- առանձին պատասխան չտայի, քանի որ Դուք արդեն իմ իսկ փոխարեն գրեթե պատասխանել եք: Այո, դա և՛ անմար կարոտի փարատում է, և՛ երկրիս վերափոխմանը մասնակից լինելը, Հայաստան-Սփյուռք ամուր կապի ավելի ամրապնդումը և իմ գիրը  հայրենակիցներիս շրջանում առավել հասանելի դարձնելու ցանկությունը: Ես դատարկ ձեռքով երբեք Հայրենիք չեմ այցելել, իմ հետ միշտ ունեցել եմ գոնե մի քսան օրինակ գիրք՝ նվիրելու համար: Նույնը արել եմ վերադարձիս՝ օտար ափերում ապրող հայրենաբաղձ հայրենակիցներիս տարագրանքը սփոփելու միտումով։ Ահա սա է հավանաբար գնահատվել Ձեր նշած մշակութային օջախներում և հիմք հանդիսացել նրանց ընտանիքի անդամը դառնալուն։
 
- Ձեր մշակութային գործունեությունը հայտնի է շատերին. մեծ թվով հետևորդներ ունեք նաև սոցցանցերում, իսկ Ջավախքո՞ւմ։ Ձեր աշխատանքը նպաստո՞ւմ է, ոգևորո՞ւմ է մյուս ստեղծագործողներին, որոնք շրջապատում են ձեզ Ջավախքում: 
 
- Չեմ կարող անկեղծ չլինել ու ճիշտ չպատասխանել տրված հարցին.Չկա նախկին աշխուժությունն ու մտերմությունը մտավորականներիս մեջ, փոխվել է շփումների պահանջարկն ու բնույթը: Ճնշվածություն է զգացվում ամենուր, մարդիկ ավելի զուսպ են դարձել, վարանում են մի տեսակ... Ես իմ համախոհներն ունեմ և այստեղ, ում հետ խաղաղ լծվել  ենք մեր հայեցիությունը պահպանելու սրբազան գործին՝ ինչ գնով էլ որ լինի... Ինչպե՞ս կարող է պոետը անմասն մնալ իր երկրի ցավերին ու էլ ի՞նչ պոետ՝ առանց նրան ոգևորող շրջապատի...
 
- Ձեր պոեզիայում նկատելի է արձակին և չափածո բանաստեղծություններին բնորոշ բոլոր ասելիքները՝ սեր, հայրենասիրություն... Ո՞րն է Նժդեհ Ջավախքցի գրողի գլխավոր ասելիքը։ 
 
- Յուրաքանչյուր ստեղծագործող բազմաժանր պիտի լինի, նախ՝ ինքն իրեն փնտրի իրեն հոգեհարազատ ոճում, իսկ կողմնորոշվելուց ու գտնելուց հետո՝ սկսի հանրությանը մատուցել իր արդար տքնանքների պտուղները: Այո, ես բազմաժանր ստեղծագործող եմ, ու իմ ասելիքն էլ տարբեր է: Առավել շատ ու հաջողակ իմ լսարանին ես որպես «սիրերգակ» եմ հայտնի, չնայած հայրենասիրականը` միշտ առաջնային եմ համարել: «Ոճիր» պոեմս, իմ թույլտվությամբ լույս տեսավ Դանիայում ապրող մի հայրենասեր հայ գործարարի աջակցությամբ՝ 500 օրինակ տպաքանակով ու անվճար բաժանվեց տեղի համայնքում։ Կարևորում եմ մարդուն՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով, փորձում եմ նրա կրծքի տակ քնած բարին արթնացնել, իմ զգացած գեղեցիկը անկեղծ մատուցել: 
 
Որպես գրող ես իրավունք չունեմ աչքաթող անել ոչ միայն գոյություն ունեցող հասարակական ու կոլեկտիվ խնդիրները, այլ  նաև նեղ ու անհատականը: 
Չգիտեմ ինչքանով է դա ինձ հաջողվում, բայց չեմ զլանում ջանալ...
 
- Որպես միջին և ավագ սերնդին հարող գրող՝ ի՞նչ եք տեսնում այսօր, ի՞նչ է պակասում օրվա պոեզիայում, ի՞նչ կար առաջ, որի կարիքը կա հիմա, և ի՞նչ կա հիմա, որ լավ կլիներ, եթե լիներ և նախկինում։
 
- Ծավալուն պատասխան  պահանջող հարց է, բայց ես կփորձեմ համապարփակ մեկնաբանել։ Յուրաքանչյուր ժամանակ իր հրամայականն ունի մեր կյանքում: Այս օրինաչափությունը տեղին է նաև անհատի գեղագիտական դաստիարակության պատասխանատու գործում: Հասարակ մարդը, ով արվեստի մեջ չէ ու չի արարում, եթե  անգամ սխալ է արտահայտվում, նրան ներելը հեշտ է, իսկ ստեղծագործողին՝ անհնարի չափ դժվար, մենք սուտ, կամ անտեղի խոսելու իրավունք չունենք։ Գրականությունը երբեք կանգառներ չի ունենա, եթե կյանքը համընթաց է ընթանում, ու դրա համար ինչ երեկ կար ու գնահատվում էր, նույնը և այսօր է այդպես...
 
Բոլոր ժամանակների հանճարները ապրել և ստեղծագործել են տարբեր ժամանակներում ու կոնկրետ հասարակական պայմաններում, բայց նրանց թողած գոհարները՝ արվեստի լավագույն գործերը, դուրս են եկել իրենց դարի սահմաններից ու որպես մնայուն գործ ապրում են և մեզ հետ, ուր կասկած չի կարող լինել, որ նրանք հարատև կյանքով են օժտված:
Պարտավոր ենք գնահատել ու պահպանել հինը և նրա կողքին արժեքավոր նորը ավելացնել...
 
- Ի՞նչ արժեք ունի այսօր գրող֊մտավորականի խոսքը ընթերցողների շրջանում, նրանց արձագանքը բավարարո՞ւմ է արդյոք Ձեզ՝ որպես ստեղծագործողի։
 
- Ինչ հրաշալի կլիներ, եթե նման հարցերի պատասխանները լսեինք ընթերցողից... Յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր լսարանն ու հետևորդների բազմությունը, ուր և մենք բացառություն չենք կազմի: Ջերմ ու մտերմիկ կապ է ձևավորվել իմ և նրանց միջև, ինչը խրախուսելի է ու անհրաժեշտություն։ Առանց հոգեհարազատ ընթերցողների, երկրպագուների ու համախոհների չկա ու չի կարող լինել արվեստի արժանի մշակ... 
 
- Ի՞նչ չունի սփյուռքի հայ գրողը, որն ունի հայաստանաբնակը, որը կարող է բերել նշանակալի փոփոխության գրողի կենսակերպում։
 
- Հայաստանաբնակ գրողը իր հարազատ հողում է, իսկ Սփյուռքում արարող հայը՝ օտարության մեջ... Սրանով կարելի է ասել ամեն բան, այնուամենայնիվ առավել կծավալվեմ թեմայի շուրջ. իմ գրական ծածկանվան Նժդեհ ստացած անունս, կապ չունի մեծ  զարավար Գարեգին Նժդեհի փառապանծ անվան հետ, իմ դեպքում թափառական իմաստն է արտահայտում... 
Գրեթե երեք տասնամյակից ավել դեգերել եմ օտարության մեջ, մայրենի լեզվով անգամ չեմ կարողացել բարձրագույն կրթություն ստանալ  (չնայած երկու ԲՈՒՀ եմ ավարտել), բայց ոչ մի պահ չեմ զլացել աշխատել ինքս ինձ վրա, որ ետ չմնայի կյանքի պահանջներից, իմ ինքնությունից։ Նախնիներիս կանչը ինձ նորից իմ հայրենի Ջավախք վերադարձրեց, և արդեն հինգ տարի է՝ ապրում եմ հայրենի գյուղումս, իմ հայրական տանը...
 
- Որպես ընթերցող, ի՞նչ ժանրեր եք նախընտրում և ո՞ր հեղինակներին եք ընթերցում, երբ գալիս է գրական ճգնաժամը:
 
- Ես մոլի ընթերցասեր եմ: Հարուստ գրադարան ունեի, որը ցավոք չի պահպանվել: Հիմա էլ  ուշադրությամբ հետևում եմ շատերի ստեղծագործական գործունեությանը, կան արժանի գրչի տեր անհատներ, գովեստի արժանի գործեր... 
 
Գրականությունը գեղեցիկ խոսքը բարձր ճաշակով  ու հմտորեն մատուցելու արվեստ է, ուր իմացածը պահպանելու ու զարգացնելու համար ես ուղղակի չեմ կարող ընթերցասեր չլինել...
 
Գրական ճգնաժամը, բարեբախտաբար, իմ տեղը չգիտի ու ինձ չի այցելում, որովհետև ես միշտ բառի ու թղթի հետ եմ: Այ, եթե հոգումս գեղեցիկի կամ թախծի քաղց զգամ, կհիշեմ Շիրազին կամ Վարուժանին, Բոդլերին կամ Տերյանին... Այնքան շատ են մեր հանճարները, որ կարդա՝ ինչքան կկարողանաս, միևնույն է` բոլորին չես հասցնի... Ահա այսպես ես գրականության մեջ եմ, ու հուսով եմ, որ գրականությունն էլ միշտ իմ մեջ միշտ կլինի...
 
Զրուցեց Մուշեղ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ