Շարունակելու ենք կրել հայոց գրի ու գրականության աստվածատուր խաչը

Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Վերդի ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

- Արդեն մեկ ամիս է, ինչ մեզ հետ չէ անվանի դրամատուրգ, արձակագիր և բանահավաք Անրի Բագրատունին։ Անրի Բագրատունի պոետին հիշելիս ի՞նչն է, որ առաջինն անցնում է ձեր մտքով, այն, ինչը չգիտենք ու հարկ է իմանալը անվանի գրողի մասին։
 
- Դժբախտաբար... Եվ թերևս ամենաբնորոշ շեշտադրումն արդեն իսկ հղել է անվանի մտավորական, դրամատուրգ Գևորգ Սարգսյանը՝ «ժամանակակից գրականության ողնաշարի մի ողը կոտրվեց...»:
 
Անրի Բագրատունի Մարդուն, պոետին և մտավորականին գիտեմ տարիներ… Գիտեմ նրա հոգու ալեկոծության տեղատվություններն ու մակընթացությունները, բարոյական արժեհամակարգի որդեգրած սկզբունքների ազնիվ ու անաչառ կշռույթների ծանրակշիռ կշիռները...
 
Անրի Բագրատունու ներաշխարհն անհուն տիեզերք էր՝ ողողված անհատնում նվիրումով, ճառագող ջերմությամբ, բազմաշերտ գույների ներկապնակով շաղախված, խոհափիլիսոփայական, սիրո, մահվանախոս գրչակտավների երանգների խճանկարով զարդարված: Հրաշալի ընկեր էր, գրչընկեր: Մեր մտերմության հարթակը հոգևոր անսահմանություն ձգվող կամուրջն էր՝ գրի ու գրականության, պոեզիայի բաբախող զարկերակներով...
 
Անրի Բագրատունին այն եզակի մտավորականներից էր, ով կրում էր մշակույթի բոլոր նշաձողերի բարձրարժեք համադրումը... 
 
- Անրի Բագրատունին, ստեղծագորական գործունեությանը զուգընթաց, ԿՀԳՄ նախագահ Գարուշ Հարյանցի ու Ձեր ղեկավարությամբ հիմնեց ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացուցչությունը, որը գործում է մինչ այսօր։ Ի՞նչ տվեց սա ԿՀԳՄ գրական մեծ ընտանիքին։
 
- Այո, Անրի Բագրատունին դարձավ ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացուցչության հիմնադիրը՝ հիմք դնելով Սփյուռք-Հայաստան արդի գրականության տաճարի ձևավորմանը, դրա կայացումը արտացոլելով իր՝ Բագրատունիական համահեղինակային ժողովածուների մնայուն գրավչությամբ։ Որը, այո՛, շարունակվում է նաև այսօր։
 
- Բագրատունին, որպես բանահավաք, հեղինակել է «ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐՈՂՆԵՐ» և «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» համահեղինակային ժողովածուները։ Դուք տպագրվել եք երկուսում էլ, ընդ որում՝ բոլո՛ր հատորներում։ Ի՞նչ տպավորություններ կան այս ժողովածուների հետ կապված։
 
- «Հայ արդի գրողներ» եռահատորը Անրի Բագրատունի բանահավաքի մտահաղացման փայլուն արգասիքն էր. ծնունդ և մկրտություն տալ ժամանակակից գրականությանը՝ հնարավորություն ընձեռելով հայտնի և անհայտ հեղինակներին՝ ներկայանալու ընթերցողին, թողնելու իրենց գրչի վրձինները:
«Ձայն հայրենյաց» երկհատոր համահեղինակային ժողովածուն եկավ կնքելու Անրիական լուսաքաղ մտքի ղողանջի վերջին ակորդները...
 
 
- Դուք նաև «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ժողովածուի երկրորդ խմբագիրն էիք՝ Անրի Բագրատունու գլխավոր խմբագրությամբ։ Գիրքը մնաց կիսա՞տ: Ի՞նչ է լինելու «Ձայն հայրենյաց» ժողովածուի հետագա հատորների ճակատագիրը։
 
- Այո՛, ես «Ձայն Հայրենյացի» երկրորդ խմբագիրն էի՝ Անրի Բագրատունու գլխավոր խմբագրությամբ...
 
Գիրքը կիսատ չի մնացել. մենք՝ «Ձայն Հայրենյաց» 2-րդի խմբագրակազմը, ավարտին ենք հասցրել այն և շուտով կհայտարարենք գրքի ծնունդը: 
Անրի Բագրատունու ցանկությունը գիրքը շարունակելն էր, չխաթարել «Ձայն Հայրենյացի» գրական հոսքը, շնչառությունը: Եվ այստեղ երկու կարծիք չի կարող լինել...
 
Բագրատունիական համահեղինակային ժողովածուն կշարունակի իր գրական կյանքը. միայն թե, որպես գլխավոր խմբագրիր կշարունակեմ ես՝ Անրի Բագրատունու մտերիմ, վստահված գրչընկերը, նույնքան վստահված խմբագրակազմով... 
 
- Բագրատունուն վերջին շրջանում մեծ ճանաչում բերած «Քրիստոնեության հանճարը» պատմական դրամայի գրախոսողներից մեկը դուք էիք, և ձեր գրախոսությունը տեղ է գտել գրքի առաջաբանում: Ի՞նչ կասեք Ա. Բագրատունի դրամատուգի մասին։
 
- Այո, «Քրիստոնեության Հանճարը» պատմական դրաման յուրօրինակ թատերգություն է՝ իր հոգևոր դերակատարմամբ: Այն Անրի Բագրատունի դրամատուրգի աստվածարար հոգու ճիչն է, քրիտոնյա մտավորականի կերպարը՝ հոգևոր գրականության մատուցմամբ, կրթադաստիարակչական վեհ ու վսեմ գույների պերճաշուք ասելիքով...
 
- Բագրատունին մեծ սեր ու հարգանքի ուղեբեռով բռնեց հավերժի ճամփան. ի՞նչ ուղերձ թողեց մեզ՝ ապրողներիս, ստեղծագործողներիս։
 
- Նրա  թողած գրական, մշակույթային ժառանգությունը բաց կտակ է ապրողներիս, ուղեցույց՝ ստեղծագործողներիս և պատգամ՝ պատվով ու սրբորեն շարունակելու հայոց գրի ու գրականության աստվածատուր, երանելի խաչը, որը շարունակելու ենք կրել։
 
Զրուցեց Ավետիք ՍԱՐԳՍՅԱՆԸ