Ամեն ինչի ակունքում գաղափարն է և նպատակը

Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության հասարակության հետ կապերի պատասխանատու, «Ձայն հայրենյաց» համահեղինակային ժողովածուի խմբագրակազմի քարտուղար Ավետիք Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, դժվար տարի էր 2020 թվականը. նախ համավարակը, ապա՝ պատերազմը: Այնուամենայնիվ, Ձեր մշակութային գործունեությունը կարծեք թե իր թափը չկորցրեց։
 
- Այո՛, չափից ավելի ծանր տարի էր, բայց այդ ծանրությունը յուրատեսակ խթան է՝ պատասխանատվության խոր զգացում։ Չերչիլը ժամանակին ասել է, որ եթե չլինի մշակույթ, ուրեմն չի լինի պայքարելու իմաստ։ Այս գաղափարախոսությունը այսօր առավել քան արդիական է։ Այս գիտակցումն ենք կրում մենք՝ ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչությունը, միության անդամ և բարեկամ գրչընկերները։ Ահա թե ինչու մենք, որպես պատասխանատու հայ, որպես ամուր մնալու աննահանջ կամքով թիկունք, պայքարում ենք ու անում թերևս ավելին, քան կանեինք խաղաղ ու ներդաշնակ օրերին։
 
- Ի՞նչ նախաձեռնություններ են իրականացվել, և ի՞նչ հեռանկարներ կան։
 
- Ծրագրեր, ինչպես նշեցի, շատ եղան, առավելապես՝ ԿՀԳՄ փոխնախագահ, բանաստեղծուհի Աիդա Վերդիի, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար, միության պատվավոր անդամ Մարինե Իսրայելյանի, ԿՀԳՄ պատվավոր անդամ, դրամատուրգ Գևորգ Սարգսյանի և ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի նախաձեռնությամբ ու հոգատար վերահսկողության պայմաններում։ Տպագրվեցին «Ձայն հայրենյաց» համահեղինակային ժողովածուի երկրորդ, երրորդ հատորները, ընդամենը հաշված օրեր հետո ընթերցողի սեղանին կդրվի գրքի չորրորդ հատորը՝ կրկին Աիդա Վերդիի գլխավոր խմբագրությամբ և Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ։ Հրատարակվեցին «Գրական անդաստան» ժողովածուի երրորդ և չորրորդ հատորները՝ Գևորգ Սարգսյանի գլխավոր խմբագրությամբ և Մարինե Իսրայելյանի խմբագրությամբ։ 
 
Մարինե Իսրայելյանի անձնական նախաձեռնությամբ հրատարակվեց ավելի քան հինգ տասնյակ ժամանակակից գրողների հայրենասիրական գործեր ներկայացնող «Հայրենականչ» համահեղինակային ժողովածուն, տպագրվեց դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի «Բաղրամյան» պատմական, հերոսական դրաման։
 
- Այսքան գրքեր՝ մեկ տարում. ի՞նչ նպատակի են ծառայում գրքերը։
 
- Կարևոր հարց եք բարձրացնում։ Ամեն ինչի ակունքում գաղափարն է, նպատակը։ Նպատակները տարբեր են, եթե «Ձայն հայրենյաց» և «Գրական անդաստան» ժողովածուները ծառայում են գրող-ընթերցող կապի ամրապնդմանը, գրական միասնության խթանմանը, ապա «Հայրենականչ», «Բաղրամյան» գրքերը հրատարակվել են հաջակցություն Արցախի։ Մեր նախաձեռնությունները մշտապես իրականացնում են մշակութային բարեկամության ամրապնդման առաքելությունը, ուստի մեր գրքերը վաճառքի չեն դրվում, որպես այդպիսին «Հայրենականչ» և «Բաղրամյան» գրքերն էլ չեն վաճառվում, համենայն դեպս՝ ո՛չ այնպես, ինչպես ընդունված է։ Գիրքը ձեռք բերելու համար մարդիկ ընդամենը վճարում են կատարում Համահայկական հիմնադրամին և կտրոնն ուղարկելով մեզ՝ ստանում են իրենց օրինակները։
 
- Այսինքն աջակցությունը ցուցաբերվում է ո՛չ ձեր անունից։
 
- Ո՛չ, անմիջականորեն մեր անունից չէ, աջակցությունը իրականացվում է, և կարևորը դա է։ Չեմ կարող ասել, թե մեծ ներդրում է, բայց մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր լումա այսօր կարևոր է։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ մեր բազմաթիվ գրչընկերներ, միանալով այս նախաձեռնությանը, պատրաստակամություն հայտնեցին վաճառքի հանելու և հիմնադրամին փոխանցելու իրենց հեղինակած գրքերի օրինակները։ Որպես հայ և որպես մշակութային իրականության մի մասնիկ, սա ինձ համար մեծ հպարտություն է։
 
- Ասացիք՝ ներկայումս նոր ծրագրեր են իրականացվում, խոսքը «Ձայն հայրենյաց» և «Գրական անդաստան» ժողովածուների հաջորդ հատորների մասի՞ն է։
 
- Ո՛չ, այս երկու ժողովածուներն ի սկզբանե նախատեսված են եղել լինել քառահատոր։ Ներկայումս ընթացքի մեջ է նոր ժողովածու՝ «Վերածնունդ» խորագրով, Մարինե Իսրայելյանի գլխավոր խմբագրությամբ և Գևորգ Սարգսյանի խմբագրությամբ։ Ընթացքի մեջ է մեկ այլ, շատ կարևոր նախաձեռնություն, խոսքը «Ժամանակակից դրամատուրգիա» թատերգությունների համահեղինակային ժողովածուի մասին է, որում ներկայացված են ԿՀԳՄ պատվավոր անդամ, դրամատուրգ Գևորգ Սարգսյանի, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանի, ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Գուրգեն Միքայելյանի և ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի թատերգությունները։ Այս գրքի գաղափարախոսությունը մերօրյա թատրոնների գրական բաժինների և գրադարանների ֆոնդը համալրելն է, որը, գուցեև, հանգեցնի խաղացանկի փոփոխության։
 
Զրուցեց Արմեն ԵՓՐԵՄՅԱՆԸ