«Գրողը գրում է և պետք հասանելի դառնա իր ընթերցողին»

Առաջիկայում լույս կտեսնի Կալիֆորնիայի հայ գրողների միության
«Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի չորրորդ՝ եզրափակիչ հատորը։ Այս մասին է մեր զրույցը գիրքը կազմող և գլխավոր խմբագիր, դրամատուրգ
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ.
 
 
- Պարոն Մոս-Մուշեղյան, ի՞նչ տվեց «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարը ձեզ, գրքում ներկայացված դրամատուրգներին, թատրոններին ու հասարակությանը։
 
- Ինձ անձնապես մեծ բավարարվածության զգացում տվեց սույն մատենաշարը։ Բավարարվածություն, որը աստիճանաբար վերածվում է ինչ-որ ժամանակ պատահած, անցյալում մնացած ջերմ զգացողության։ Հասկանալի բան է, որքան էլ աշխատենք, չենք կարող ասել, որ մենք արել ենք այն, ինչը կարելի է կոչել բավական։ Մի հրաշալի ասացվացք կա. «Բոլոր աստղերը չես հաշվի, որքան էլ ժամանակ անցկացնես երկնքի տակ»։ Դա այդպես է։ Իմ մյուս գրչընկերներին, որոնք ներկայացված են մատենաշարի չորս հատորներում, գիրքը տվեց ընթերցասեր հասարակությանը հերթական, իսկ որոշ գրողների՝ առաջին անգամ ներկայանալու առիթներ։ Որքան էլ ընթերցված դրամատուրգներ լինեն Գևորգ Սարգսյանը, Ռուբեն Մարուխյանը, Սամվել Խալաթյանը, միևնույնն է, գրքում տեղ գտածը ընթերցված չէր, բեմ տեսած չէր... Այսինքն ոչ միայն ավելորդ չէր, այլև անհրաժեշտ էր, որպես օրվա հրամայական։ Թատրոնը ժամանակի ու հասարակության հայելին է, և հարկ է ժամանակը ժամանակին գնահատել։ 
 
- Բարդ չէ՞ արդյոք գրքերի հանրայնացումը, մանավանդ թատերագրական ժանրի գրքերի։
 
- Բնավ ոչ։ Ոչ՝ ի պատիվ Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանաբնակ ներկայացուցիչների, ովքեր ներկայացուցչության ղեկավար Մարինե Իսրայելյանի գլխավորությամբ և հատկացումների մասին համապատասխան որոշումներով համալրում են Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների գրադարանները, թատրոնների գրադարանները, դպրոցները և այլ կրթական-մշակութային օջախները։ Միության «Գրադարանների համալրում» ծրագիրը հենց այս նպատակի համար է, որպեսզի սերտացվի գրող-ընթերցող կապը։
 
- Ժամանակակից դրամատուրգիա անթոլոգիան կարելի՞ է գտնել Հայաստանի բոլոր թատրոնների գրադարաններում, այսինքն այն հասանելի՞ է բեմադրիչներին։
 
- Չեմ կարող ասել, թե բոլոր թատրոններն արդեն ունեն իրենց ձեռքի տակ, բայց պարբերական թարմացումներ են տեղի ունենում։ Ես տեղյակ եմ, որ մատենաշարի օրինակներ ունեն Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Աբելյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի անունները կրող թատրոնները,. ունեն այլ թատրոններ ևս, որոնց չնշեցի, իսկ որոնք էլ  չունեն՝ անպայման կստանան։ Վերը նշյալ ծրագրով դրամատուրգիական ժանրի անհատական գրքեր էլ են հատկացվում գրադարաններին մեր կողմից։ Այս գրքերը մեծամասամբ մեր միության անդամ դրամատուրգների՝ Գևորգ Սարգսյանի, Գուրգեն Միքայելյանի, իմ գրքերն են։
 
- Ասացիք` Ձեր աշխատանքը ավարտած չեք համարում։ Ուրեմն ինչո՞ւ չի լինի անթոլոգիայի հինգերորդ, վեցերորդ հատորներ։
 
- Ի սկզբանե, երբ հանդես եկա առաջարկով և խնդրեցի միության հավանությունը` կազմելու «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարը ես ներկայացրի հստակ ծրագիր։ Օրինակ՝ գրքերի հատորներում կներկայացվեն չորս, ապա հինգ, ապա վեց հեղինակներ, գիրքը կլինի քառահատոր և այլն։ Այսպես էր նախատեսված, այսինքն որպես այդպիսին՝ նախագիծը ավարտված է, Աշխատանքը անավարտ լինելու մասին խոսքս վերաբերում էր նրան, որ մենք՝ դրամատուրգներս, դեռ շատ անելիքներ ունենք։
 
- Հնարավո՞ր է, որ ապագայում լինեն համանման նախաձեռնություններ։
 
- Վստահ եմ, որ կլինեն։ Գրողն իր գրիչը վայր չի դնում քանի կա, քանի ապրում է, և պետք է հրատարակվի։ Այլ խնդիր է, որ իմ բարի ցանկությունն է տեսնել նույնաբովանդակ նախագծեր նաև այլ կառույցների կողմից...  Ավելին, ես շատ կուզեի, որ Հայաստանում լիներ դրամատուրգիական փառատոն, որպիսին եղավ տասնամյակ առաջ և կյանք չունեցավ, կուզեի նախաձեռնվեր և կյանք ունենար։
 
- Ի՞նչն է խանգարում Կալիֆորնիայի հայ գրողների միությանը նախաձեռնել այդպիսի փառատոն,  ի՞նչն է խանգարում ձեզ հանդես գալ նման առաջարկությամբ։
 
- Ինձ բացարձակապես ոչինչ չի խանգարում առաջարկ անել, բայց ես գիտեմ նաև մեր հնարավորության չափը։ Այդ չափը ներկայում այնքան չէ, որպեսզի փառատոն նախաձեռնվի, սակայն հավատացած եմ, որ ԿՀԳՄ անդամների և ղեկավարության ներուժը մի օր կստեղծի այդ հնարավորությունը։ Խնդիրը սա չէ։ Խնդիրը փնտրենք այլ տեղ, այլ հարցադրմամբ՝ իսկ ի՞նչ են անում ուրիշները, իսկ ի՞նչ է անում պետությունը։
 
- Փորձե՞լ եք դիմել նախարարությանը։
 
- Մեր ներկա և նախկին մի քանի նախարարները հավանաբար չեն համակրում ինձ, ճիշտ այնքան, որքան ես՝ նրանց։ Ես՝ ոչինչ չանելու համար, նրանք՝ իմ հարցադրումների ու արդար պահանջների։ Ես իմ ստեղծագործական կենսագրության ընթացքում հասցրել եմ հասկանալ, որ պետությանը նման հարցով դիմելով նմանվում եմ աֆրիկյան այն ցեղերի բնակիչներին, որոնք անձրևի ակնկալիքով 11 ամիս ծեսեր են անում և մեկամսյա անձրևները համարում դրա արդյունքը։ 
 
- Ո՞րն է ելքը։
 
- Հայ ազգի համար ելքը միշտ և բոլոր հարցերում մեկն է՝ միասնությունը, այն հավաքական ուժը, որի մասին դար առաջ խոսում էր Չարենցը։
 
- Այնուամենայնիվ կլինի՞ «ժամանակակից դրամատուրգիայի» առաքելությունը շարունակող որևէ նախագիծ։
 
- Ինչպես ասացի՝ գրողը գրում է և պետք է հրատարակվի, դառնա հասանելի իր ընթերցողին։ Ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է ձգտենք առաջ ընթանալ։
 
 
Զրուցեց Արմեն ԵՓՐԵՄՅԱՆԸ