Շնորհակալ լինելն առաքինություն է

Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Անդրանիկ ՆԱՋԱՐՅԱՆԻ (Ավետիք Սարգսյանի) հետ

Պարոն Նաջարյան, հաճելի է տեղեկանալ, որ նշանակվել եք Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և, կարծեմ՝ ոչ առաջին անգամ։
 
- Այո, առաջին անգամ չեմ այս կարգավիճակում։ Նախկինում մի քանի անգամ կարճ ժամանակով եղել եմ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի պաշտոնակատար։ Գրականության ոլորտում նախընտրում եմ Ավետիք Սարգսյան անուն-ազգանունը, որով հանդես եմ գալիս գրական աշխարհում։ Անգամ ընկերներս են այդ անվամբ դիմում, թեպետ պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև անդամատոմսի վրա Անդրանիկ Նաջարյան անուն-ազգանունն է։
 
Ինչո՞վ է պայմանավորված գրական անվան ընտրությունը։ Ինչո՞ւ Ավետիք Սարգսյան։
 
- Գրականության մեջ երկու սիրելի գրողների հետ է կապված ընտրությունը և հետո, գիտեք, աշխատանքի մեջ, մանավանդ ստեղծագործող մարդկանց միջավայր մտնելիս պետք է փոխվես, լինես լրիվ ուրիշ մարդ՝ քո առօրյայից դուրս, հոգսերից, ոչ մշակութային գործունեությունից ազատված՝ ինչպես մի սրբավայր մտնելիս ոտքերն են սրբում, գլխարկն են հանում, փոխվում, դառնում այդ միջավայրի աուրայի կրողը։ Եթե անկեղծ՝ ես չգիտեմ, թե այս կամ այն գրողը ինչո՞ւ է այլ անուն վերցրել, հավանաբար նմանատիպ ինչ֊որ շարժառիթով։
 
Պարոն Սարգսյան, Կալիֆորնիայի հայ գրողների միությունը շարունակում է իր գաղափարական առաքելությունը՝ գրատպության և գրադարանային ֆոնդի համալրման գործում։ Ի՞նչ ծրագրեր կան։
 
- Ներկայում տպագրության է պատրաստվում «Երկիր նաիրյան» խորագիրը կրող ժամանակակից գրականության մատենաշարի առաջին հատորը, մեր լավ բարեկամ, նշանավոր դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանի առաջաբանով։ Տպագրության է պատրաստվում նաև «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի անդրանիկ հատորը, որը «Ժամանակակից դրամատուրգիա» անթոլոգիայի տրամաբանական շարունակությունն է, և՛ ֆորմատով և՛ առաքելությամբ։ Գրքի առաջաբանի հեղինակը կլինի ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԿՀԳՄ պատվավոր անդամ Բյուրեղիկ Մնեյանը, ում պիեսները ներկայացվել են «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի բոլոր հատորներում։
 
Ակտիվ եք նաև ժամանակակից ստեղծագործողներին արժևորելու և խրախուսելու գործում։ Կա՞ն մրցույթների, գրական փառատոների նախագծեր, որոնք նախատեսում եք իրականացնել։
 
- Խրախուսանքը և արժևորումը շատ կարևոր են։ Առհասարակ, շնորհակալ լինելն է լավ բան։ Մարդիկ, ստեղծագործողները, որոնք ամբողջ կյանքում ծառայել են ի շահ հայ մշակույթի, տրվել են դրան անմնացորդ՝ արժանի են, որ ասենք շնորհակալություն։ Վերջերս դրամատուրգ Սամվել Խալաթյանին մեր Միության կողմից շնորհվեց «Երախտագիտություն» պատվո շքանշան։ Ինձ համար մեծ ուրախություն ու նաև հուզմունքի առիթ էր նրա այն գրառումը, ըստ որի «Երախտագիտություն» շքանշանը իր երկու կարևոր ձեռքբերումներից մեկն է՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչումից հետո։ Չէ՞ որ գրի ու գրականության  բազմավաստակ մշակը բազմաթիվ ձեռքբերումներ, կոչումներ ունի...
 
Ինչ վերաբերում է մրցույթներին, ապա հեռվում նշմարվում է դրամատուրգիական փառատոնի գաղափարը։ Խորհրդատվական քննարկումներ են ընթանում Միության անդամ դրամատուրգների հետ։ Ծրագրում ենք նաև այլ միջոցառումներ, որոնց մասին ներկայում չարժե խոսել։
 
Գրատպության և Հայաստանի գրադարանային ֆոնդի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքները ևս կարծեք թե Ձեր մշտական ուշադրության ներքո են։
 
- Անշուշտ։ Լույս տեսավ ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանի (Արգամ Ափրիկյան Տուֆեցի) բանաստեղծությունների ժողովածուն, ինչը շատ ուրախալի լուր էր ինձ համար, քանի որ շատ եմ հավանում նրա ձեռագիրը. առաջիկայում այս գիրքն էլ մեր մյուս գրչընկերների՝ Ագապի Գրիգորյանի, Իրինա Արամյանի, Գուրգեն Միքայելյանի, Մխիթար Մոս-Մուշեղյանի, Գևորգ Սարգսյանի և ուրիշների գրքերի հետ մեկտեղ կգտնի իր ընթերցողին գրադարանում։ Գրատպություն ասացիք, ուզում եմ ևս մի հատկանշական ու կարևոր գրքի մասին խոսել։ Առաջիկայում մեր սեղաններին կլինի նաև ԿՀԳՄ անդամ, նշանավոր դրամատուրգ, պրոֆեսոր Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ» հաստափոր գիրքը՝ շուրջ 400 էջ։
 
«Պիեսներ» ժողովածուն նույնպե՞ս ԿՀԳՄ ձեռնարկն է։
 
- Այո,  պրոֆեսոր Մարուխյանի խնդրանքով գիրքը խմբագրելու առաքելությունը տրվեց դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանին, իսկ հրատարակչական ամբողջ աշխատանքները ԿՀԳՄ ընդհանուր ուժերով է։ Որպես առաջաբան օգտագործվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի կարծիքը Ռուբեն Մարուխյանի մասին։
 
Ի՞նչ ազդակներ, ինչ արձագանքներ եք ստանում գրքերից, որոնք հրատարակվում և ճանապարհ են բռնում դեպի ընթերցողը։
 
- Գրադարանների ղեկավարների ոգևորությունը, շնորհակալական խոսքերը, նոր գրքերին նրանց սպասումը խոսում է ժամանակակից գրականության պահանջարկի օրավուր բարձրացման մասին։ Ինչ խոսք, ուրախալի է։ Շատ ուրախալի էր նաև Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացված նամակն առ այն, որ «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի հատորյակներն իրենց տեղն են գտել ՀՀ նախագահի գրադարանում. շատ հաճելի էր շնորհակալական խոսքը, ինչպես նաև հետագա արգասաբեր գործունեության մաղթանքը՝ ուղղված գիրքը նախաձեռնողին։ Առաջիկայում, չխախտելով ավանդույթները, ծրագրում եմ այցելել Արմավիրի մարզի գրադարաններ, հատկացումներ անել։
 
Ինչո՞ւ հատկապես Արմավիր։
 
- Մշտապես, առաջնայնությունը տալով հեռավոր մարզերին կարծեք թե երևանամերձ մարզերում մենք բավարար հատկացումներ չենք կատարել։ 
 
 
Զրուցեց Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ