Երբ աշխատանքդ վայելք է պարգևում

Օրեր առաջ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ և ջանքերով լույս տեսավ հայ ականավոր դրամատուրգ, Կալիֆորնիայի հայ գրողների միության «Երախտագիտություն» պատվո շքանշանի դափնեկիր, վաղուց արդեն դասական դրամատուգների շարքը համալրած Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ» թատերգությունների ժողովածուն։
 
«Մխիթարին՝ հայ մշակույթի երևելի, տաղանդավոր գործչին, երախտագիտությամբ և սիրով նվիրում եմ գիրքս, որի ծննդի համար պարտական եմ Մխիթարին։ Միշտ՝ քո Ռուբեն Մարուխյան». անչափ հուզիչ այս ընծայագրով գրքի առաջնեկ օրինակի հասցեատերը, բնականաբար, խմբագիր Մխիթար Մոս-Մուշեղյանն էր։ 
 
Այս գիրքը մի ամբողջ միության ամիսների քանքարն է, որը միշտ պիտի սիրով հիշվի։ Գրքի տեխնիկական խմբագիրը ԿՀԳՄ ՀՆ նախկին (արձակուրդում գտնվող) ղեկավար Մարինե Իսրայելյանն է։ Առաջիկայում նախատեսվում է գրքի շնորհանդեսը, ինչը, իհարկե, հեղինակի որոշմամբ կլինի։ Վստահաբար՝ Հայաստանի խոշոր գրադարաններն իրենց գրապահոցում կունենան գրքի օրինակներ՝ հատկապես թատերագրական ժանրի սիրահարների համար։ Օրինակներ կստանան նաև Հայաստանի խոշոր թատրոնները։ 
 
Գրքի ծնունդից հետո հանդիպեցինք պրոֆեսորի հետ՝ մեկ գավաթ սուրճի «ուղեկցությամբ» վերստին նշելու երկար սպասված այդ իրադարձությունը. մեզ ընկերակցում էր ևս մեկ դասական դրամատուրգ՝ ԿՀԳՄ պատվավոր անդամ Գևորգ Սարգսյանը։
 
Հագեցած օրվա գեղեցիկ հուշով վերադարձա Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարի պարտականություններին՝ մի պահ տխրելով, որ զրկվում եմ ավագ ընկերներիս ներկայությունն ավելի երկար վայելելու, նրանց հետ ավելի երկար զրուցելու հնարավորությունից։ Բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Պիտի կարողանանաք հավաքվել ու հավաքական ուժով առաջ ընթանալ։
 
Անցա աշխատանքիս՝ հիշելով երախտիքի այն խոսքերը, այն ջերմ շնորհակալությունները, որ լսել էի անցնող օրվա ընթացքում ու սկսեցի մտորել, իսկ քանի՜ քանիսին ես պիտի շնորհակալ լինեմ։ Գտա... և առաջին երկու շնորհակալագրերը, որ ստորագրեցի ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի պաշտոնում՝ իմ հարազատ «Ավանգարդ» թերթի հարազատ ղեկավարինն էր՝ Ջուլիետ Մարտիրոսյանինը. մարդու, ով դեռ փորձում է իր ուսերին կրել  գրեթե մեկդարյա պատմություն... Երկրորդը ՀՀ «Հաղթանակ ազատամարտիկների բանակ»-ի (ՀԱԲ)  հրամանատար, գեներալ֊մայոր, Գեներալ֊մայոր Արսեն Ամիրխանյանինն էր, ով այնքա՜ն հոգատար, այնքա՜ն բարեկամորեն է վերաբերվում գրական աշխարհին, և մեծ պատրաստակամությամբ ցանկանում է մեր «Գրադարանների համալրում» ծրագրի շրջանակում գրքեր հատկացնել մեր զորամասերին։ Աստված թող զորավիգ լինի Հայոց բանակին, հայ զորականին, մշակին, գրողին, որ շենացնենք հողը հայրենի։ Իսկ մենք՝ գրականության մշակներս, միշտ պատրաստ ենք լինել ու մնալ հայրենիքի հետ, հայրենիքի ու մեր հայրենակիցների կողքին։
 
Անդրանիկ ՆԱՋԱՐՅԱՆ
(ԱՎԵՏԻՔ ՍԱՐԳՍՅԱՆ)
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի պաշտոնակատար