Նորահաս ու վերահաս սերունդներին

Բյուրեղիկ Մնեյանը եզակի մտավորականներից է, որին կարելի է վերագրել ներքին արիստոկրատիզմը, որը բնորոշ է նախորդ դարի մեր պանծալի մտավորականությանը։ Մատների վրա կարելի է հաշվել այն մտավորականներին, որոնք ի ծնե կրում են այս արիստոկրատիզմը և ակամա փոխանցում նաև նրանց, ում հետ շփվում են, լինի դա գործնական, թե անձնական, կարճ, թե երկար շփում։
Հիրավի, Բյուրեղիկ Մնեյանին կարելի է դասել այն մտավորականների շարքին, որոնց տեսնելիս ցանկանում ես իսահակյանաբար գոչել. «Ոտքի՛, դարն է գալիս»։ Վաղուց ութսունհինգի շեմը անցած մտավորականը կարողացել է ապրել ու ստեղծագործել այնպես, որ տարիների բեռը չկորացնի նրա վաստակաշատ ուսերը։
 
 
«Հիանալի աղջիկ է, հիանալի դերասանուհի, ճարպիկ, խարիզմատիկ, պատասխանատու...». այսպես է բնութագրում արտիստուհուն նշանավոր դրամատուրգ Գևորգ Սարգսյանը, ով առիթ ունի ճանաչել Բյուրեղիկ Մնեյանին ավելի քան հինգ տասնամյակ։
 
Սարգսյանը և Մնեյանը ծնվել են մի քանի ամսվա տարբերությամբ, սակայն Սարգսյանի տպավորությամբ, Բյուրեղիկ Մնեյանը իրենից երիտասարդ է մեկ-երկու տասնամյակով։ Իհարկե, սա հենց այն բանի վկայությունն է, որ տարիների բեռը չի կորացրել արտիստուհու ուսերը, ով այսօր էլ  ստեղծագործում է, ստեղծագործում է երիտասարդական ավյունով և ավագի պատասխանատվությամբ։
 
Կալիֆորնիայի հայ գրողների միության հանձնարարականով հանձն առա առանձին գրքույկով կազմել հանրահայտ արտիստի մանկական դրամատուրգիական գործերը, քանի-որ նախկինում, որպես ԿՀԳՄ «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի կազմող, առիթ ունեցել էի ծանոթ լինել դրանց։ Ապշել կարելի է, թե պատկառելի տարիք ունեցող արվեստագետն ինչպես է մանկացել և ինչո՞ւ, իհարկե`  մանուկների համար։ Ուրեմն այս պիեսները չեն կարող չտարածվել ու չդառնալ իրենց` մանուկների սեփականությունը` որպես ընկեր, բարեկամ և դաստիարակ։ Այո, դաստիարակ, որովհետև բազմավաստակ արտիստը տարիներ շարունակ զբաղվել է նաև մանկավարժությամբ և գիտի մանուկների հոգեբանությունն ու հոգին։
 
Ես քանիցս անդրադարձել եմ դրամատուրգիային, ժանրի խնդիրներին և հստակ գիտեմ, որ դրամատուրգիայի կարևորագույն գործոնը և դրամատուրգի մեծագույն առաքելությունը ասելիքն է։ Սույն փոքրիկ 
ժողովածուի մեջ ամփոփված պիեսները, որոնք միակը չեն Բյուրեղիկ Մնեյանի դրամատուրգիական ստեղծագործությունների շարքում, ունեն մեծ ասելիք և ուղերձ ու հիմա, ինչպես և լինում է դրամատուրգիական ստեղծագործության ավարտից հետո, գնդակը մեր բեմադրիչների դաշտում է, որոնք, կարծում եմ, կօգտվեն բազմավաստակ մտավորականի ասելիքից և կմատուցեն այն նորագույն սերնդին ոչ միայն որպես գեղարվեստական գործ, ոչ միայն որպես ժամանց, այլ նաև կհանդիսանան կրթական ու դաստիարակչական առաքելություն։
 
Ո՞րն է այդ առաքելությունը, որն իր վրա է վերցրել արտիստ-դրամատուրգը` գրելով գրքում ներառված պիեսները։ Դա հեղինակի տեսած ու վայելած մանկության քաղցրությանը ծանոթացնելն է նորօրյա  սերունդներին, այն սերնդին, որը առավելապես զբաղված է տեխնոլոգիայի դարով թելադրված խաղերով և ցավալիորեն ծանոթ չէ հին ու բարի, անմեղ` «Զիլինա», «Յոթ քար» ու այլ խաղերի հետ, որոնք մեր մանկության անբաժան մասն են եղել, ասել է թե եղել են այն կուլտուրան (գուցե նաև մշակույթ բառի իմաստով), որով մեծացել ենք ու զարգացրել մեր հոգեկերտվածքը` հեռու ամեն տեսակ դաժան, երբեմն արյունալի տեսարաններով հագեցած խաղերից, որոնք ինքնին դաժանություն են սերմանում դեռևս չձևավորված մարդու ենթագիտակցության մեջ։
 
Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ֆիլմերը, համաշխարհային կինեմատոգրաֆը մեծ դեր ունեն` որպես քարոզչություն։ Իսկ ի՞նչ դեր ունեն այս առումով մուլտերը մանկահասակների համար։ Ի՞նչ են ուսուցանում։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հաճախ հանդիպելով մերօրյա մուլտերին` սարսափ եմ ապրում դրանց  տողատակերից։ Ու ահա, այս ֆոնին, մեր սիրելի  Բյուրեղիկ Մնեյանը հանձն է առել գրել այնպիսի ստեղծագործություն (ստեղծագործությունների շարք), որոնք անպայմանորեն պետք է գրավեն մեր բեմադրիչների ուշադրությունը` ոչ միայն գեղարվեստական տեսանկյունից, այլև նորագույն սերնդին հայ մեծացնելու առաքելությամբ` ի հակակշիռ ապազգային քարոզչության։ Եվ ավելին` ծառայում են ազգայինի պառակտման առաքելությանը։
Որպես սույն գրքի կազմող խմբագիր և հեղինակի արվեստակից բարեկամ` մեծ հպարտություն եմ զգում, որ ես էլ հնարավորություն ունեմ ավագ ընկերոջս ազգաշահ առաքելության իրականացման գործում քայլել նրա կողքին։
 
Ցանկանում եմ, որ Բյուրեղիկ Մնեյանը դեռ երկար չիջնի բեմից, իսկ նրա գրական, գեղարվեստական ստեղծագործությունները բարձրանան հայ թատրոնի բեմ ու մնան խաղացանկում` նորահաս ու վերահաս սերունդների համար։
 
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Դրամատուրգ