Մշակույթը՝ ազգային գեն

ԱԿՈւՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ․․․

Հայկական թատրոնը  և գրականությունը խոր արմատներ ունեն հայկական լեռնաշխարհում, որի անբաժան մասն է Արցախը, ու այդպես էլ պիտի լինի՝ չնայած տխրահռչակ 2020 թվականի պատերազմին և դրա արդյունքին։ Արցախի հայկականության բազմաթիվ վկայություններից է նրա մշակույթը, որից առանձնացնելով հատկապես թատրոնը (որպես ասպարեզից փոքրիշատե հասկացող մարդ, ով Արցախը կրում է իր սրտում), ուզում եմ խոսել Արցախի թատրոնի մասին։ 
 
Թատրոնի գոյության,  կարևորության և հազարամյակների պատմության մասին խոսք բացելիս,  ողջ խորությունն ինչպիսին որ կա ըմբռնելու համար, նախ հասկանանք, թե ի՞նչ է նշանակում թատրոն, ի՞նչ դեր ունի գրականությունը թատրոնում․ այդուհետ միայն փորձենք հասկանալ՝ այս երևույթները այդ ո՞ր անհիշելի ժամանակներից գոյություն ունեն հայկական իրականության մեջ։ 
 
«Թատրոն» բառը հաճախ է ասոցացվում «ներկայացում» կոչվածի հետ։ Իրականում սրանք երկու տարբեր երևույթներ են։ Թատրոն բառը ծագում է հին հունարենից և թարգմանաբար նշանակում է հանդիսությունների վայր։ Այսինքն՝ վայր, որտեղ տեղի են ունեցել (ունենում) հանդիսությունները (ներկայացումներ)։ Երբ ասում ենք «Գնանք թատրոն», նկատի ենք առնում այն վայրը, որտեղ կարելի է ներկայացում դիտել։ Հիմնավորված փաստ է, որ դեռևս 2000 տարի առաջ հայկական իրականությունում թատրոնը մեծ տեղ է զբաղեցրել․ դեռևս երկու հազարամյակ առաջ բեմադրվել են «Բաքոսուհիները» և այլ ողբերգություններ։ Այսպիսով հաշվի առնենք, որ Հայաստանում եղել են թատրոն(ներ), որտեղ կարելի էր ներկայացումներ ցուցադրել ու դիտել։ Այս կարծիքն առավել ամրապնդվում է, երբ պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, այսպես ասած ԱՌԱՋԻՆ հայ դրամատուրգի՝ Արտավազդ Արտաշիսյանի մասին։ Խոսքը, հասկանալիորեն, Արտավազդ Բ արքայի մասին է, ով թատերգություններ էր գրում՝ ողբերգություններ և ժամանակի բարքը ցուցադրող կատակերգություններ՝ բեմադրելով դրանք։ Հենց այս շրջանից է, որ Հայաստան աշխարհը պետական (արքունական) մակարդակով տեղ տվեց թատրոնին ու տարածեց հայկական տարածքներում՝ այդ թվում նաև Արցախում։ Չմոռանանք, թե ինչ կարևորություն ուներ Տիգրանակերտը՝ անվանակոչված Արտավազդի հոր՝ Արքայից արքա Տիգրան Մեծի անվամբ։ Մի քաղաք, որը Արտաշիսյան դինաստիայի օրոք կարևորագույններից էր թե՛ տնտեսական, թե՛ մշակութային տեսանկյունից։ 
 
«Ազգը ազգ չէ, եթե իր հոգում չի կրում մշակույթ» ասվածը երեկ չեն հորինել։ Սա եղել է միշտ՝ անհիշելի ժամանակներից մինչ այսօր։ Խոշոր և կարևորագույն հայկական քաղաքներից մեկը կարո՞ղ էր չունենալ իր թատրոնը... միանշանակ՝ ոչ։ Թե ի՞նչ պատահեց հայկական պետականության հետ Բագրատունիներից և ապա Լուսինյաններից հետո Կիլիկիայում՝ հայտնի է բոլորիս։ Ուստի հայկական պետականության բացակայությանը զուգահեռ ստիպված ենք շրջանցել դարեր և դարերի միջանցքում մոռանալ  նաև հայ թատրոնը՝ հասնելով 19-րդ դար։ Իհարկե, չենք կարող ասել, որ այս երկար ընդմիջման ժամանակ հայկական թատրոն գոյություն չի ունեցել աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, բայց... Արդեն 19-րդ դարում հայ թատրոնը (ասելով հայ թատրոն՝ չի կարելի առանձնացնել Արցախը) նորովի վերածնվեց։
 
Շուշիում թատրոնաշինության հիմքը դրվեց է 1865 թվականից, երբ Թբիլիսիից ժամանած դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամերիկյանը և Սեդրակ Մանդիլյանը Շուշիում տեղի թատերասերների հետ բեմադրեցին Սրապիոն Հեքիմյանի, Հակոբ Կարենյանի պատմահայրենասիրական պիեսները։ Պատմահայրենասիրակա՛ն․ իսկապես հիանալի է, մինչդեռ նման բան չեն անում այսօր, 21-րդ՝ թույլատրելիության դարում։ Տեղի սիրողական խումբը 1868 թվականից ներկայացումներ էր խաղում Համբարձում Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում։ Նկատենք՝ հենց 1888 հիշարժան թվականին ծնվեց հայ բեմի հսկան, մեծանուն ողբերգակ Վահրամ Փափազյանը (ախր այդ այնքա՜ն հեռու է)։  Բեմադրվում էին հայազգի՝ ժամանակն ամբողջացնող գրեթե բոլոր դրամատուրգները (ահա նաև ժամանակի հայկական գրական ոգին ու շունչը), իսկ բեմադրիչները բեմ էին հանում այնպիսի գործեր, որոնցից է «Արշակ Երկրորդ» պիեսը՝ հայկական պատմության ցայտուն օրինակներից մեկը թատերագրական ժանրում։ 
Թատրոնն այնքան զագացած էր, որ բեմադրում էր անգամ արտասահմանյան գրականություն․ որպես օրինակ կարելի է բերել Մոլիերի «Բռնի ամուսնությունը»։ Դպրոցական ներկայացումներ էին կազմակերպվում հոգևորականության կողմից,  (ղեկավար՝ Խորեն եպիսկոպոս Ստեփանե)։ Պիեսներ էին գրում տեղի գրեթե բոլոր դրամատուրգները՝ Տիգրան Նազարյանը, Մ. Կոլմանյանը և ուրիշներ։ Բեմադրվում էր Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը», Խորեն եպիսկոոպոս Ստեփանեի «Լևոն Ա» և այլ ստեղծագործություններ։ 1882 թվականին Պետրոս Ադամյանը և Տաբելը տեղի թատերասերների հետ ներկայացնում էին Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և Ուիլիամ Շեքսպիրի «Համլետը»։ 
 
Հայ թատրոնի, Արցախի՝ Շուշիի թատրոնի մասին կարելի է խոսել երկար, բայց այս ամբողջ ծանոթագրությունը, սիրելի ընթերցող գալիս է լրացնելու հայկականության բյուրավոր օրինակները, որն ունի Արցախ աշխարհը։ Նկատենք, որ ոչ մի հնչեցված անուն օտար չէր և, եթե անգամ (ցավոք) այսօր մեզ անծանոթ են այս անուններից շատերը, միևնույն է, նրանցից հորդում է հայկականությունը։ Ո՛չ միայն հայկականությունը, այլև գեղագիտական այն բարձր ճաշակը, որը կարող էր ունենալ միայն հայկական թատրոնի խաղացանկը։ 
 
Եվ այսպես սերնդե սերունդ միմյանց հաջորդելով (փոխարինելով)՝ հայ բեմը նոր անուններ էր ծնում, անմոռաց անուններ, որոնք ոչ միայն իրենց, այլև իրենց ժամանակաշրջանի բարքերը ոսկե տառերով գրեցին պատմության էջերում` փոխանցելով մեզ... Պետրոս Ադամյան, Սիրանույշ, Հասմիկ, Փափազյան... Եվ այս անվանաշարքում ամենանանմոռաց անունը որ կա, և երբևէ չպետք է մոռացության մատնենք Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանի անունն է, ով եղավ Շուշիի թատրոնի հիմնադիրը։ Անուններ, հայ անուններ... Եվ ամեն մի անուն մի «Հետադարձ հայացք» ունի, որը մեզ տանում է այն ժամանակները, որ այսօր փորձում է մոռացության տալ թշնամին։
 
Այսօր փորձում են հերքել շատ պատմական ճշմարտություններ, որոնցից է օրինակ այն, որ 1891թվականից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ Թատրոն, որն ունեցել է 350 տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։
 
Թատրոնների կարևորությունն այնքան մեծ էր, որ անգամ վարագույրերը նկարում էին անվանի նկարիչները (Սունդուկյանի անվան թատրոնի առաջին վարագույրը նկարել է Մարտիրոս Սարյանը)։  Շուշիի հայկական թատրոնի վարագույրը նկարել է ծագումով գերմանացի, վրաց հանրահայտ նկարիչ Օսկաի Շմեռլինգը։ Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով, իսկ թատրոնի բացումը հանդիսավորությամբ արվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թվականի հուլիսի 7-ին։ «Խանդամիրյան» թատրոնում իրենց արվեստով գերել են հայ բեմի լավագույն դերասաններ՝ Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ․ Ավետյան, Հ․ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ, ուրիշներ, հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ադրբեջանցիների կողմից։
 
«Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը հայկական Արցախում։ Նկատենք, որ ադրբեջանցիները եղել են լոկ հյուր, որոնց տրվել է հյուրախաղերի հնարավորություն, ցուցաբերվել հային հատուկ հյուրընկալություն, այսինքն նրանք չեն եղել տեր, այլ օգտվել են հայի՝ բարեկամաբար պարզված ձեռքից, իսկ հետագայում, հատուկ իրենց վայրագ տեսակին, այրել են արվեստի այդ ինքնատիպ տաճարը։ 
Կյանքը շարունակվում էր, պետք էր առաջ նայել, ստեղծագործել, ամրանալ (ինչպես և հիմա)։ Այս շրջանում Շուշիի թատերական կյանքի վերականգնման գործում նշանակալի ներդրում են ունեցել նաև Բաքվի ՀԱՅՈՑ մշակութային միությունը և Թիֆլիսի ՀԱՅՈՑ դրամատիկ, ընկերությունը։ Սրանք նույնն են, ինչ այսօր համայն սփյուռքը հայոց, և եթե անգամ Բաքվի, ապա հայկական... 
1914 թվականին Շուշիի թատրոնը դարձել է Հայոց դրամատիկ ընկերության մասնաճյուղ՝ Լևոն Մանվելյանի «Մագդան» ներկայացմամբ ազդարարելով նորագույն շրջանի մեկնարկ։ Արդեն 1915 թվականին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել Հայոց մշակութային միության «Ազատ թատրոնը»՝ Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ, իսկ մինչև 1930-ական թվականները Շուշիում և Ստեփանակերտում գործել են առանձին սիրողական թատերախմբեր։ 1932 թվականին Կարո Ալվարյանի ջանքերով կազմավորվում է Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը (1932 թվականից՝ Մաքսիմ Գորկու, 1989 թվականից՝ Վահրամ Փափազյանի անվան)՝ բացումն աազդարարելով Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմականացմամբ։ Թատրոնի հիմնադիր կազմում էին Աննա Մելիքը, Ալեքսանդր Խսաչյանը, Միքայել Կորգանյանը, Արմեն Միրզոյանը, Հայկանուշ Դանիելյանը, ուրիշներ։
 
Հետագայում, ինչպես եղել է և կլինի, թատրոնը համալրվել է նոր ուժերով։ Նրա հետ միավորվել են Շուշիի խորհտնտեսային պետական շրջիկ (1942թ), Բաքվի Լևոն Երամյանի անվան պետական դրամատիկական (1949թ) թատրոնները։ Ընդգծենք, որ անգամ Բաքվում գործող թատրոնը կրում էր մեր հայրենակցի՝ Լևոն Երամյանի անունը։ 
 
Թատրոնն իր գոյության ընթացքում բեմադրել է հայկական, դասական և ժամանակակից դրամատուրգների ավելի քան 400 պիես՝ նպաստելով արցախահայության ազգապահպանությանը և գեղագիտական դաստիարակությանը։ Վահրամ Փափագյանը տարբեր տարիների (1933,1946,1958,1960) Ստեփանակերտի դրամատիկ, թատրոնի թատերախմբի հետ խաղացել է Օթելլո, Համլետ, Դոն ժուան, Կորրադո (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», Ժան-Բատիստ Մոլիերի «Դոն ժուան», Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»)։ Այստեղ հանդես են եկել այլ նշանավոր դերասաններ Ժասմենը, Լ. Արամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը,  ուրիշներ։ Հայեր, հայեր, հայեր... ցարական և խորհրդային հասարակարգում։ Ուշագրավ են ռեժիսոր Ի. Հովհաննիսյանի պատմահայրենասիրական թեմայով բեմադրությունները (Գուրգեն Թավրիգյանի «Մելիքի աղջիկը»՝ ըստ Լեոյի, Բենիկ Սեյրանյանի «Սամվել»-ը՝  ըստ Րաֆֆու, Մուրացանի «Ռուգան»-ը, Լյուդվիգ Միքայելյանի «Վարագդատ»-ը)։
 
Այս ամենը իհարկե չէր լինի, կամ կիրականանար մեծ դժվարությամբ, եթե մեր հայ մտավորականությունը դեռևս 1820-ական թվականներին Շուշին չդարձներ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր բուռն ծաղկում էր ապրում կրթական-մշակութային կյանքը, սակայն որի ամբողջ մեկ դար տևած մշակութային աննախադեպ վերելքը, ցավոք, ընդհատվեց 1920 թ. հայերի ֆիզիկական և մշակութային ցեղասպանությամբ։ 
 
Շուշիում լուսավորության գործի խթանման համար կարևորագույն քայլ էր 1859 թ. գրադարան-ընթերցարանի հիմնումը, որի մասին 1860 թ. «Կռունկ Հայոց Աշխարհին» գրում է. «Շուշիի հայկազունք … մի Վերծանության թանգարան հաստատեցին», որի մեջ հայերեն և ռուսերեն, տարաբնույթ գրքեր, օրագրեր և լրագրեր հավաքեցին հասարակաց ընթերցանության համար։ Հաստատության բացմանը մեծապես օժանդակում էին Աստվածատուր Շխեյանցը և Բաբա Բահադուրյանցը, որոնք, բացի դրամական օգնությունից, գրադարանը համալրում էին գրականությամբ։ Ու, թեև գրադարանից օգտվելը վճարովի էր, սակայն այն ուներ մշտական ընթերցողներ։ Ի լրումն գրադարանի, գործում էին նաև  մի քանի գրախանութներ։
 
Ահա թատրոնի, մշակույթի մի փոքրիկ ակնարկ սիրելի ընթերցող, որ գալիս է մերօրյա հային հավաստելու իր հավատամքի ճշմարտացիությունը, որ թեպետ հայաթափվել է հայի հայրենիքը, ցեղասպանվել է հայը, բայց երբեք չի մոռացել, թե որտեղից է գալիս և ուր է գնում, որն է իր ակունքը, իր ազգային մշակույթը։
Արցախ աշխարհի հայկականությունը երբեք կասկածի տակ չի առնվի, գոնե հայերի կողմից, իսկ ես, օգտվելով իմ մասնագիտական իմացություններից, համադրելով դրանք հանրագիտարանային տվյալներով, փորձեցի հերթական, գուցե ավելորդ անգամ փաստել, որ հայն իր տեղում է՝ եթե  անգամ տեղահանվել է բիրտ ուժերի ձեռամբ։
 
ՀԳ
Հոդվածը տպագրվել է Արցախի «Ստեփանակերտ» թերթում, ինչը կարևոր է, որովհետև այս հոդվածի առաջին հասցեատերը՝ արցախաբնակ հայն է, ապա մենք՝ հայաստանաբնակներս։ Երախտագիտությունս եմ հայտնում «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանին և «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանին հոդվածի հրատապությունը կարևորելու, գնահատելու և հրապարակելու համար։
 
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Դրամատուրգ, բեմադրիչ
Կալիֆորնիայի հայ գրողների միության
և Երգիծաբանների համահայկական միության
անդամ։ 
«Ժամանակակից դրամատուրգիա» և
«Դրամատուրգիական երկերի ընտրանի»
մատենաշարերի կազմող և խմբագիր
 
Լուսանկարում՝ Հոդվածի հեղինակը հայ թատերարվեստի նվիրյալ, բեմադրիչ, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանի հետ։