ԼԵՎՈՆ ՎԵՑԵՐՈՐԴ․ ԿԻԼԻԿԻՈ ԱՐՔԱՆ

(Գրական կարծիք)

«Պատմությունը մեր գործերի  գանձարանն է, անցյալի վկան,  օրինակ ու  խրատ ներկայի համար, նախազգուշացում՝ գալիքի համար»։
ՍԵՐՎԱՆՏԵՍ
 
Ժամանակակից դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի «Լևոն Վեցերերդ․Կիլիկիո արքան» ընդգրկում է  հայ ժողովրդի պատմության մի շատ կարևոր ժամանակահատված․ 14-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիո թափուր գահը Լուսինյան տոհմի իշխան Լևոնին հանձնելու և այնուհետև նրա գահակալության ամբողջ ընթացքի պատմությունը։ Հեղինակի գրչի տակ  կերտվել է Լևոն 6-րդ  հայոց արքայի տիպական կերպարը, արքա, որ արհավիրքի պահին չի խոնարհվում զավթիչների առաջ (ինչպես այսօր), արտահայտում է իր սերը սեփական ժողովրդի, սեփական հայրենիքի հանդեպ։
 
Արքա, որ հաղթանակներ տանելով՝ կյանքը զոհում է՝ ուժեղ պետություն և նվիրյալ բանակ ունենալուն։
 
Հեղինակը, ստեղծելով պատմական դեմքեր ու դեպքեր, կարողացել է հավատարիմ մնալ ռեալիզմի  սկզբունքներին, իր հերոսների անմիջական ու անկաշկանդ դրսևորումներով  ընթերցողին ներկայացնել Կիլիկիո   արքայի՝ Լևոն Վեցերորդի հզոր կերպարը, ում սերը հայրենիքի հանդեպ առավել է, ով   հայրենիքի շահը գերադասում է ամենից։ Առանցքային գաղափարը հենց այս է՝ ու՞մ է պետք մարդն առանց հայրենիքի, հայրենիքում է մարդու և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ ապագան,  հայրենիքի համար է, որ դրսևորվում է հային բնորոշ առանձնահատկությունը՝ արիությունը։
 
Հեղինակ Մխիթար Մոս-Մուշեղյանը հաճախ է անդրադարձ կատարում  պատմությանը, ստեղծում պատմական կերպարներ՝ վեր հանելով անցյալի սխալները՝ դրանով իսկ ապահովելով իր դրամաների  ճանաչողական ու գաղափարական արժանիքները։ 
 
Դրաման սկսվում է այսպես․Կիլիկիո գահը թափուր է․ թագապահական խորհրդի անդամներով հավաքված՝ քննարկում են ստեղծված  իրավիճակը, խորհրդի ղեկավար Մարիամ ավագ թագուհին տեղյակ է պահում կաթողիկոսին՝ թափուր գահը Լուսինյան տոհմի իշխան Լևոնին հանձնելու մասին, և նա ասում է․«Որպես Հայոց  հայրապետ՝ ես պատրաստ եմ սատարել Հայոց պետականության բարգավաճման գործին, ով էլ լինի գահակիրը։ Լևոն Լուսինյանի գահակալումը հաճո է Ձեզ՝ իշխանաց տներին և ամենայն Հայոց ժողովրդին»։
 
Լևոն արքային հանձնվում է մասնատված, կիսավեր երկիր  ու դատարկ գանձարան․ թագապահական խորհուրդը համաձայնության գալով դատարկում է գանձարանը՝ Կիլիկյան Հայաստանը կանգնեցնելով ոչնչացման առաջ՝ ամենը վերագրելով հանգուցյալ Կոնստանտին արքային, որի կառավարման օրոք տեղի են ունեցել ստոր դավադրություններ։ (Պատմությունը կրկնվում է․դավադրությունների երկիր է դարձել և այսօրվա Հայաստանը)։ Լևոն արքան հրամայում է, որ մեղավորներին մասսայաբար կալանավորեն և դուրս բերեն ամրոցից՝ ի տես բոլորի, որպեսզի իրական դավաճանները կորցնեն զգուշավորությունը և մատնեն իրենց ինքնությունը։ Արքայի խորհրդական Դարդելը խնդրում է ներում շնորհել նրանց՝ փոխարենը վերադարձնելով յուրացված պետական միջոցները, բայց արքայի վճիռը մնում է անփոփոխ․հարկավոր է  նզովքի արժանացնել բոլոր դավաճաններին։ 
 
Ընթերցողին ներկայացնելով Լևոն արքայի ներքին դրաման՝ հեղինակը կերտել է խիզախ մտքի տեր, հայրենիքի շահը անձնական շահից գերադասող գլխավոր հերոսի հզոր կերպար։
 
Սիսը նվաճված է, և Կիլիկիո գահը վերականգնված, բայց անընդհատ մեղադրանքներ են  հնչում արքայի հասցեին։ Մարգարիտ թագուհին բացատրում  է նրան, որ այդ ամենի պատճառը գահանիստ սրահում  արված իր երդմնակալությունն է, և որ դա վիրավորանք է ժողովրդին, իշխաններին, կաթողիկոսին, և հարկավոր է կրկնել երդմնակալության արարողությունն անպայման  Սուրբ Սոֆիայի տաճարում՝օրհնությամբ Պողոս Սսեցի կաթողիկոսի։ Արքան համաձայնում է և որոշում կատարել կամքը ժողովրդի։ Այնուհետև թագապահական խորհրդի անդամների զրույցից տեղեկանում ենք՝  շշուկներ կան, որ արքան պատրաստվում է  Խաչակրաց արշավանքի այն դեպքում, երբ Հայաստանը զորք չունի՝ իր սահմանները պահելու համար, և մի կերպ հաջողացնում է այդ անել վարձկանների միջոցով։ 
 
Բարձրաստիճան այրերի շրջանակում շշուկներ են տարածվում․ովքե՞ր են լինելու խաչակիրները։ Նրանք չեն ցանկանում իրենց զավակներին պատերազմ ուղարկել։ (Այսօր էլ արդիական է այդ թեման)։ Լևոն արքայի  համոզմունքն է՝  թշնամին պետք է տեսնի մեր սրի զորությունը, այդով  հանդերձ հեռու պահի  իրեն հայոց սուրբ հողից, պիտի հասկանա, որ հայերը պատրաստ են զոհել  կյանքը հանուն հայրենիքի։
 
Լևոն արքան, տեղեկանալով արքունիքում վխտացող առնետների՝ իրեն գահազուրկ անելու մտադրության մասին, ի լուր բոլորի հայտարարում է․«Լևոն արքան տեղի չի տվել իշխանաց դավադրությանը, որով ոմանք ցանկանում են տիրել  պապերիս գահին։ Ժողովուրդն այդպես ցանկացավ․․․Ես ծառայում եմ Սուրբ Մայր Եկեղեցուն և իմ ժողովրդին, ցավով եմ հետևում, թե ինչպես են մի քանի հաստափոր իշխաններ օգտվում ժողովրդի անտեղյակությունից ու փորձում սևացնել ազնվափայլ սուրս նրանց  աչքերում»։ «Մի՞թե կարծում եք, թե իմ արշավը՝ հանուն հայրենիքի, պիտի կատարեմ ձեր որդոց դիակների վրայով․․․Չեմ մեղադրում ձեզ, քանզի չեք ճանաչում ինձ։ Միայն թե․․․ու՞մ համար ենք ազատագրում հայրենիքը, ապահովագրում վերահաս վտանգներից, եթե պիտի գլխատվեն մեր ու մեզ հաջորդող  սերունդները»։ (Երանի այսօրվա արքան էլ այդպես մտածեր․ երեք սերունդ գլխատվեց)։
 
Այնուհետև Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի է ունենում Լևոն Վեցերորդ արքայի երդմնակալությունը, վերջում Վեհափառը նրան է հանձնում Կոստանդին արքայի ծիրանին՝ ի պահ և բոլոր կողմերից հնչում է․ «Փա՛ռք ու պատի՜վ Կիլիկիո թագավորությանը․․․Երկար կյանք Լևոն արքային․․․»։ Բայց ուրախությունը երկար չի տևում։
 
Հալեպի ամիրայի և եգիպտական զորքերը շրջափակում են Սիսը։ Միայն մի գաղտնի ճանապարհ կա, որով գիշերով կարող են դուրս  հանել  թագուհուն, կանանց։ Կաթողիկոսը հանում է իր խաչը և տալիս Լևոն արքային։ Նա մեկնում է պատերազմ, մի քանի տեղից վիրավորվում։ Սևակ սպարապետը արքային ուղղված նետը վերցնում է իր վրա։ Ամրոցում պաշարն սպառվել էր։ Սովից ու հիվանդություններից նեղված՝ Լևոնը ստիպված հաշտություն է խնդրում Հալեպի ամիրայից, կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնում   թշնամուն։ Մինչ հանձնելը հրամայում է արձանագրել ամեն ինչ, ինչպես որ կա և  հանձնել պատմության էջերին, քանզի  պատմության դասերը հարկավոր են եկող սերունդներին, հարկավոր է չթաքցնել ճշմարտությունը։ Նա գտնում էր, որ ապագայի հիմքը հարկավոր է դնել ներկայում, գիտակցում էր, որ առանց պայքարի չի կարող լինել առաջընթաց։ Հրամայում է կնիքն այնպես պահել, որ չընկնի մամլուքների ձեռքը։ 
 
Որքան էլ դաժան, բայց պատմական փաստ է․Լևոնն  իր ընտանիքի, կաթողիկոսի և հայ մեծամեծերի հետ  գերեվարվում է Կահիրե։ Գերեվարությունից ազատվելով (Կատալիայի արքան գնում է նրան եգիպտացիներից)՝ մեկնում է Եվրոպա, կյանքի վերջին տարիներն անցկացնում  Փարիզի Սենտ-Օուեն պալատում, որը  նրան  հատկացնոմ է Ֆրանսիայի Շառլ 6-րդ  թագավորը։ Երկու թագավորների միջև տեղի ունեցած զրույցում դրսևորվում է Լևոն արքայի հոգու անաղարտությունը․ «Կա մի բան, որ երբեք չեմ մոռացել և անկարող եմ մոռանալ․․․ Դա իմ ծագումն է, քրիստոնյա լինելն է, հայ լինելն է․․․ Հռոմի պապի բարեհաճությամբ հուսով եմ սկսել Խաչակրաց արշավանք և հասնել պատմական Հայաստան»։ Ի դեպ՝  այստեղ տեղին է մեջբերումը՝ Հռոմի Պապ Գրիգոր 13-րդի ճառից մի հատված․ «Բոլոր ժողովուրդների մեջ պետք է նշել հատկապես հայերի ցույց տված օգնությունը քրիստոնյա եկեղեցուն, թե ինչպես այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխանները գնում էին ետ գրավելու Սուրբ Երկիրը, ոչ մի ժողովուրդ , ինչպես հայերը չէին օգնում քրիստոնյաներին․ և նրանք ապահովում էին խաչակիրներին ձիերով, ուտելիքով և ուղեկցում անծանոթ  վայրերով։ Հայերը աջակցում էին այդ զինվորներին մեծագույն քաջությամբ և հավատարմությամբ Սուրբ Պատերազմների ընթացքում»։
 
Այնուհետև խորհրդականի հետ զրույցում Լևոն արքան ասում է ․«Այս սին կյանքում  բոլորն էին  սին։ Կա կրոն և հայրենիք»։ Զգալով մոտալուտ մահը՝ աղոթում է  և ասում․«Հոգիս խաղաղվեց․․․ Իսկ պարտքերս մնացին։ Թո՛ղ որ իմանան, թե որ կլինի ռազմ ու պատերազմ հողում հայրենի, ոգի կտամ հայ քաջ զինվորին։ Կողբամ կորուստը ամեն ընկնողի՝ մինչև հայրենի հողում հայոց դրոշը չծածանվի․․․»։
 
Եվ ի լուր աշխարհի հնչում է․ «Մարդի՜կ, լսեցե՜ք․․․ Վախճանվեց հայոց վերջին արքան․․․»։
 
Մոս-Մուշեղյանը հայրենասիրություն սերմանող իր այս դրամայով ցանկացել է ասել,որ պատերազմը զազրելի բան է, չարիք է, որով ախտահարված են բոլոր այն մարդիկ, ում համար գոյություն չունի հայրենիք և կրոն, ովքեր չեն մղել ազատագրական սրբազան պատերազմ և չեն զգացել  զինվորի անխախտ հավատարմությունը։ Հեղինակը սուր քննադատության է ենթարկել պալատական խարդավանքները, որ այսօր էլ չեն պակասում հայոց «արքունիքում», ի դերև է  հանում  դրանք՝ նեկայացնելով ողջ ճշմարտությամբ։
 
Ակնառու և ուշադրության արժանի են հեղինակի վարպետորեն կառուցած երկխոսությունները, որոնք արտահայտում են  և՛ հակադրություն, և՛ բախում, և՛ պայքար։ Այս ամենը ընթերցողին հնարավորություն է տալիս հասկանալու դրամայի հերոսների հոգեբանությունն ու նրանց փոխհարաբերությունները, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ նրանք գործում են։
 
Պատմական անցյալի վերհանումը և այդ հողի վրա  տեղի ունեցող բոլոր երևույթների ու հակասությունների ճշգրիտ արտացոլումը թույլ են տալիս ասելու, որ «Լևոն Վեցերերդ․Կիլիկիո արքան» իր գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ, չի իջնի բեմերից և հաջողություն կունենա  ժողովրդի լայն շրջանակներում։
 
Արմենուհի ԾԱՏՈՒՐՅԱՆ
Գրականագետ, ԿՀԳՄ անդամ
 
Նկարում` Լևոն Վեցերորդի թագադրումը, ըստ Մխ. Մոս-Մուշեղյանի «Լևոն Վեցերորդ. Կիլիկիո արքան» պիեսի։ Հեղինակ՝ Դավիթ Խաչատրյան