«Նա անսովոր էր իր կեցվածքով, եռանդով և վաստակով»

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԴԻՐԻԺՈՐ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Սեպտեմբերի 8-ին լրացավ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը:
 
Հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, հոբելյանական հանձնաժողովի անդամներ, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և  ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին:
 
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ Օհան Դուրյանի մասին.
 
- Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել Մաեստրոյին, շփվել նրա հետ: Նա իր կյանքում երբևէ չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով  նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում: Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարևորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել Մաեստրոյի հարյուրամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը հատկապես մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են Մաեստրոյի հետ, գիտեն, թե ինչպիսին էր նա իր գործում:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ պանթեոնը մի սրբավայր է, որտեղ ննջում են մեր մեծերը, և այսօր բոլորը հավաքվել են իրենց խոնարհումը բերելու Օհան Դուրյանի՝ մի անհատականության հիշատակի հանդեպ, որի անցած ուղին, ստեղծագործական տաղանդը, արտիստիզմը, քաղաքացիական նկարագիրը և իր միջավայրի հանդեպ պատասխանատվությունը շարունակում են հիացնել և ոգևորել  մինչ օրս։ 
 
- Օհան Դուրյանի մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր, որովհետև անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով և վաստակով։ Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեր շրջանում, այլև միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն Մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասել է մեծ բարձունքների, նվաճել աննախադեպ որակներ։ Նա իր մասնագիտական ազդեցությունն է թողել երիտասարդ սերնդի վրա՝ ներշնչելով ոչ միայն իր խորագույն մասնագիտական գիտելիքներով ու վարպետությամբ, այլև նմանը չունեցող արտիստիզմով կամ, ինչպես ընդունված է ասել, խարիզմատիկ նկարագրով: ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված հոբելյանական հանձնաժողովը խիստ պատասխանատու վերաբերմունք է դրսևորել սիրելի Մաեստրոյի հոբելյանի նշանավորման հանդեպ. համաշխարհային դասական երաժշտության գոհարների կատարում, կենսագրական ֆիլմի պատրաստում՝ նկարահանումների լայն աշխարհագրությամբ, արձանի տեղադրում Ազատության հրապարակում և բազում այլ ծրագրեր»շ,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ բոլոր այս նախաձեռնությունները մեր երախտագիտության, խոնարհումի փաստումներն են և հաստատումն այն իրողության, որ մեծանուն Վարպետի անունը կենդանի ու ներկա է մեր հոգևոր էության մեջ:
 
Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:  
 
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:
 
Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին հրապարակվելու  են արխիվային բացառիկ տեսանյութեր, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:
 
Հայաստանի հանրային ռադիոընկերությունը թվայնացրել է Օհան Դուրյանի ձայնագրությունները, որոնք արդեն հասանելի են լայն հանրությանը:  Շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:
Ֆրանսիայում «Տեսալսողական միջազգային կազմակերպությունը» թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:
 
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած Օհան Դուրյանի քանդակը: