Թուրք դերասանի ձեռքին խաչ է, իսկ դերը՝ «Կոմիտաս»

ՍԱ ԷԼ ՄԻ ՁԱՅՆ Է՝ ԱՌ ԽՈՒԼ ՈՒ ԿՈՒՅՐ ԱՇԽԱՐՀ

Մեր Կոմիտաս վարդապետի կերպարը հուզել է ականավոր շատ ու շատ գրողների, նկարիչների, քանդակագործների, կինոգործիչների, այլ արվեստագետների: Հայ ժողովրդին խորհրդանշող կերպարը թատերական գործիչներին ևս ներշնչել է: Այսօր Երևանի Դրամատիկական թատրոնի խաղացանկի «Մեծ լռություն» զորեղ նեկայացման հերոսներից է Կոմիտասը: Վերջին տարիներին, Պոեզիայի թատրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանի «Անլռելի զանգակատուն» պոետիկ բեմադրությունն էլ մեծ երգահանի կյանքի պատմության մասին է: Գրական-երաժշտական թատերականացված տարբեր երեկոներ էլ կան Կոմիտասին նվիրված, այլ բեմադրություններ ևս:
 
Այն, որ մենք ենք Վարդապետի կերպարը «ապրեցնում», դա տրամաբանական է, բայց երբ թուրք դերասանն է հայ սրբակենցաղ երաժշտապետի կերպարից ներշնչված բեմ բարձրանում՝ դա արդեն հանդուգն քայլ է:
 
Հրանտ Դինք հիմնարկի և Եվրոպական միության աջակցությամբ «Կոմիտաս» մոնոներկայացմամբ օրերս Երևան ժամանած «Յոլջու» թուրքական թատերախումբը և 1929թ. Պոլսում հիմնադրված «Լուսավորիչ» հայկական երգչախումբը (40 անդամ, խմբավար՝ Հակոբ Մամիկոնյան) հայ հանդիսատեսի հետ պատմական հանդիպում ունեցան Նորարար փորձառակկան արվեստի կենտրոնում: 
 
Ներկայացման հիմքում Կոմիտասի հիշողություններն են (սցենարի հեղինակ Ահմեդ Սամի Օզբուդաք), որոնց, ասես, որոնում է երաժիշտը իր մտապատկերի գառան ետևից գնալով: Արդյունքում մեզ է ներկայացվում հովվի ու ոչխարի մի միստիկ ուղևորություն՝ տարածության ու ժամանակի միջով: 
 
Բեմական միջավայրի ձևավորումը (ներկայացման ղեկավար Էրսին Ումութ Գյուլեր) մեր խորհրդանիշների մի յուրօրինակ համակցում է՝ բեմը խաչի պատկերով հողածածկ է, վրան՝ ապակյա մեծ տուփ, որը մեկ փոխակերպվում է աքսորավայրի, մեկ հոգեբուժարանի մահճակալի, որի վրա սարսափից ծվարում է Կոմիտասը, մեկ էլ՝ գերեզմանի: Ապակյա այդ տուփի ներսում կենաց ծառ է:
 
Հանդիսատեսի ու Կոմիտասի դերում ներկայացող դերասանի (Ֆեհմի Քարաասլան) առաջին հանդիպումը դեռ ներկայացման մեկնարկից առաջ է: Նա բեմում է, սև սքեմով, Փ. Թերլեմեզյանի՝ 1913թ-ի Կոմիտասի նկարի նմանությամբ: Արտաքին հնարավոր նմանություն ու երաժշտական կրթություն ունեցող դերասան է ընտրված: 
 
Պատկերացնո՞ւմ եք, կամերային միջավայրում եղերական կարմիրը մեր կյանք բերող ազգի ներկայացուցիչը և դու՝ սրբադասված նահատակների հետնորդդ:
 
Դժվար հանդիպում է. բազմակետերը շատ են… թա´նձր են, ծա´նր են…. 
 
Դերասանը իրապես հոգեբանական ծանր բեռի տակ էր: Նախ և առաջ նա հանդես էր գալիս թատերարվեստի ամենաբարդ ժանրում՝ մեկ դերասանի թատրոնի: Ժանրի առանձնահատկությունների մասին իմ տարբեր հոդվածներում ես նշել եմ, որ սա մասնագիտական փորձություն է, որն անցնող դերասանը կամ հաջողում է, կամ ձախողում, քանզի հանդիսատեսը նրան, ասես, խոշորացույցի ապակուց է դիտում: 
 
Թուրք դերասանի «Հով արեք…» և այլ հայերեն հաջողված կատարումները մոնոներկայացման առանցքային մասն են կազմում, ամբողջացնում կոմպոզիտորի կերպարը: 
 
Դերակատարը տեխնիկապես կարողանում է իր հերոսի գիտակցության մթագնումների տեսարաններում համոզիչ ներկայանալ: Մեկ ձեռքի ափով հարվածում է գլխին, մեկ նվվում ոտքի սուր ցավից, մեկ նվաղում ու կուչ գալիս, մեկ զրնգուն ծիծաղով այս ու այն կողմ նետվում:
 
Դերասանը կարողանում է հետաքրքրել նաև Կոմիտասի հորը կերպավորելու տեսարանում. փայտյա խաչը ձեռքին է, հանդիմանանք կա դեմքին: Մեկ այլ տեսարանում, երբ պետք է ներկայանար որպես փոքրիկ Սողոմոն, դերասանը հայերենով է ներկայանում: Դերակատարը ներկայացման ընթացքում հանդես է գալիս նաև Կոմիտասին շրջապատող կերպարների դերերով՝ ձայնի և բնութագրող իրերի օգնությանը դիմելով:
 
Չնայած Լիոնի ու Փարիզի կոնսերվատորիաներում դերասանի ուսանելուն, թատրոնում և կինոյում հայտնի համբավին՝ նա հեշտությամբ է կորցնում հանդիսատեսի հետ կապը: 
 
Բեմադրիչն էլ իր մասնաբաժինն ունի դրանում, քանզի կարելի էր բեմադրության համար նյութ դարձնել Կոմիտասի հիշողությունների առավել էական ու բնութագրող, ճանաչողական նշանակության դրվագները: Ինչ խոսք, ամենին գումարվում էր նաև ֆրանսերեն չհասկացող, հանդիսատեսի ուշադրությունը կլանող հայերեն ենթագրերը, որոնք էլ իրենց հերթին հոգնեցնող դեր էին ստանձնում:
 
Բեմադրիչի ձեռքբերումներից են երգչախմբի՝ ներկայացման գործողության մեջ ընդգրկվելու տեսարանները: Բացի այն, որ երգչախմբի անդամները ներկայանում են վարագուրված, տեղ-տեղ «երկխոսության» մեջ են մտնում Կոմիտասի հետ: Օրինակ, մեկ ծափահարություններով են ներկայանում, մեկ խառնիխուռն երաժշտական ձայներ հանում՝ վարդապետի սաներին կերպավորելով, մեկ համախմբվում ու կատարում «Տեր ողորմեան»: 
 
Գտնված վճիռ է նաև Կոմիտասի դերակատարի կողմից դեմքով դեպի երգչախումբը շրջված և հմուտ շարժումներով կատարումը վարելը:
Ներկայացման մեջ տեղ-տեղ հաջողվում է նաև բեմի խորհրդանիշ իրերի գործողության մեջ առնելը, կերպավորելը: 
 
Պիեսի հեղինակի կողմից «Թող աշխարհը լսի մեր երգերը», «Ամեն հայ իր երգն ունի», «Իմ հայրենիքն եմ տեղավորել այս ճամպրուկում» մտքերի արծարծումը խոսում է նրա իրականացրած հետազոտության մասին: 
 
Համացանցի շնորհիվ ծանոթանալով «Կոմիտասի» հետագծին՝ տեսնում ենք, որ ներկայացումը բեմադրել են Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցում: Գուցե նաև դա է պատճառը, որ առաջին իսկ պահից մի տեսակ խորհրդավոր զգացողություններով ես համակվում:
 
Թատերախմբի տված թուրքերեն հարցազրույցները, սոց. հարթակներում նրանց հրապարակած լուսանկարները թերթելիս տեսնում ենք խոնարհում ու ակնածանք մեր Վարդապետի հանդեպ, բեմադրությունը ևս ակնհայտ մեծարանքով է ներկայացվում: 
 
Նկատելի է, որ նրանք առերեսվել են իրենց ազգային բարբարոսական պատմության էջերին ու բեմից ներկայացրել հայ մտավորականի ողբերգական վախճանը:
 
Թատերախմբի աշխատանքը ողջունելի է, քանզի նրանք էլ իրենց հերթին են աշխարհին պատմում մեր ու իրենց տարբերության և «մի մարդու մասին, ով չի կարող մահանալ»:
 
Բեմադրիչը ինչ-որ տեղ, կարծում ենք, ի շահ դերասանի չի աշխատել: Օրինակ, նա կարող էր ամբողջությամբ կիրառել իր դերասանի երաժշտական ողջ կարողությունը, զինանոցը: Մինչդեռ գործողությունը զարգանում էր առավելապես խոսքի միջոցով: Իհարկե, կան բացթողումներ, դերասանի մասնագիտական սայթաքումներ, տեխնիկական ու բեմադրական թերություններ: 
 
Այնուհանդերձ, բեմադրությունը ստացված էր, քանզի սա էլ իր հերթին մի ձայն է՝ առ խուլ ու կույր աշխարհ: 
 
Հ.Գ.
Պարոն դերասանն էլ, կարծում ենք, գիտակցում է, որ «Կոմիտաս» խաղալու համար նախ և առաջ հայի սիրտ է պետք, հայի աչքեր, հայի միտք ու հոգի է պետք…
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ