«Մենք կանք․․․»
ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓՈՔՐ ԲԵՄՈՒՄ
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «Մենք կանք․․․» պարային ներկայացման պրեմիերան։ Մեկ գործողությամբ պլաստիկ ներկայացումը ստեղծվել է Global to Local և Bridge to Armenia կազմակերպությունների համագործակցության շրջանակներում։

Նախագիծը նպատակ ունի փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, աջակցել նրանց եվ նրանց ընտանիքներին, ինչպես նաև վեր հանել կրթության մեջ և համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված կարևորագույն խնդիրները։
Ներկայացումից առաջ կցուցադրվի այդ նախագծի շրջանակներում նկարահանված վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Յուրահատուկները»։
Այնուհետև տեղի կունենա քննարկում հանդիսատեսի հետ։
Նախագիծը՝ Իրինա Ալեվերտի, սցենարի հեղինակ՝ Էմմա Մանուկյան, բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի։ Խորեոգրաֆներ՝ Արման Ջուլհակյան, Արա Ասատուրյան, մասնակցությամբ՝ «Նարեկ» պարային համույթի։